Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/179

Այս էջը հաստատված է

Քիվեր և պատուհաններու պսակներ ըստ ամենայնի 5-7-րդ դարու հատկանիշներն ունին. հետաքրքրական են քիվին ճակատին վրա քանդակված զարդաքանդակները, որոնք շուշանածաղկի նմանություն ունին, իսկ այդ քանդակի ներքև երկրորդ մուլյուրի թեք հարթության վրա քանդակված է բարձրաքանդակ երկրաչափական մի ձև, որ ստալակտիտի երևույթն ունի։

Հարավային և արևմտյան կողմեն ունի երկու դուռ, որոնք արտաքուստ զույգ որմասյուներու վրա պսակված աղեղներ ունին, զույգ սյուներու խոյակները և խարիսխները, նույն տիպն ունին ինչոր ուրիշ առհասարակ 7-րդ դարու շենքերուն վրա գտնված ձևերը։ Գմբեթն ալ ունի խորշեր։ Այս ձևին կպատկանի Մաստարայի եկեղեցվո գմբեթը, որ հազիվ 7-8 կիլոմետր հեռավորության վրա է։ Հավանորեն մեկզմեկի ազդված։ Արձանագրություններ չէր երևիր, հավանաբար կորած զանազան նորոգություններու ժամանակ, սակայն այնքան ալ լուրջ նորոգությանց հետքեր չեն երևեր, արևելյան ճակատին վրա կան քանի մը փակագիր արձանագրություններ։

Իսկ հարավային կողմը դռան աջ կողմի եռանկյունի խորշին մեջ կա շատ եղծված և անընթեռնելի դարձած արձանագրություն, որուն տառերուն ձևեն կենթադրվի, որ մոտավորապես 12-13-րդ դարերու տառեր են։ Այստեղի այժմյան բնակչությունը նոր է և գյուղը հիմնարկված է Պասկևիչի պատերազմեն հետո, բնակիչներեն մեծ մասը եկեր է Սարդարապատեն։

Այս գյուղի հիմնարկության պատմությունը մասնավորապես գրի առեր է գյուղի բնակիչներեն պ. Սիրական Դավթյանը, որուն հավը կամ պապը եղեր է այս գյուղը հիմնողը, իր գրած գյուղի պատմության մեջ նա հիշատակած է համառոտակի ժամանակակից քաղաքական անցքեր, որոնք թերևս ուրիշ պատմագիրներու հայտնի չեն եղած, այս տեսակետով կարևոր է և ուսումնասիրելի հիշյալ պ. Սիրականի գրած հիշատակարանը։

Այս գյուղը ամենահին ժամանակներ թերևս ուրարտական շրջանեն ալ առաջ եղեր է բնակելի և կարևոր պատերազմական ամրություն։ Գյուղի արևելյան և հարավային կողմը կան բարձրաբերձ բլուրներ, որոնց վրա կան հսկայական որձաքարերով շինված բերդապարիսպներ, մասնավորապես ուշագրավ է հարավային կողմի բերդը, որուն տեղացիք անվանում են թուրքի Ղալայիչի (Ահակչի թուրք գյուղի մոտ լինելուն պատճառով)։ Արևելյան, հյուսիսային և արևմտյան կողմերեն, որ փոքր ինչ մերձենալի է բլրակին և շրջապատված է երեք կարգ հսկայական պատերով, իսկ հարավային կողմը անմատչելի ձոր է, այդ պատճառով միայն մեկ պարիսպ ունի։ Բերդի տարածությունը նեղ ու երկար է, հազիվ լայնություն ունի միջին մասը 25-30 մետր, իսկ երկարությունը թերևս ավելի քան 150 մետր։ Մեջը ունի բաժանումներու պատեր, նույնպես արևելյան կողմը երեք պարիսպներու միջանցքներուն մեջ կան դարձյալ բաժանումներ։ Ադիամանի բերդին դռան լայնությունը 319 սմ, պատերի թանձրությունը 480-500, իսկ երկու կողմերը 630 սմ։

Արևելյան կողմի բերդը նույնպես անվանում են Ղալայիչի, որի միջնաբերդը ավելի ընդարձակ է, քան թուրքի Ղալայիչիի ներքին մասը, բայց համեմատաբար մի քիչ ավելի մանր են քարերը։ Սա ևս հյուսիսային կողմեն երկու կարգ պարիսպ ունի, իսկ շրջապատը ունի քառակուսի բուրգեր, նույնպես խոշոր որձաքարերով անտաշ և անշաղախ շինված։ Այս երկու բերդերուն ալ լանջերուն վրա հաճախ գտնվում են ձեռագործ խորը քարայրներ ուսումնասիրության կարոտ։

Հեթանոսական գերեզմանակոթողի բնույթն ունի գյուղի միջի հին գերեզմանատան մեջ գտնված քանդակազարդ քարերը, որու լուսանկարները վերցրեր եմ ամեն կողմեն։

Գյուղի հարավ արևմտյան կողմը ձորեզերի բնական ժայռերուն վրա կա մի հեթանոսական քարափոր գերեզման, որպիսին կար Մոլլա-Ղասում գյուղի արևելյան բարձունքներու վրա։ Այժմյան եկեղեցվույն արևմտյան կողմը եղեր է նաև մի ուրիշ եկեղեցի, որուն հիմերը քանդեր են գյուղացիք իրենց բնակարանները շինելու համար։ Շինված է եղեր մեծամեծ քարերով, հավանորեն ավելի հնագույն քան այժմյան կանգուն եկեղեցին։ Այդ ավերակի քարերից տարեր են այժմյան եկեղեցին բարձրաքանդակ քարեր և կազմեր են բեմի ճակատը, որ այժմ կերևի։

ԹԱԼԻՆ
Հոկտեմբեր 10

Այսօր մեկնեցա Ադիամանից և նկարելով Մազարճուկի եկեղեցվո արևելյան պատի քարը շարունակեցի ճանապարհս դեպի Թալին։

Թալինի եկեղեցվո հյուսիսային կողմի գերեզմանատան մեջ կան ամենակարևոր հին գերեզմանաքարեր 5-7-րդ դարու, որոնց երկուքը վերնամասեր են, թեև կիսով կոտրած, իսկ երկուքը պատվանդաններ են մեկը