Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/100

Այս էջը հաստատված է

կերպով ասում է, որ «Արկ ի միտս իւր կաթողիկոսն հայոց Ներսես շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն, որ ի Վաղարշապատ քաղաքին, ի վերայ ճանապարհին յորում ասեն ընդ առաջ եղև Տրդատ սրբոյն Գրիգորի»:

Ուրեմն ժամանակակից պատմագրի «ի Վաղարշապատ քաղաքին» խոսքեն պարզ կհետևի, որ Զվարթնոց եկեղեցին կանգնվեցավ բուն իսկ Վաղարշապատի մեջ և ոչ թե Վաղարշապատից դուրս։ «Մերձ առ սուրբ եկեղեցեացն» խոսքով ակնարկում է Զվարթնոցի եկեղեցիին առաջ շինված մեծ բազիլիքը, որուն սյուներն են մնացել այժմ։

Թովմա Արծրունի 10-րդ դարուն Զվարթնոցի շինության տեղը ճանաչում է Նոր Քաղաք անունով, փոխանակ Վաղարշապատի, և խոսելով Դվինի երկրաշարժի մասին գրում է. «Երանելի հայրապեան տէր Գէորգ……. թողեալ զբնակելն ի Դուինն՝ եկեալ բնակեցաւ ի Նոր Քաղաքին ի մեծ եկեղեցւոջն որ յանուն սրբոյն Գրիգորի շինեալ էր երանելւոյ տեառն Ներսիսի երկրորդի (իմա՛ երորդի) հայոց կաթողիկոսի»: (Ս. Պետերբուրգ, 1887, էջ 231)։

Այս անուններու տարբերությունը ոչ մի շփոթության տեղի չի կարող տալ, երբ նկատի ունենանք, որ դեռ հինգերորդ դարուն, Վաղարշապատ և Նոր Քաղաք միևնույնն էին և այդ ավանդական հին անունն է, որ հասել է մինչև Թովմա Արծրունին։

Այս մասին Ղազար Փարպեցին կարծեք հատկապես շփոթության տեղի չտալու համար միշտ շեշտում է երկու անուններ ու նույնությունը մի քանի անգամներ իր Պատմության ընթացքում, ինչպես օրինակ՝ ս. Մեսրոպի մահվան առիթով խոսելիս ասում է. «Յետ վեց ամսոյ կատարման նորին տարւոյ հանգստեան սրբոյն Սահակայ վախճանեցաւ երանելին Մաշտոց ի Վաղարշապատ քաղաքի, զոր և Նոր Քաղաք անուանեն»։ (Ղազար Փարպ., Տփղիս, 1904, էջ 38։ Տես նաև նույն, էջ 176, 186 և այլն)։

Կասկած չի կարող լինել, որ Ղազար Փարպեցու Նոր Քաղաքը օտար պատմիչներու Կայենոպոլիսն է, ուր հռովմեացիք զորք էին պահում, ինչպես կվկայե նաև այժմ Էջմիածին գտնված հունարեն արձանագրությունը։

Այժմ կարող ենք հարցնել թե բազմադարյան այնքան մեծ անցյալ ունեցող քաղաքի տեղը ներկա Վաղարշապատին տեղին վրա է, թե՞ մի ուրիշ տեղ։

Այս առիթով հնագետներ և պատմագիրներ շատ են խոսել և թեր ու դեմ կարծիքներ հայտնել առանց որոշ եզրակացության հասնելու, և իզուր են փնտրել այժմյան Վաղարշապատի մեջ, երբ և իցե մի հին քաղաք եղած լինելուն ապացույցներ։ Վաղարշապատի մեջ և անմիջական շուրջը միշտ տներ շինվելիս և բազմատեսակ մշակույթի աշխատանքներ կատարելիս, գրեթե բնավ չէ լսված հին քաղաքի մը գոյությունը հաստատող քար, պատ կամ մի շինության բեկոր, բացառությամբ