դեպի Բաբելոն ուղղողներից շատե՞րն են հարց տվել՝ թէ արդեօք ի՞նչ վիճակ ունէր այդ քաղաքակրթութեան ծաղկման շրջանում Եփրատի և Տիգրիսի ակունքների շրջակայ երկիրը, որ Հայաստան ենք անվանում։ Եվ քչերի համար պարզ կլինի, թէ ինչպէս հէնց այդտեղ միմեանց հետ հիւսվում են ամենահին աշխարհակալութիւնները և այժմեան ամենանոր ձգտումները։ Բաբելոնը, աշխարհիս առաջվայ ամենաբարեբեր երկրներից մէկը, ցանկալի էր նոր ծաղկման հասցնել։ Այդ նպատակին հասնելու պայմանները պէտք է լինին՝ տեղական ամենահին ջրահանման, ոռոգման և ջրանցքային սիստեմի վերականգնելը, եթէ նոյն իսկ արդի տեխնիկան շուտով հին աշխարհում յայտնի եղածին գերազանց է։ Սակայն այնտեղ, ինչպէս արդէն Հերօդօտը ճիշտ նկատել է, գետերի հոսանքների մեծանալը գարնան ժամանակ պայմանավորվում է հայկական լեռների ձիւնի հալչելով. այդ պատճառով անհրաժեշտ է գետերի վերին հոսանքները կանոնավորել։ Այստեղ առաջադրված մեծ խնդիրների իրագործման համար, իբրև սքանչելի նախատիպ, կարող են պէտք գալ այն լեռնային ջրմուղները, ջրանցքները և ջրաբաշխումները, որ հնարել էին հայերից առաջ Հայաստանում բնակվող խալդերը կամ թէ, ինչպէս ասորեստանցիներն անվանում են իրանց քաղաքական հակառաակորդներին — ըստ քաղաքակրթութեան՝ մասամբ իրանց ուսուցիչներին, մասամբ նաև աշակերտներին — Ուրարտացիները, որոնց պետութիւնը ծաղկման ամենաբարձր շրջանումն էր գտնվում 800 տարի Ք․ա․։
Խալդերի թողած հետքերով Հայաստանի մէկ ծայրից մինչև միւսը ճանապարհորդողը ― ինչպէս ինձ վիճակվեց ― առանց որոնելու և կամենալու կտեսնի այն մեծ կապը, որ գոյութիւն ունի ամենահին անցեալի և նորագույն ներկայի մէջ։ Այնտեղ կարիք չկայ, որ ամենահին ժամանակները վերակենդանանան, քանի որ դրանք կենդանի կերպով շարունակվում են և մեր օրերում։ Միջագետքում հին ջրանցքները վաղուց արդէն ծածկվել են ավազով ու տղմով, իսկ խալդերի շինածները դեռ այսօր էլ ծառայում են իրանց սկզբնական նպատակին, այսինքն ոռոգում են բարեբեր դաշտերը և դրանց կենտրոնն ու պատվարը կազմող քաղաքներին խմելու ջուր են մատակարարում։ Քաղաքներն էլ այնպէս ավերակ, քարուքանդ չեն և անապատի ավազով ու տափաստանի խոտերով ծածկված փլատակների բլուրներ չեն ներկայացնում, ինչպէս Միջագետքում, այլ դեռ այսօր էլ կանգուն են մեծ մասամբ այնտեղ,