Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/136

Այս էջը հաստատված է

մեկը գյուղի հյուսիսային ծայրը՝ գերեզմանատան մեջ խարտյալ քարերով շինված, հետո նորոգված ս. Գևորգ անունով։ Մյուս եկեղեցին նոր է գյուղամիջին։ Այս գյուղից քառորդ ժամ դեպի հյուսիս մի մենաստան ևս կա ս. Աստվածածին Նեղուսի անունով, եկեղեցին նման է Աստվածընկալին՝ գմբեթով և գավթով։ Դռան վրայի արձանագրությունը 1271 թվականի է։

20. ԱՐԹԻԿ

Արթիկ նշանավոր հայ գյուղ է Շիրակ գավառի մեջ Արագած լեռան արևմտյան փեշերին վրա։ Գյուղի մեջ կա երկու հնագույն եկեղեցի, որոնց մեկը ոչ միայն նշանավոր է իր մեծությամբ, այլև նշանավոր է իր հնությամբ, որ անվրեպ կպատկանի 7-րդ դարուն․ այս եկեղեցվո մոտիկ, արևելյան հյուսիսային կողմը, կա մի ուրիշ եկեղեցի փոքր տարածությամբ, սակայն կպատկանի 5-րդ դարուն։ Թեև վրան թվական չունի շինության, այնուամենայնիվ նրա հատակագծային ձևը անվրեպ կերպով ցույց կուտա որ 5-րդ դարուց հետո չէ։

Այս մեծ եկեղեցիին հարավային կողմը մի կամ մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա 7-րդ դարու ս․ Ստեփաննոսի Լմպատավանք եկեղեցին է։

21. ԱՐՄԱՎԻՐ

Ի հնումն անվանի մայրաքաղաք Հայաստանի։ Հոկտեմբերյան շրջանին մեջ բարձրացած բյուրի վրա կա հին ամրոցը, որի շուրջը տարածված էր քաղաքը։ Այս բերդը և քաղաքը շատ հին դարերու մեջ գոյություն ունեցեր է իբրև ուրարտական բերդ և ավելի հին նախաուրարտական, որոնց ապացույցներ դուրս են գալիս պեղումներով կամ խուզարկություններով։ Այնտեղեն գտնված են բևեռագիր արձանագրություններ, հունարեն արձանագրություններ և այլ անծանոթ լեզվով նշանագրեր. ըստ Մ. Խորենացու Արմավիրի մեջ կար նաև արեգական և լուսնի պաշտման մեհյան։

22. ԱՐՈԻՃ (Թալիշ)

Այրարատի Արագածոտն գավառի մեջ կգտնվի Թալիշ գյուղը, որուն նախնական անունն է Արուճ։

Այս Արուճ գյուղն ունի պատմական մեծ անցյալ, նույնիսկ նախաքրիստոնեական դարերում, որովհետև շրջանում շատ են տեսնվում հին ամրոցների և այլ շինությունների մնացորդներ, չափազանց հետաքրքրական կլինի այդ շրջանի հնագիտական հետախուզությունը,