Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/144

Այս էջը հաստատված է

բարձրաքանդակ պատկերներով քառակուսի կոթողաձև գերեզմանաքարեր, որոնց մեկ քանին պրոֆ. Ն. Մառը փոխադրեց Անիի թանգարանը։

Եկեղեցու արևելյան կողմը 15-20 քայլի վրա կա նաև մի փոքր շինություն, թերևս եկեղեցուն ծառայող մի շենք է։

41. ԵՐՎԱՆԴԱՇԱՏ

Պատմության մեջ միայն գոյություն ունի Երվանդաշատ քաղաքի անունը․ նախապես գոյություն ունեցել է Արաքսի ափին Ախուրյանի խառնուրդին մոտը։ Այսօր այդ անվանի քաղաքին տեղը բռնել է Բախչալար (Հաջի Բայրամ) գյուղը։ Առաջին դարու մեջ Երվանդ անունով Հայաստանի գահին ձգտող մի մարդ, հիմնեց Երվանդաշատ քաղաքը և իր անձնական ապահովության համար շինեց քաղաքի թիկունքին բարձր լեռնանման բյուրի վրա մի ամուր բերդ, որուն ավերակները մինչև այժմ գոյություն ունեն և զարմանք է պատճառում այցելուին ոչ միայն դիրքի ամրության համար, այլև բերդապարսպի մեջ բազմաթիվ բնակության բաժանումներին համար, որ կնշանակե, թե Երվանդն իր ապահովության համար ինչքան համակիրներ հավաքել էր այդ ընդարձակ բերդին մեջ։

Բերդապարիսպները նախաքրիստոնեական ձևով անշաղախ վիթխարի որձաքարերով շինված էր, սակայն մի առավելություն ևս ուներ, որ բոլոր քարերը միմյանց կապված էին երկաթով։ Եթե դժվար է վերև բարձրանալ և բերդը անձամբ տեսնել, Հաջի Բայրամ գյուղացիների բերդից ցած գլորած քարերի վրա կարելի է պարզ տեսնել երկաթի կապերի նշանները։ Այս բերդի մասին էր, որ Խորենացին կատարյալ հափշտակությամբ գրում էր, թե Երվանդը ինչքան ծախքեր էր արած այս բերդի շինության համար. ինչքան հնարավոր միջոցներ ձեռք էր առած, որպեսզի թշնամու ձեռքը չընկնի այս բերդը։ Երկաթե սանդուխքներ է շինել տվել և այլն և այլն, այս մասին հետաքրքրվողը թող կարդա Խորենացու առաջին գրքի ԼԸ գլուխը։

Պետք է ասել, որ հին քաղաքից մի քանի նմուշներ մնացել են ստորոտում, որոնք ամուր որձաքարով շինված են, վիթխարի քարերից դռան բարավորներ կան բնակարանների մուտքի համար, միայն թե այլևս վրաները ծածկույթ չունեն, այս նախնական բնակարանները կարելի է տեսնել Ախուրյան գետի ձախ եզերքին, գյուղից բավականին բարձր, որովհետև գետամոտ տեղեր այժմ գրավված է Բախչալարի բնակչության կողմից։

42. ԶԱՐՆՃԱ

Թալինի մոտերքը, Արագածի լանջերուն վրա մի գյուղ է Զարնճան։ Այս գյուղի մեջ կա մի փոքր, բայց շատ վայելչաշեն եկեղեցի հավանորեն 11-12-րդ դարերու գործ։ Գյուղացիք նորոգելով շիներ են գյուղական եկեղեցի։

43. ԶՈՎՈԻՆԻ

Ապարանի շրջանի գյուղերից մեկն է (հին Մոլլա Ղասում)։ Գյուղի մեջ կա մի եկեղեցի 5-րդ դարու, ինչ որ մի Գնթունի իշխանի շինած. արևելյան կողմի խորանը քառակուսի է, հակառակ սովորական անկյունավոր կամ կիսաբոլորի։ Նշաններ կան որ ուեեցեր է սյունասրահ։

Այս եկեղեցվո մոտերեն գտնված են կղմինդրներ նորոգության ժամանակ, որոնք ապացուցում են, որ մի ժամանակ կղմինդրներով ծածկված է եղեր ինչպես Զվարթնոց, Մրեն, Բագարան, Տեկոր և այլն և այլն։

Այս եկեղեցվո արևելյան կողմը քառորդ կիլոմետրի վրա կա ավելի մեծ մի եկեղեցու ավերակ, թեև հողին հավասարված, այնուամենայնիվ ձևը հայտնի է, որ եղեր է Թալինի մեծ Կաթողիկեի նման խաչաձև հատակագծով, շուրջը թափված քանդակազարդ խոյակներ, և ուրիշ բեկորներ զինքը կտանին մինչև 5-րդ դար։

Այս գյուղի շրջանում շատ կան զանազան տեղերու վրա քառակող կոթողաձև պատվանդանավոր գերեզմանաքարեր, իսկ մի ժայռի մեջ փորված կա մի տապան կամ գերեզման, որուն վրա կափարիչ չկա։[1]

  1. Այդ կափարիչը գտնված և բերված է Պետ․ Պատմ. Թանգարան և պատկանում է Դավիթ Գնթունուն։