Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/118

Այս էջը հաստատված է

հատուկ էր մոգերուն և մոգպետներուն, իսկ ժողովրդյան համար անմատչելի, իսկ հավատացյալ ժողովուրդը հեռվից պիտի տեսներ մշտաբորբոք բոցավառումները բոլորված ատրուշանին շուրջը որոշ հեռավորության վրա։ Երևի այս նպատակով է որ թողված է Սուրախանիի մեջ մի ընդարձակ բակ ատրուշանի շուրջը և հեռվից շրջապատված շենքերով, որոնք վանական տպավորություն են թողնում, ունին իրենց մեջ ոչ միայն բազմաթիվ բնակությանց հատուկ սենյակներ, որոնց մտից դռներուն վրա արապերեն և մասնավորապես հնդկերեն արձանագրություններ կան, այլ և ծիսական արարողություններու և կարգերու հարմարեցված բաժանումներ։ Ըստ ավանդության, հին ժամանակ այստեղ նստում էր կրակապաշտից մեծ մոգպետը (ըստ Շարդենի), այլև կատարում էին զոհի արարողություններ, ճգնություններ, ապաշխարություններ և այլ ծիսակատարություններ։

Առանձնապես ուսումնասիրության կարոտ է այս ընդարձակ շենքը իր բոլոր մանրամասնություններով, նախ մատչելի դարձնել ուսումնասերների և բանասերների գտնված արձանագրությանց բովանդակությունը, որոնք թերևս պիտի օգնեն իմանալու թե, ո՞ր մասի մեջ կհավաքվեր ժողովուրդը ծիսական պաշտաման ժամանակ, որ մասն էր զոհարանը և կամ ինչ ձևով կբաժանվեր հավատացյալ ժողովուրդը ատրուշանից, սրբություն սրբոցից ըստ նույն դավանության՝ պղծություններից ազատ պահելու համար։

Որովհետև, ըստ ճանապարհորդական և գրական տեղեկություններու, այս ատրուշանը վերանորոգել են Հնդկաստանից եկող ուխտավորներ վաճառական կամ կրոնական. հետևաբար հավանական էր, որ օգնե Հնդկաստան, հատկապես կրակապաշտական սովորությունները և պարսկական հին լեզուն ուսումնասիրելու համար ճանապարհորդող Անքթելի նկարագրությունները այս մասին և անոր տված բացատրությունները, որովհետև այստեղ ոչ ժողովրդյան մասը (որ անշուշտ շենքերով շրջապատված ընդարձակ բակին մեջ էր), ոչ զոհի սեղանին տեղը և ոչ ուրիշ պաշտաման հատուկ առանձին տեղերը հայտնի են։

Ինձ համար անհնար էր այստեղ Անքթելի հեղինակությունը գտնել, ուստի ես առայժմ պիտի բավականանամ Փ․ Միքայել փաշայի Եղիշեի քննադատության առաջաբանին մեջ առաջ բերած քաղվածքներեն և վկայություններեն. թեև անհամեմատ կարևոր էր և օգտակար կլիներ բուն իսկ հեղինակի գործը կարդալ մանրամասնությամբ։

Ըստ Փորթուքալ Միքայել փաշայի «1754-ին Անքթել Տյուբերոն անուն գաղղիացին ի Հնդիկս երթալով, և ետ բազում դժուարութեանց մտերմանալով Տեոթուր Տարապ անուն մովպետի հետ, ստկի ուժով ձեռք ձգեց սրբազան մատենից զանազան օրինակներ, զորս բերանացի կթարգմաներ նմա Տարապ և նա ի գիր առնույր և բազում դարերե հետո, վերադառնալով ի Գաղղիա կհրատարակեր (1771-ին)»։ (Քննադատություն Եղիշեի Փ. Մ․ փաշայի, էջ 88)։

«Մեհյան մազդեզյանց. Շատ հին ժամանակաց մեջ պարսիկք (այսպես կսկսի Փ․ Մ. փաշա կրակապաշտական ատրուշանների մասին խոսելիս) իրենց ատրուշանները լերանց գագաթան վրա կկանգնեին տերբկոք։ Տակավ առ տակավ կոփածո և մնայուն ատրուշանք սովորական եղան, հետո զնոսա հարկածածուկ շենքերով փակեցին, որպես պատմե մեզ Ստրապոն։ Անցյալ դարուն մեջ Անքթելի տեսածներն ալ ի Կյուճերաթ գմբեթահարկ էին»։

