Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/165

Այս էջը հաստատված է

pilastre-ներ ունենալու, մանավանդ որ մի բան նկատելի է, որ ինչպես մյուս անկյունները, նույնպես ալ այս անկյունի մնացած խարիսխները իրենց մուլյուրներու վերջավորության ընդհատումը և քովերնին դեպի դուրս, արևելյան կողմի համար դրվելիք մի այլ սյունախարիսխի նշանները ցույց կուտան, որ այժմյանները կվերաբերին հյուսիսի և հարավի պատերու շարունակության վրա։ Հիրավի, թեև այս խարիսխներուն վրա կան բավական սյունանման մուլյուրներ բարձրացած մինչև պսակը, սակայն սա ըստ ինքյան իր բնորոշ հատկությամբ, նույնիսկ 7-րդ դարեն հետո ծնած մի ճաշակի արդյունք է, հետևաբար 7-րդ դարեն ալ հետո եղած նորոգության մը հետևանք, 10-րդ դարուն հաճախ կրկնված է այս ձևը, եկեղեցիներու բոլոր անկյուններուն վրա ավելի կանոնավորված և կատարելագործված ձևերով, իսկ 7-րդ դարեն սկսյալ դեպի հիները ոչ մեկուն վրա գոյություն չունին։

Թե երբ է դուրս հանված աբսիդը իսկական ժամանակ կամ թվական չէ կարելի որոշել, եթե նայելու և դատելու ըլլայինք ան որ ճակատը շարված քարերեն և մասնավորապես ցոկոլի և ցոկոլից վեր եղած պատուհանին տակ, բովանդակ աբսիդին երկարությամբ միայն և աբսիդին բեկումներով միասին բեկբեկված պսակներու ոճեն պետք էր հետևցնեինք, որ այդ փոփոխությունը եղած են նույնիսկ 13 կամ 14-րդ դարերուն մեջ։

Բայց որովհետև աբսիդեն դեպի արևելք բացվող լայն պատուհանը գոյություն ունի դեռ իր լայնարձակ բացվածքով, ինչպես տաճարի մյուս նախնական պատուհանները, նաև անոր մեջ կա, միաժամանակ, հավանորեն Բագրատունի շրջանին մեջ անցված դեղնագույն քարեր՝ (պետք է գիտնալ, որ հին շենքը շինված էր վարդագույնի մոտ քարով) պատուհանները նեղցնելու համար և վրան քանդակված Բագրատունի շրջանի մանվածո պսակով, այն ատեն կտեսնինք, որ այս աբսիդը դուրս հանելու գործողությունը կատարված է նախքան 9-10-րդ դարերը, ցածի մուլյուրները և այժմյան երեսին վրա գտնված քարերը թերևս շինված են 12-15-րդ դարերու շրջանին մեջ։ Պիլաստրի նման աբսիդի բեկուն անկյուններին հյուսիսային կողմեն վերեն վար սյունանման դուրս ցցվող մասերը, երբ հասեր են պատուհանի պսակին, պարտավորյալ կերպով քարը տաշված է պսակի լայնությամբ, տեղ տալու համար պսակի դեպի դուրս ցցված ավելի բարձր մասին։

Պատուհանի պսակի ձևը և քանդակները մեկ նայվածքով ցույց կուտան թե նման են դռների և այլ կողմերի մուլյուրների արվեստագործության, սակայն մանրակրկիտ քննությամբ կարելի է շուտով եզրակացնել, որ դա ավելի անհաջող նմանություն է, քան մի ժամանակ և միևնույն վարպետի հսկողության տակ շինված, տաշված քանդակներ։ Ոչ իրենց չափով կհամեմատեն դռներու եզերքը եղած նմանօրինակ քանդակներուն և ոչ ալ իրենց մանրամասնությանց մեջ ունին այն հաջող նրբությունները ներկայացնելու համար իսկական