իր նախատիպերը երեք դռներու կամարներու վրա։ Ասկեց կհետևի, որ այս աբսիդի հավելվածի գործողությունը կատարված է այն ժամանակ, երբ դեռ 5-րդ դարու ոճը նոր էր մոտեցած իր անկման շրջանին և չէր ծնած դեռ 7-րդ դարի նոր վերածնված արվեստները։ Այդ պատճառով ալ, թե՛ նմանություն պահպանելու նպատակով և թե՛ ուրիշ նոր ոճերու բացակայության պատճառով համբակ վարպետը հազիվ կարողացած է մոտավոր նմանությունը իրագործել ուրիշ կողմի կամարներու վրա գտնված քանդակներուն։
Բացի այս քանդակեն, աբսիդին կողմնակի պատերուն հետ միացումը բոլորովին օտարոտի կերպով եղած է, այն հստակ ուղղությունը բնականորեն կորցուցեր է ինչ որ պիտի ունենար նոր շինված ատեն, նաև ավելի բարձր է հանված քան կողմնակի պատերը, և վրան դրած պսակը ևս անհաջող և անհամաչափ նմանություն է միայն մյուս կողմերու պսակներուն։ Ավելի անվրեպ նշան կգտնվի կտուրին վրա, երբ վերջացեր է աբսիդի elévetton-ը, կոնաձև ծածկով մը ծածկեր են վրան, որուն ծայրը հասեր է արդեն արևելյան ճակատի երկայնության վրա նախապես գոյություն ունեցող ֆրոնտոնի պսակին տակը, ուր այսօրվան փլուզումներեն հայտնի կտեսնվին, որ նախապես սրբատաշ քարերով շինված ճակատին է կպցված ամբողջ ծածկը։
Ինչպես կերևի ամենեն շատ խնամքը դարե ի դար տարված է այս [արևելյան] կողմին վրա, թե ամենեն ավելի ամուր դիրքով մնացած մասն է, և թե շատ բազմատեսակ նորոգությանց և գույնզգույն քարերու այլազանություն մը կներկայացնե այս կողմը։
Արևելյան ճակատին վրա բացի աբսիդին միջին պատուհանեն ուրիշ որևէ զարդ չկա. միայն կան չորս փոքրիկ պատահաններ կողմնակի սենյակներուն մեջեն, որոնք ի ներքուստ շինված են վրայե վրա երկու կողմեն ալ:
Հյուսիսային ճակատը կներկայանա ամենաճոխ կողմը։ Այս կողմեն ունի երկու անհավասար մեծությամբ դռներ պայտաձև կամարներով, որոնք զույգ սյուներու վրա են նստած և այս վերջիններս ալ նստած են բարձր աստիճանի վրա։
Հինգ հատ զարդաքանդակ սյուներ՝ հռոմեական կլոր սյաներու համաչափությամբ, բոլորովին ինքնուրույն ոճի խոյակներով և խարիսխներով կզարդարեն ճակատը, այս սյուներեն երկուսը կգտնվին երկու դռների մեջտեղ, և երկու սյուներուն մեջ կա մի լայն պատուհան, որը փակված է Բագրատունի շրջանի նորոգության ժամանակ, իսկ մյուս երեք սյուներեն երկուքը նույն ճակատի դեպի արևմտյան կողմը, իսկ մյուսը՝ արևելյան կողմի դռան սյուներուն մոտ։ Այս սյուներուն մոտ ալ կան ժամանակակից ոճով լայն պատուհաններ խցված միաժամանակ Բագրատունի նորոգությանց ժամանակ կամ մի քիչ ավելի շուտ։
