նույն պատը ուղիղ գծի վրա դեպի արևմուտք 300 քայլ երկարելեն հետո, կոր գծով մը կշեղվի դեպի հյուսիս-արևմուտք և կընդհատվի հյուսիսեն հարավ երկնցող ուրիշ պատի մը վրա։ Այս վերջինս մինչև 800 քայլ երբեմն ուղիղ դեպի հարավ և հետո զանազան բեկբեկումներով և շեղումներով դեպի հարավ արևելք կհասնի մինչև բաղնիքեն՝ 250 քայլ վարեն դեպի հարավ ուղղանկյուն գծով մեկնող պատին, այնպես որ բաղնիքը կգտնվի այս շրջափակին մեջ հյուսիսային պատով միայն հավասար այս պարիսպին, և կներկայացնե գոնե առայժմ ըստ երևույթին, մեկ այգի կամ պարտեզ։ Հիշված երկու ծայրերը իրար միանալեն հետո երկար շարքը վերստին կանցնի և կշարունակվի դեպի արևելք խիստ երկար գծով մը. այս երկար գծին զուգահեռական դեպի հարավ պարիսպին կողմին վրա 50-60 քայլ հեռավորութենե կձգվի մի ուրիշ երկար գիծ, որը մեկ ծայրով կհասնի Անիի ավագ դռան, հիմնական ճանապարհին եզերքը, իսկ մյուսը զանազան շեղումներով, կերթա դեպի արևելք՝ տեղ տեղ իր հետ միացնելով հակառակ կողմերե եկող պարիսպներու ծայրերը։
Ավագ դռնեն դեպի արևելք, պարիսպեն 300 քայլ դեպի հյուսիս, կա ի միջի այլոց մի կրաշաղախ բեկորներու կույտ, հավանականաբար մի եկեղեցիի, ասոր մոտ են դեպի հյուսիս և արևելք վերին աստիճանի պարզ են պարիսպներու բաժանումները․ այնպես որ գութանավորներ ստիպված են եղեր այդ գեղեցիկ քառակուսի շրջանակներեն առանց դուրս ելլելու մշակել միայն անոնց մեջը։ Շատ տեղեր պարզապես առանձին արտերու սահմաններ եղեր են այս փլատակները, ինչպես ի հնումն պարտեզներու։ Այս սահմանին վրա, այսինքն ավագ դռան ճանապարհեն դեպի արևելք, մինչև Դվինի դռան դիմացը, 15-են ավելի մեծ ու փոքր բլուրներ կան փլատակ շինություններ ծածկող, նաև մեծ ու փոքր տապանաքարեր տեղ տեղ։ Ինչպես կերևի բացի բնակութենե եղեր են նաև գերեզմանատներ այս կողմին վրա։ Դեպի ավագ դուռը տանող ճանապարհին արևմտյան կողմը նույնպես կներկայացնե հետաքրքրական տեսարաններ։
Այն խաչարձանը, որ նկարագրեցինք Հովվի եկեղեցիեն դեպի հյուսիս արևմուտք, այդ խաչարձանեն ալ մոտ հարյուր քայլ դեպի արևմուտք, կսկսի մեծ պարիսպի մը հետքը և ուղիղ դեպի հարավ շարունակվելով կուգա կհասնի մինչև այնտեղը, ուր նկարագրեցի բաղնիքին հյուսիսային պատին հավասարությամբ անցնող պատը, որը շարունակվելով դեպի արևմուտք և հետո քիչ շեղվելով դեպի հյուսիս կմիանար ուրիշ պատի մը, բաղնիքին պատի շեղումը քիչ մը ևս երկարելով կուգա կմիանա այս վերջինին, այս վերջին երկար պարիսպը հազիվ քանի մը քայլ անցած բաղնիքի ուղիղ արևմտյան գծեն 25-30 մետր երկարությամբ, կշեղվի դեպի արևելք և այնուհետև գրեթե ուղիղ գծով կերթա կհասնի մինչև Կարուց դռան անմիջապես, արևմուտքը գտնվող փոքր բուրգին առջև և այնտեղ կվերջանա հետքը։ Այս վերջին շեղումեն հետո այլևս խիստ որոշ է բավականին զորեղ շրջապարիսպ մը ըլլալը. տեղ տեղ հաստությունը նշմարելի է ավելի քան 1½ մետր, ուղիղ գծեն ունի թեթև կորացումներ, միայն մի տեղ պարիսպներեն 