Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/168

Այս էջը հաստատված է

վերացումը, որովհետև թե մնացած խորակները նույն արվեստագործության դրոշմը կկրեն ինչ որ են մյուս հին հարազատ խոյակները և թե այնպիսի համաչափ բարձրության մը վրա դրված են աբսիդին, [թե՛ խոյակները և թե՛ կամարը], որ սյունասրահին սյունաշարերու աղեղները կապելեն հետո դեպի պատը ձգվող կամարը համաչափորեն կբոլորվեր աբսիդի կամարին վրայեն և ըստ երևույթին աբսիդը պսակող մուլյուրն է միակը, որ մնացեր է ավելի հին օրինակը և ուղիղ նստած սյանց խոյակներուն վրա, մինչդեռ մեծ ճակատին վրա քաշածը դրվեր է ավելի ցած, որուն պատճառով, մտեր է մասամբ աբսիդի անկյունների խոյակներուն հավասարությամբ դրված մեծ ճակատի colonne engagée-ներու խցակած ետևը։

Իմ կարծիքով այս փոփոխությունը կամ նորոգությունները կկազմեն տաճարի գլխավոր նորոգությանց առաջին շրջանը, որուն մեջ կմտնե սյունասրահներու վերացումը և ներքին խորանի աբսիդի դուրս շեշտվելը։

Բնականաբար հայտնի չէ տեսքով թե ինչ ձև ունեին սյունասրահներու սյուները և խոյակները թեև քանակով հայտնի է, որ պիտի լինեին այնչափ, որչափ որմասյուներ։ Այս նախնական կամ սկզբնական շրջանին նորոգությունը պահված է մինչև պատուհաններու կիսաբոլորակ պսակները։

Երկրորդ շրջան, որ բավական մեծ փոփոխության և այլաձևության ենթարկվեր է, ամենահավանական ժամանակն է Բագրատունյաց շրջանը և սկսեր է պսակած պատուհաններեն վեր մինչև կատարները, գմբեթն ալ միասին, նմանապես ներսի կողմեն ալ բավականաչափ փոփոխություններ են եղել։ Սրա մասին ներքին նկարագրության ժամանակ կտեսնենք։

Այս երկրորդ նորոգությունն եղած է սպիտակի մոտեցող դեղնագույն քարով, և վրան դրած քանդակներ զուտ Բագրատունի շրջանի մանածոներ են, ինչպես կան ֆրոնտոններու մեջ եղած զույգ պատուհաններու վրա իբրև պսակ։

Այս նորոգության մեջ եղած գլխավոր փոփոխություններ են՝ կիսեն վեր ամբողջ շինության ճակատի քարերի վերստին նորոգվիլը առանց հինեն քար մը թողելու։ Նախապես գոյություն ունեցող լայն ու լուսավոր պատուհաններուն կարճացվելն ու նեղացվելը ֆրոնտոններու տակ, իսկ ստորին մասի պատուհաններուն բոլորովին փոխվելը։

Միևնույն ատեն փակված են նաև միջին ֆրոնտոններու կողմնակի ճակատներեն դեպի տաճարը նայող պատուհանները. ֆրոնտոններեն երկու կողմեն թեքված տանիքներու վրա ջրի հոսանքը ավելի ուժեղացնելու համար, նախկին ցածին վրայեն կրկներ են այլ տանիքներ ցածի եզերքներեն հինին հավասար սկսելով աստիճանաբար բարձրացուցեր են մինչև գրեթե ֆրոնտոնին կողմնակի պսակեն, հողեն 20 սմ ցած, որով թեև տանիքը ավելի թեքվեր է, սակայն նույն ֆրոնտոններու կողմնակի երեսներուն մեծ կամարներու վրայեն դեպի տաճար նայող պատուհանները փակվեր են ընդմիշտ։

