Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/192

Այս էջը հաստատված է
* * *
ԱՐԱԼԸԽԻ ԲԵՐԴ

Այս բերդի քարերու վրայի վարպետներու նշաններից են՝ (ա)աղեղները մինչև գետին իջած չեն այլ քարե բռազոլի վրա նստած են․ այս բռազոլները արևելյան կողմի մասին մեջ են, ՛արևմուտքը փլած է և հայտնի չէ։

(բ) Պատերը մինչ ներքև իջած և սենյակներ անջատած են։

Բերդը երեք հարկանի է, փլատակեն վեր արտաքին պարսպին մուտքը հյուսիս արևելյան անկյունին մոտ է, ներքինը՝ հայտնի չէ

Բ
ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՈՑԱՏԵՏՐ[1]
(Դիվանի № 35 բ)
սկսած 1909 թ.
ԱՆԻ

Ուչթեփեներն անցնելով արդեն կսկսվի տեսնվել վաղեմի կենդանության նշաններ ցույց տվող ասդին անդին ցրված բլուրներ, որոնք իրենց ծոցի մեջ կպահեն եկեղեցիի մը, կամ շինության մը փլատակը՝ բոլորովին ծածկված հողով, երբեմն հատ ու կտոր պատերու մնացորդներ, երբեմն կնշմարվի ամբողջ գյուղի մը տեղը՝ իսպառ քայքայված, և անհետացած, ավանդությամբ միայն ժողովուրդը կհիշե թե այն տեղեր ավերակներ են որովհետև վարուցանքի ժամանակ երևան են եկեր խաչքարեր, պատի կտորներ, երբեմն ընտանեկան խեցեղեն, կահկարասիներ և այլն և այլև։

Անցնելով Արազի գյուղի սահմանը դեպի հարավ մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա, պարզ կնշմարվին հեռուեն Անիի հյուսիսային պարիսպները և անոնց առջև վիթխարի պահապան զինվորներու պես կանոնավոր շարքով բազմաթիվ աշտարակները, որոնք շրջապատած են Անին մինչև այսօր, կարծես կսպառնան ահ ու սարսափ։ Ահա այս հեռավորութենեն կսկսի գոնե առայժմ հողեն դուրս երևիլ Անիի երբեմնի ճոխ ու եռուն կյանքի առաջին վկան Անիի հյուսիսային կողմը մինչև Ուչթեփեները տարածվող դաշտին մեջտեղ՝ մի մահարձան բարբարոս ձեռքերե անխնա քանդված ու այլանդակված, հազիվ մնացած է վրան այս ու այն կողմ քանի մը սրբատաշ քարեր, մնացյալները ամբողջովին քանդված ու տարված են։ Բարեբախտաբար մնացած են խարիսխին ամեն մեկ անկյուններուն վրա մեկ-մեկ անկյունաքարեր, որոնցմե հնարավոր կլինի չափել անոր լայնությունն ու երկարությունը, նույնպես մնացած է բարձրության վրա խաչարձանը կրող խորանարդ ձևով միակտուր քարին կեսը։ Ամեն կողմից շրջապատված երեք աստիճաններու վրա բարձրացած էր պատվանդան մը կրով ու շաղախով շինված, վրան դրած էր ամբողջ տարածության չափով միակտուր քար մը սրբատաշ և գագաթին քառակուսի ձևով փորված խորշ, վրան կանգնված խաչին ստորին մասը ամրացնելու

  1. Ծոցատետրերի մեջ հեղինակն իր այցելության ժամանակագրական կարգը շատ դեպքերում չի պահպանել։ Երբեմն մի որևէ վայրի նկարագիրը կազմելիս սկիզբը դրել է ծոցատետրի մի մասում, շարունակությունը մի այլ մասում և հանդիպելով արդեն նկարված կամ դրված թղթերի, այնուհետև շարունակել է մի այլ տեղում։ Նույն նյութն ինչքան հնարավոր էր համախմբեցինք մի տեղում, բայց այդ միշտ հնարավոր չեղավ, որովհետև երբեմն հուշարձանների մի ամբողջ խումբ նա նկարագրել և գծագրել է առանց հուշարձանի կամ վայրի անունը տալու։ Այդպիսի դեպքերում պարզել ենք վայրը և հուշարձանը և դրել այդ կտորն իբրև առանձին հատված, ուստի և դասավորության մեջ անհարթությունները խիստ զգալի են այս բաժնում։ Կազմող