Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/153

Այս էջը հաստատված է

Մակարավանք անվանված 10-րդ դարում շինված գեղեցիկ եկեղեցին վրան արձանագրություններով և փլած մի գավթով (նկ․ 107)։

Շինության արձանագրությունը կա, բայց թվականի մասը կորած է։

Այս գյուղի եզերքին կա մի հին գերեզմանատուն, որուն մեջ կան շատ հին արձանագրություններով տապանաքարեր։ Այս գերեզմանատունը ի հնումն եղեր է նաև հեթանոսական գերեզմանատուն, որովհետև բազմաթիվ գերեզմաններ կան բնական ժայռի վրա փորված անկանոն ուղղություններով, որոնք վրաները կափարիչ չեն ունեցեր և կամ կափարիչները կորսվեր են։

66. ՄԱՆԿԱՆՈՑ

Օշականի հյուսիս-արևմտյան կողմը գյուղի սահմանին Շաղվերտ գետի ափին մի ավերակ է Մանկանոց անունով․ ավերակների մեջ կա մի եկեղեցի ս. Սիոն անունով, որուն վրա արձանագրություն կա 1200 թթ․ (Տե՛ս Օշական)։

67. ՄԱՃԻՏԼՈՒ
(Այժմ Նոր Կյանք)

Լենինականից հարավ-արևելք 10-12 կիլոմետրի վրա մի գյուղ է, որի մեջ կա մի 7-րդ դարու եկեղեցի։ Այս եկեղեցու պատերուն վրա կան բազմաթիվ արձանագրություններ, որոնք հասնում են մինչև 10-րդ դար, զանազան նվիրատվությունների և հարկաբաշխման վերաբերող։

68. ՄԱՍՏԱՐԱ

Գյուղ Արագածի արևմտյան լանջին 3-4 կիլոմետր հեռու Շենիկ գյուղեն։

Հին հիշատակներով հարուստ գյուղերեն մեկն է Մաստարան։ Թե գյուղի եզերքները և թե անմիջական շրջակայքը կան մատուռներու, եկեղեցիներու, խաչարձաններու, բնակարաններու մնացորդներ։

Այս հիշատակարաններուն մեջ ամենեն ուշագրավն է գյուղի միջի եկեղեցին, որ անվիճելիորեն 7-րդ դարուն կանգնված է։ Խաչաձև հատակագիծ ունի։ Ներքուստ և արտաքուստ արձանագրություններ կան, սկսած 7-րդ դարուց մինչև 13-14-րդ դարերը։ Եկեղեցին պարբերաբար նորոգել են գյուղացիք՝ իբր գյուղական եկեղեցի, սակայն տգիտաբար հաճախ աղճատել են հիշատակարանները, ոչնչացնելով շատ կարևոր մասեր։ Այս գյուղում շատ կան ուսումնասիրելի մնացորդներ։

69. ՄԱՐՄԱՇԵՆ (Ղանլիճա)

Ալեքսանդրոպոլից 7 կիլոմետր հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք Ախուրյան գետի ձորի մեջ կան երեք եկեղեցիներ, որոնց մեծագույնն այժմ էլ կանգուն է և ծառայում է իբր գյուղական եկեղեցի։ Շինողն է իշխանաց իշխան Վահրամ Պահլավունին։ Շինությունն սկսվել է 986 թվին և վերջացել է 994-ին։ Արտաքուստ շքեղ քանդակազարդ է, որմասյուներով զարդարված, ներքուստ պարզ կամարակապ։

Վահրամ իշխանի եկեղեցու հյուսիսային կողմը 3 մետր հեռավորության վրա կա մի ուրիշ եկեղեցի, քիչ փոքր, քան նախկինը։ Հավանորեն ավելի հին, բայց դարձյալ 10-րդ դարու գործ, փլած է արևմտյան պատը և վրայի գմբեթը։ Շինողն անհայտ է։

Հարավային կողմը Վահրամաշենից 8-10 մետր հեռավորության վրա կա մի փոքր մատուռ, շինողն անհայտ է․ հավանորեն 13-14-րդ դարու գործ, ներսը անաղարտ է. գմբեթը կանգուն, քանդքանդած են արտաքին երեսի քարերը։

Այս երեք եկեղեցիները շրջապատված են եղած ընդարձակ պարիսպով և պարիսպի մեջ մեծ ու փոքր բնակարաններով, որոնց հիմքերը երևում են այժմ․ արևմտյան կսղմեն պարիսպը մասամբ մնում է խոշոր սրբատաշ քարերով։

Պարիսպին կից, հյուսիս-արևմտյան կողմը, փոքր ձորակի բերնին երևում են բոլորակ մի շինության հիմքերը, հարկավոր է պեղել ինչ լինելը հասկանալու համար։

Եկեղեցիների հյուսիսային կողմը կես կիլոմետր հեռավորության վրա կա մի բարձր բլուր․ բլուրի գագաթին վրա կա մի փոքր եկեղեցու մնացորդ սրբատաշ քարերով։ Շինվածքի ոճը ցույց է տալիս, որ 7-րդ դարու գործ է։ Արձանագրությունը կորած է. հյուսիսային պատը միայն մնում է գմբեթի մասով։