Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/212

Այս էջը հաստատված է

արևելյան, հյուսիս և հարավային կողմերն ունին սովորական նիշեր, կտուրի պսակները անհայտ են, մեծ մասամբ շինություններով ծածկված ըլլալուն համար, բայց մնացած մասերն ալ քանդված են։

Արևմտյան մտից դուռը, որ նույն կողմի գավիթին վրա կբացվի, զարդաքանդակներ չունի, բացի երկու կողմին վրա կամարակիր զույգ սյուներե, արտաքուստ քառակուսի է եղած՝ մուլյուրավոր բարավորով, իսկ տաճարին մեջ՝ կիսաբոլորակ վերջավորությամբ։ Նմանապես հարավային դուռը։

Բագնայրի շինությանց այս կտորի մեջ ամենամեծ տեղը կբռնե Աստվածածին տաճարին արևմտյան գավիթը, թե՛ մեծությամբ և թե՛ ճոխությամբ։ Ձևը գրեթե քառակուսի է, չորս միջին մեծ սյուներու վրա կազմված է ստալակտիտ քանդակված գմբեթ մը, իսկ մյուս մասերը զանազան ձևով առաստաղներ են։ Աննման ճարտարությամբ շինված է գավիթի արևելյան կողմի տաճարին դռան առջևի մասի առաստաղը։ Մարդ պահ մը չուզե աչքերուն հավատալ, երբ կտեսնե թե զանազան գույնի քարերով, ինչպես կազմած են կամարիկներ և այդ քարերուն երբեմն լայնությունը 5-10 սմ. չանցներ. երկար շերտեր քաշված և իրարու միացուցած են կաղապարի վրա, բայց այնպիսի ճարպիկությամբ, որ դեռ մինչև այսօր քարերուն գույներն միայն կորոշին անոնց տարբեր կտորներե կազմած ըլլալը։

Այս առաստաղին երկու կողմն ալ, նույն ձևին մոտ, տարբեր գույնի քարերով կամարիկներեն կազմած, կենտրոնին վրա հարթ մակարդակ ստացած առաստաղներ են, որոնց չորս անկյունները ստալակտիտ քանդակած։ Միջին մասի հյուսիսային և հարավային պատերուն կցված առաստաղները բոլորովին հորիզոնական ձևով մոզայիկներե շինված են։ Նույն ձևով են նաև արևմտյան մտից դռան վրա եղած առաստաղները, բայց ասոր երկու քովերը եղած բաժինները voûte d'arêtes ծածկված են։

Այս գավիթը, բացի միջին գմբեթավոր մասեն, մնացյալ բոլոր մասերը եղեր են երկհարկանի։ Արևմտյան պատին մեջեն նկատելի է սանդուխը վեր բարձրանալու համար, սակայն մուտքը բոլորովին անհայտ է քանդվածքներու պատճառով։

Արևմտյան կողմը, բացի պատեն, ծածկը բոլորովին փլած է, սակայն մյուս մասերը մեծ մասամբ դեռ