Այս բ. նորոգության մեջ ալ քիվերու նոր ձև չեն ստեղծած, հիներու նմանությունը պահած են, սակայն համաչափության տեսակետով չեն կարողացած նույնը իրագործել, որմերը առհասարակ կամ ավելի նեղ և կամ ավելի լայն շինած են, միայն ֆրոնտոններու մեջ եղած զույգ պատուհանները պսակող մուլյուրներն են, որ մի քիչ հիներուն նմանվելու երևույթը ունեցեր են, իսկ մյուս մասերու տարբերությունները կշեշտվին ստորին մուլյուրներու անհամեմատ նեղությամբ և վրայինի անհամեմատ լայնությամբ։

Տեղին է ըսել, որ եկեղեցվույս այս ճակատի կտորն իբրև բերդ ծառայեր է մի ժամանակ, որովհետև պսակներու ամբողջ երկարության վրա միասին առնելով կողմնակի աբսիդեն դեպի հյուսիս դարձած մասն ալ բարձրացուցեր են չոր պատեր ետևը պաշտպանելու համար, բայց չգիտեմ թե երբ եղեր է այս բանը։

Այժմյան երևույթով արտաքին կողմնակի աբսիդին բարձրությունը չի հավասարեր ետևի երկու սենյակներուն և կամ արևելյան կողմեն տաճարին ունեցած բարձրության աբսիդին խորության չափով կամարեն վեր կտրված է բարձրությունը և փոքրիկ տարածությամբ մի տանիք մնալեն հետո վերստին շարունակված է երկրորդ հարկի սենյակի բարձրության պատը մինչև շենքի իսկական հավասարությանը։ Այս մասի նորոգության ժամանակի մասին ոչինչ չեմ կարող ըսել, որովհետև մինչև աբսիդին կամարի կատարը եղած քարերու շարքերը համապատասխան են նախաբագրատունյաց շրջանի նորոգության։

Իսկ անկեց վեր եղած մասը բոլորովին տարբեր է թե հինեն և թե Բագրատունյաց շրջանի նորոգության կերպեն, թե շինարարական ոճով և թե քարերու որակով։ Սույն նորոգությունը անցած է նաև արևելյան ճակատեն, կողմնակի երկու պատերի նույն բարձրության վրայեն մինչև կտուրը, առանց սակայն աբսիդին դիպչելու, բացի վերջինին կատարի երկու շարքեն. և սա կերևի ավելի ուշ շրջանի նորոգություն մը, քան Բագրատունի շրջանը։

Արևմտյան ճակատին վրա բարձրացած են վեց քառակուսի որմասյուներ և ամբողջ ճակատը միևնույն փոփոխություններուն և նորոգություններուն է ենթարկված, ինչպես հյուսիսային ճակատը։

Նախնական նորոգության կպատկանին մինչև պատուհաններու գլուխը բոլորվող պսակներու կատարը, իսկ անկեց վեր ամբողջապես Բագրատունյաց շրջանի նորոգություն է։ Այս ճակատի վրա պարզ նկատելի է, որ ստորին մասն ալ շինության ժամանակին հարազատ չէ մնացած, բոլոր սյուները հետնագույն կարկատաններու ենթարկված ըլլալեն զատ, պատին մեջ ալ մտցված են զանազան գույնով և չափով քարեր, որոնք տգեղ կերպով խանգարեր են սկզբնական շինության ժամանակի կանոնավոր շարքերու գծերը։ Հարազատ կերևին ներքևի աստիճանեն անմիջապես վեր երեք կարգ քարի շարքերը, մյուս մասերը մինչև հետնագույն սյունասրահի հանգստյան տեղի վրա շինված պսակը ենթարկվեր է անընդհատ փոփոխությանց, միայն այս կողմը, սույն հետնագույն պսակը սյունասրահի հանգստյան վրա գրված սյուներու խոյակներուն կանոնավոր հավասարությամբ է դրված։

Միայն մեկ դուռ կա մեջտեղը, բայց անհամեմատ լայն քան հյուսիսային դռները։ Դուռն ամբողջությամբ կներկայացնե նախնական տիպը առանց ոևէ փոփոխության։ Բոլոր զարդաքանդակներն իրենց ինքնուրույնությամբ