Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/214

Այս էջը հաստատված է

աեղն հաստատվելը հին ջրաղացի ավերակին վրա շիներ են նորը։

Ղուլիջանի մեջ նշանավոր երևույթ է բացի բևեռադիր արձանագրութենեն բազմաթիվ քարայրերը, որոնք փորված են պինդ որձաքարի մեջ, համեմատելով Անիի քարայրերուն այս տեղինները շատ ալ ընդարձակ են, ոմանք անցքի նման երկար են, ոմանք ալ լայն ու ընդարձակ փորված։ Չափազանց շատ կան հեթանոսական գերեզմաններ, գյուղացիք միշտ վարուցանքի ժամանակ գտնում են գերեզմաններու հատուկ իրեղեններ, սակայն իրենց տգիտության պատճառով ոչնչացնում են շատ կարևոր հնություններ։ Մի ղուլիջանցի ինձ բրոնզյա գոտի տվեց։

* * *
ԱՐԽՎԱԼԻ
Հունիս 20

Արխվալի գյուղը 1886 թվի կամերալնի հաշվով 113, այժմ 210-215 տուն, գյուղին մեջ կա հին ավերակ եկեղեցի և հին գերեզմանատուն, դեպի արևելք մոտակա բարձունքի մը վրա կգտնվի ուրարտական մի բերդի մնացորդ։

Այս գյուղի եկեղեցվո մեջ կա մի ձեռագիր ավետարան, որուն մեջ կան շատ մը կրոնական պատկերներ, ի միջի այլոց հետաքրքրական է մի պատկեր՝ Առաքելոց հոգեգալստյան ժողով, որուն մեջտեղը առանձին մի շրջանակի մեջ նկարված են երեք մարդ. մեկը խոզի գլուխով՝ զգեստավորված եբրայական հագուստով։

Արխվալիի և Հաճի Խալիլի մեջտեղի հայ գյուղը, ուրկեց լավ կերևի Արագածը, անուն է Գիոզալդերե։

Հունիս 20-ին երեկոյան գնացի Հաճի Խալիլ գյուղը, որն ունի հարյուր տուն, իսկ կամերալնի՝ 41 տուն, մեկ եկեղեցի, Լուսավորիչ անունով, ուսումնարան չունին։ Այս գյուղը նախապես կբնակվին եղեր թուրքեր, այդ պատճառով գյուղի անունը մնացեր է Հաճի Խալիլ թերևս մի բեկի կամ հիմնադրի անունով։

ԱՊԱՐԱՆ
Հունիս 21

Առավոտյան ճանապարհվեցա դեպի Ապարան[1] և այցելեցի գյուղի արևելյան կողմի բարձր հրաբխային բլուրները, ուր կան բազմաթիվ ուրարտական պատերու մնացորդներ, նաև շատ քարայրներ և ստորերկրյա անցքեր։ Արևելյան կողմի ամենեն բարձր բլուրին վրա պատերը երեք կարգ շրջապատված են ինչպես Կարսի Քորողլու բերդի վրա, սակայն այնտեղ հազիվ հետքերը մնացեր են պատերուն։

ՂԱՐԱՆԼՈԻՂ
Հունիս 22-ին

Այսօր մեկնեցա դեպի Ղարանլուղ գյուղը, մեկ ժամեն հասա գյուղը և բարձրանալով մի կիլոմետրի չափ սարսափելի զառիվերը, հասա վանքին մոտ, խիստ սիրուն փոքրիկ մատուռ մը կա հյուսիս արևմտյան կողմը։ Ինքը շատ փոքր, սակայն անպայման կպատկանի 7-րդ դարուն, խիստ հետաքրքրական են քիվերը, գմբեթը ութանկյունի է, իսկ քիվը լայն վերևի ճակատի մը ներքև պարզ կիսագունդերու շարք մը ունի վերևի ճակատին զուգահեռական, իսկ ներքևի քիվերուն վրա փորագրած են բոլորակներ․ մատուռի անունն է Թուխ Մանուկ։ Այս մատուռի մասին տեղացիք կպատմեն առասպել մը։

Ղարանլուղի արևելյան կողմի ավերակ եկեղեցին կրաշաղախ պինդ մանր ու խոշոր որձաքարով է շինված։

Կամարները պայտաձև չեն, սակայն ճիշտ ձվաձև, մեջը հավանորեն ծեփված է եղեր․ խորանին սեղանի մասերը միայն սրբատաշ են, պատերու բարձրությունը 110-են մինչև 120 սմ։ Այս վանքի անունը Մըխեի վանք է, որովհետև մոտի արտի սեփականատերը Մըխե անունն ունեցեր է, իսկ հին անունը անծանոթ է։

ՄՈԼԼԱՂԱՍՈԻՄ
Հունիս 23

Այսօր գնացի Մոլլաղասում գյուղը, ուր չափագրեցի գերեզմանատան միջի հնագույն մատուռի կամ վկայարանի և գյուղի եկեղեցվո հատակագծերը։

Որմախոյակներ կան երկու հատ գերեզմանատան մատուռի մոտերը, հավանաբար մատուռի արտաքին որմասյուներու խոյակներ են։

Գերեզմանատան մեջ կար հնագույն ձևի կոթողանման մի գերեզմանաքար, առանց քանդակի, միայն

  1. Հաճի Խաիլեն դուրս գալու պահուս նկատեցի արևելյան կողմի սուր քարքարոտ բլուրի գլխին ուրարտական պատի մը բավական երկար մնացորդ։