Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/141

Այս էջը հաստատված է

կողմը գրեթե երկու կիլոմետր հեռավորության վրա Արտավասիկ տեղին վրա մի փոքր եկեղեցի, կիսափուլ, որու քարերի վրա քարտաշ վարպետների նշաններից երևում են, որ շենքը անվրեպ 7-րդ դարուն կպատկանի: Իսկ այս փոքր եկեղեցիի հանդեպ, արևելյան կողմին վրա կա մի մեծ հուշարձան խաչքարերով և զարդարուն շրջանակներով, որը ըստ երևույթին, 12-13-րդ դարու գործ է և անկախ է իր դիմաց եղող 7-րդ դարու մատուռից:

28. ԲՈՒԺԱԿԱՆ

Արայի լեռան արևելյան ստորոտներին մոտ կգտնվի Բուժական գյուղը Ապարանի շրջանում։ Այս գյուղից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս, լերանց ձորերուն մեջ կան անծանոթ մենաստանի մը ավերակները։ Մնացորդներից երևում է, որ եկեղեցին հոյակապ և սյունազարդ է եղած, և հատ ու կտոր արձանագրություններից երևում է, որ Վաչուտյանների ձեռակերտն է, նույն իսկ Մեծ Քուրդի կամ նրա կնոջ հոր, ինչպես գրված է տաճարի հյուսիսային կողմի պատին ներսի կողմը 1211 թվականի արձանագրության մեջ։

29. ԲՋՆԻ

Ախտայի շրջանում, Հրազդանի աջ ափին հին գյուղ է Բջնին, որի մեջ համարյա թե կանգուն է հնագույն մի բերդ, բարձր քարաբլուրի մը վրա։ Արևելքից և հարավից իսպառ անմատչելի է, ուրիշ կողմանե փոքր ինչ մատչելի բարձր պարիսպներով և աշտարակներով ամրացած է բերդը։ Գագաթին վրա ցրված են շինվածոց բեկորներ, որոնց երկուքը կոփածո քարերով եկեղեցիներ լինել կթվին։ 10-րդ դարուն բազմամարդ քաղաք եղավ այս տեղը Պահլավունիներու տիրապետության օրով։ Այստեղ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին շինեց մի եկեղեցի ս. Աստվածածին անունով, որ ներկայիս կանգուն է` անսյուն գմբեթավորված։ Հարավային կողմը դռան վրա արձանագրություն կա 1031 թվականի։ Բացի այս արձանագրություններեն կան նաև ուրիշ շատ արձանագրություններ, որոնք կհասնին մինչև 1358 թվական:


30. ԳԱՅԱՆԵ

Հիմնարկության թվականը 630. Եզր կաթողիկոսի ձեռքով։ Նախքան Եզրի հիմնարկությունը այնտեղ գոյություն ունեցող նախկին խրթին մթին շենքի մասին։

Եկեղեցուց դուրս քահանայից բնակարան շինելու մասին։

1652 թվականին Փիլիպոս կաթողիկոսի վերաշինությունը և ավերյալ վիճակի նկարագրությունը։ 1188 թվականին Եղիազար կաթ. կշինե արևմտյան գավիթը։

31. ԳԱՌՆԻ

Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա անվանի հին բերդաքաղաք։ Գյուղի հարավ-արևմտյան կողմը Ազատ գետի ափունքին բարձրաբերձ ժայռերի վրա տակավին չէ կորած Տրդատ թագավորի շինած