150 մետր հեռավորության վրա նկատելի է բեկում մը դեպի արևելք։ Պարիսպի մոտերքը եղել են բազմաթիվ ձիթհանքեր ալ, որոնց հետքերը կմնան մինչև այժմ։ Բաղնիքին ուղղությունեն դեպի հյուսիս և արևելք ուսումնասիրության կարոտ է, բայց անկից դեպի հարավ արևմուտք մինչև թրքաբնակ Անիի գերեզմանոցը և անկից ուղիղ հարավ Անի գյուղը և Ծաղկոցաձորն ու Իգաձորը բազմաթիվ նշաններ կան կրկին, այգեստաններու պարիսպներու։ Անի գյուղի սահմանը անցնելով դեպի հարավ կսկսի ընդարձակ հասարակաց գերեզմանատունը, ուր անհամար հասարակ ժողովրդին տապանաքարերեն զատ տակավին կանգուն, կիսականգուն կամ հիմնահատակ կմնան շքեղ դամբարաններ, որոնց բացի մեկ հատեն մյուսներուն ով և ինչ ըլլալը հայտնի չէ։ Կարուց դռան փոքր բուրգի ծայրեն սկսելով մասնավոր բեկբեկումներով քիչ մը դեպի հարավ արևմուտք, երբ կհասնի բաղնիքին ուղղությամբ անկյունաձև բեկում մը կուտա դեպի արևելք, դեռ քսան քայլ մնացած այս ուղղանկյան բեկումեն ուրիշ մեծ պարիսպ մը կսկսի դեպի արևմուտք և թեթև մը դեպի հյուսիս շեղելով ուղիղ կերթա կհասնի մինչև թուրքաց գյուղի սահմանը։ Եվ կանցնի Կիրակոս վարդապետի դամբարանի մոտով, թողելով այս վերջինը դեպի հարավ։
Կիրակոս վարդապետի դամբարանը հազիվ անցած կվերջանա այս պարիսպին հետքը և կսկսի մանր ու խոշոր գերեզմաններու տապանաքարերու հետքեր, խմբական գերեզմաններ, ուրկից առաջանալով կհասնինք Ծաղկոցաձորի վրա միացող փոքր ձորակի մը, որուն սկիզբն է Անի գյուղը։ Այս ձորակը միանալով Ծաղկոցաձորին, մինչև Իգաձոր հասնելը կձևացնե երեք կիսաբոլոր թերակղզի։
Անի գյուղի ձորին մոտիկ կա մեծ դամբարանի մնացորդ պատ մը, որուն երկայնությունն է 2,20 մ, գրեթե նույնքան ալ բարձրությունը. սա իսկական չափը չէ, երկու քովերեն քարերը փրցված տարած է, վրան մնացած քանի մը խոշոր քարերուն սրբատաշութենեն կերևի, որ շատ խնամքով շինած մեծ շիրիմ մը եղեր է ի հնումն։
Այս պատեն դեպի արևելք նույն թերակղզիին մեծ հողին միանալու կետին վրա, 60-70 քայլ դեպի արևելք, կա խիտ գերեզմանատուն մը որձաքար տապանաքարերով, մեջը կգտնվի կրաշաղախ մեծ բեկորներ՝ առանց հայտնի ըլլալու ուրկեց ինկած ըլլալը. անպատճառ նույնպես ուրիշ դամբարանե մը գիր և արձանագրություն գտնվին։ Դեպի հարավ արևելք փոքրիկ ձորակ մը անցնելուց կհասնինք երկրորդ թերակղզին, ցամաքին միացնող կետին վրա, ուր ձորի սկզբնավորութենե քանի մը քայլ անդին դեպի հարավ, կգտնվի Կիրակոս վարդապետի կիսավեր դամբարանը՝ դեղին, կարմիր և սևորակ քարերով։
Այս դամբարանը շինված է երկհարկանի, գետնահարկի ցոկոլը թաղված է հողին տակ և չէ կարելի ճշտել իսկական բարձրությունը։ Շինված է կամարակապ, հյուսիսեն հարավ ձգված, արևելքը և արևմուտքը կամրջի նման բաց է. այս հարկին մեջ հարավային պատի ներսի կողմին կամարի սկզբնավորության առաջին շարքի արևելքեն դեպի արևմուտք համարելով չորրորդ քարին վրա գրած է Կիրակոս վարդապետի հիշատակարանը։ Այս հիշատակարանին երկրորդ տողին