Այս կողմեն լիովին նկատելի է շուրջը պատող սյունազարդ սրահին անվրեպ ապացույցները։ Արևելյան կողմի սենյակեն դուրս ելած մասը, որուն ճակատը արևմտյան կողմեն կամարակապ է և կձևացնե կիսաբոլորակ աբսիդ մը, որպես խորան ոչ միայն ունի յուր առանձին կամարներու հանգստյան խոյակները, այլ անկեց դուրս մի քիչ ցածր, ուղիղ հյուսիսային պատին անկյան վրա ունի մի խոյակ՝ կլոր սյան, որը հանգիստն էր սյունաշարի վերջին աղեղին։ Նույն ուղղությամբ հատակին վրա կմնա տակավին նույն սյունաշարերու հիմը, ոչ միայն այս կողմեն, այլև ամեն կողմեն, իսկ այս սյունասրահը ծածկող կամարին միակ ապացույց հետքը մնացած է միջին երկու սյուներու գլխուն վրա կորաքանդակ նույն երկու սյուներուն մեջտեղ գտնված պատուհանի պսակին երկու կողմին վրա, որոնք կամա թե ակամա չեն վերցված, և կարծես այն պատճառով, որ այդ քարերուն ծայրերը շատ խոր կերպով մտած էին սյաներու խոյակներու ետևը, որոնք հանել առանց խոյակներուն վնասելու շատ դժվար էր, ուստի հարմար էր սեպեր հետնագույն պսակը ընդհատել այն տեղերը ուր պատահեր է այս կամարամասը և ուրիշ խոյակներ։
Այս սյունասրահի գործածությունը կամ գոյությունը այստեղ շատ երկար չէ տևած, այսօրվան շինության վրա գտնված նշաններեն կերևի, որ դեռ նախքան Բագրատունի շրջանի մեծ նորոգությունը արդեն քանդվեր և վերցուցեր են բոլորովին, և կամարի հանգստին վրա սյունախոյակներու բարձրությամբ նորագույն կերպով դրեր են պսակ մը, որ կարծյոք նույնիսկ այնքան ալ հատուկ չէ նույն դարու ոճին, հետևցնելով ավելի հնագույններու ձևերեն և համաչափություններեն, որպիսիքն են դռների քանդակազարդ շրջանակները և արտաքին աբսիդը պսակող կամարի moulure-ները։ Բնականորեն նորից պահանջում է այս պսակին զետեղումը միջին մասին վրա հակառակ հայ ճարտարապետության մեջ ընդունված սովորության, որովհետև ի սկզբան պատերը անհամեմատ թանձր են շինված մինչև սյունասրահ կամարներու բարձրության հասնելը (17-20 սմ.)։
Արդ, երբ սյունասրահ կամարները քանդվեր են, բնականաբար վերևի մասի ավելի բարակ շինված պատի և ներքևի թանձր մասի տարբերությունը բաց պիտի մնար, ուստի հարկ էր մի կերպ ծածկել և հարմար միջոցներ մի ժամանակակից ոճի նմանությամբ պսակ մը քաշելը, այդպես ալ եղած է, ուր որ անարգել շարունակել կարելի եղած է, շարունակած են ուղիղ հորիզոնական ձևով և միայն ընդհատված սյանց խոյակներուն առջև, իսկ երբ հանդիպեր է անհամեմատ բարձր և լայն պատուհաններուն նույն տեղերը պարտավորվեր են նույն մուլյուրներով պսակել կամարաձև պատուհաններով կատարները, հետնագույն պսակներու քարերը կարճվել են, որոնք չեն մտած խոր պատին մեջ։ Ահա այս պատուհաններու պսակներուն վրա ալ բնորոշ կերպով կերևին շեշտված պայտաձև կամարներու աստիճանաբար մեղմացումը, մասնավորապես արևմտյան կողմի աբսիդին մոտ գտնվող պատուհանին պսակը բոլորովին կիսաբոլոր է, իսկ մյուսներուն վրա, համեմատելով հիներուն, շատ քիչ շեշտված է պայտաձևը և կմոտենա այնպիսի համաչափության մը, որ հետնագույն դարերու մեջ գործածված է։
Թեև չեմ ուզեր հաշտվել արևմտյան կողմի աբսիդին միաժամանակ (ոչ ետևի սենյակներուն) շինված ըլլալուն, սակայն շատ ուժեղ փաստ ալ չգտա հետնագույն շինություն ըլլալուն, բայց ինչ որ ալ ըլլա, եթե հավելված իսկ է, ավելի հին է քան սյունասրահներու