Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/149

Այս էջը հաստատված է

մոտիկ կա մի ուրիշ հետաքրքրական մնացորդ։ Ուրարտական շրջանի ոճով հսկա անտաշ սև քարերով շինված մի շենքի մնացորդ կա երկար քառակուսի և բավական ընդարձակ, մեջտեղից երկու մասի բաժանված։ Քրիստոնեական շրջանին այս շենքը եկեղեցիի վերածեր են՝ երկու բաժանումներու արևելյան ծայրին սրբատաշ հրաբխային քարերով խորաններ շինելով։

Այս եկեղեցու մոտերը կա մի տնկած սև քար, հավանորեն հեթանոսական շրջանի morolith է։

52. ԿԱՐԲԻ

Հովհաննավանքեն երկու կամ երեք կիլոմետր դեպի հարավ-արևմուտք կգտնվի Կարբին։ Ըստ պատմական տեղեկություններու բազմաթիվ շինություններ եղել են այս գյուղում, սակայն այժմ միայն հետքեր են մնացել, կա միայն մի հին եկեղեցի, որուն վրա հետաքրքրական է արևելյան կողմեն շինված զանգակատունը։

53. ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ
(Ղոշավանք Ախուրյանի ձախ ափին)

Հոռոմոսի վանքին մոտ, Ախուրյանի ձախ ափին, Կարմիր վանք գյուղի մեջ կա մի եկեղեցի գեղեցիկ շինվածքով և խիստ անաղարտ պահված։ Շինված է 985 թվականին, շինողի անունը եղծված է արձանագրության փչացած մասեր ունենալու պատճառով։ Բայց շինող ճարտարապետի անունը որոշ կարդացվում է, որ եղել է Սամեճան ճարտարապետ աբեղա:

54. ԿԱՐՍ

Կարսի բերդը գոյություն ունեցած է 4-րդ դարեն առաջ։ Քաղաքին հին անունը ըստ Ստրաբոնի և Պտղոմեոսի Խորզինի է, ուրկեց առաջ եկած ըլլալ կկարծվի Կարս կամ Ղարս անունը (դռներեն մեկուն վրա կա հայերեն գրված «Դուռն Անվո»)։

Կարսի պարիսպները Զաքարեի օրով նորոգված են մասամբ։ Թ. դարու կեսին Աշոտ Բագրատունի կնորոգե Կարսը. Սմբատի թագավորության ժամանակ Աբաս սպարապետ անունով մեկը եղբայր Աշոտի, վարեց Կարսի իշխանությունը, Սմբատի օրով ալ մեռավ 902 թվականին։

Սմբատ Ա-ի մահվանեն հետո, անոր երկրորդ որդին Աբաս գահը ժառանգեց իբր օրինավոր թագավոր։ Այս Աբասը 930 թվականին հիմնարկեց Առաքելոց եկեղեցին, որը կնկարագրե Ասողիկ. «Շինեալ թագաւորին զկաթողիկէ սուրբ ի քաղաքին Կարուց» և վերջացրեց 942 թվականին։

55. ԿԱՓԸԼԻ

Լենինականի հարավային կողմը 12-15 կիլոմետր հեռավորության վրա հայաբնակ գյուղ է Արթիկի շրջանում։ Գյուղին մեջ կա հին հեթանոսական շրջանի անտաշ քարերով ամրոցի մը մնացորդ, որուն վրա հետագա 13-14-րդ դարերուն շինել են մի նոր բերդ։

Գյուղից մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա կա նաև մի ուրիշ ուրարտական ամրոց, այս երկու ամրոցներուն մեջտեղ տարածված է հեթանոսական շրջանի մի փոքր քաղաքի ավերակը։ Բազմաթիվ քարե