«Մազդեական մեհենը երեք գլխավոր մասունս ունի, միջավայրն ընդարձակ գավիթ մի է՝ ուր կկենան հասարակ հաւատացյալք հանդեսի ատեն, սորա ձախակողմն է կրակատունն (աթաշկահ) և աջ կողմն հաշտից տեղին (իզեշնեխանե)։ Աթաշկահին մեջ է սրբազան կրակի ատրուշանն կամ բագինը և անոր վերաբերյալ սպասքն։ Ատրուշանը երեք ոտնաչափ բարձրությամբ կճյա անոթ մի է՝ մոխրով լցյալ, և հաստատյալ քառակուսի և կես ոտնաչափ թանձրությամբ խարիսխի մը վերա՝ զոր ատոշդ կկոչեն։ Ատրուշանին քովը կգտնվի մովպետին կճյա բազմարանը և հանկյունս կրակատան դարաններ՝ որս կպահեն զփայտ և զծխանելիս։ Աթաշկահը վռամական կրակն ունի՝ եթե մեհյանը անոր նվիրյալն է, և կամ զկրակն ատարան, եթե սովորական կրակատուն է։ Անդ միմիայն քահանայից ներելի է մտնել և այն ալ ետ թողլո ի դուրս զկոշիկս և զկրկնոցս։ Հասարակ ժողովուրդը վանդակյա դռներու կրնկեն միայն կրնա դիտել անոր ներքնակողմը։ Երկու կամ երեք մոգք գիշեր ցերեկ կպահեն զկրակն։ Օրվան յուրաքանչյուր պահուն (կահ) նոր փայտ կհավելուն աղոթս առնելով, ու այդ գործողության ատեն պարտ են զդեմս ծածկել փանդամավ և զձեռս տասդամոք: Իզեշնեխանեին կամ զոհարանին մեջ կըլլան պատարագը և զոհողությունը։ Սա երկայն քառակուսի սալահատակ սրահ մը է, որ փոքրիկ ջրանցյուք կբաժանի ի զանազան մասունս, որք արվիս կհորջորջին։ Որքան արվիս ըլլա իզեշնեխանե՝ այնքան կրակաքուրմք կրնան զատ զատ պատարագ մատուցանել միանգամայն։ Յուրաքանչյուր արվիսո աջակողմն է նստարան մը զոհարար մոգին հատուկ, վիմատաշ սեղան մի՝ արվիս՝ որո վրա կը դնեն զսպասս զոհից և զգործիս, և քարե պատվանդան մը կկրե զԱվանտ՝ այս է սրբվելու ջրո կոնքը։ Ի ձախակողմն, ատրուշան մի փոքրիկ՝ հաշտից սեփականացյալ, որ աթաշկահին կրակը կը ներկայացնե՝ առանց անոր հավասարազոր ըլլալու, և զոհագործության առթիվ միայն կվառի։ Առընթեր սմա՝ զոհարար մոգին և անոր սպասավորին համար մեկ մեկ նստարան, և այլ վեմք՝ որոնց վրա կդրվին պահեստի շերտերն և կնդրուկ։

Աշխարհիկ փարսիները՝ եթե ազատ են ի պղծութենն կրնան մտնել իզեշնեխանե ի ժամ հաշտից։ Եթե գիտությամբ նվիրագործող քահանային պիղծ ոք ներկա կգտնվի, պաշտամունքն ոչինչ կըլլան և հարկ է վերստին սկսանել»։ (Փորթուգալ Միքայել փաշա. Քննադատություն Եղիշեի, էջ 164-166, Վենետիկ, 1903 թիվ

Հնդկաստանում Կյուճերաթի մեջ Անքթելի տեսած կրակատան նկարագրությունը բավական մանրամասն է, և որոշ չափով պատկերանում է մեր առջև անոր ձևը. մասնավորապես կատարված արարողություններու կարգերը լրացնում են տաճարի ձևի մասին նկարագրության պակասները։

Թեև Հնդկաստանի ատրուշաններու չափերի մասին մի տեղեկություն չկա, սակայն, արարողությանց ձևերեն