Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/217

Այս էջը հաստատված է

Հարավային կողմի մատուռին դռան վերնասյամը զարդարված է հունական երկար ատամնաշարով։

* * *
ՉԸՓԸԼՈՒԻ ԿԱՄՈՒՐՋ

Քարերու նշաններ կիսակամարին մեջ։ Վրան մեծ քարերով սալահատակված է եղեր երկու կողմեն բարձր պարապետներ։

ՏԱՅԼԱՐ

Գմբեթը իսկական եղեր է 8 անկյունի գոտիի մը վրա ներքևեն աղեղիկներով միացած մեծ աղեղները, բայց հետագայի նորոգության մը ժամանակ փոխեր են և պարզ պանտանտիվ շիներ են, սակայն մեջը հարավ արևմտյան անկյունը մնացեր է հին ձևով։

Շիրակավանի եկեղեցվո մանրանկարն է։ Մյուս ավանդատներն ունին խորան, արևմուտքեն դուռ ունի եղեր մի ժամանակ, որը խնամքով փակեր են, գլխավոր մուտքը հարավային կողմնէ, ավանդատները երկհարկանի են։ Հարավային դռան վրայի պատուհանի գլխին պսակեն վեր քանդակված է երկու առյուծ՝ առջևները մանր ձագերը կամ եղնիկի նմանող բաներ։ Հարավային դռան կամարին քարին վրա արևի ժամացույց։ Գմբեթի քիվին շուրջը նկարված կերևա բոլորակներ։

ՀՈՌՈՄՈՍԻ ՍԲ․ ԳԵՎՈՐԳ

Թեև պանտանտիվ ունի, բայց հին ձևին նման, կեղծ կամարի ձևով շինված է իբրև զարդ։

«Ով հոչակաւոր դու և մեծանունդ ի վկայս սուրբ Գէորգիոս օգնեա բարեխօսութեամբ Գագկայ շահայնշահի շինողի զվկայարանս զայս քոյով անուանակոչութեամբ ի քոյդ յուսակնեալ բարեխօսութիւն»:

Սբ. Գևորգի մեջ Անանիա Արշարունյաց եպիսկոպոսի արձանագրությունը գրված է միևնույն ծեփին վրա, որ նաև պատկերներ նկարված են։ Հավանական է, որ այս լինի Բագարանի եկեղեցիին նման, ի սկզբան առանց պատկերներու։ Վերջապես քննելի է, թե Անանիայի օրով պատկերներ կայի՞ն սբ․ Գևորգի մեջ թե ոչ։

ՈՒՂՈՒԶԼՈՒ

Արևմտյան պատին վրա, դեպի հյուսիսի անկյան մոտ կա մի արձանագրված քար, ուրիշ տեղե բերված դրված։ Գույնը դեղին։ Արձանագրված դեղնագույն քարի մը կտոր ևս արևմտյան կողմը կա, նորոգված մասին մեջ, ֆրոնտոնին վրա կենտրոնեն քիչ դեպի հարավ։

Հատկապես ուշադրության արժանի են հարավային դռան և երկու խորշերու քանդակները։

ՏԱՄՃԼՈՒ

Տամճլուի եկեղեցին իր բոլոր հատկանիշներով չի կարող 13-րդ դարեն ավելի հին լինել. ներքին կողմը խորանին կից և ուրիշ որմասյանց խոյակներու քանդակներն են միայն, որ հին արվեստի հիշողությամբ շինված են։ Չորս անկյունի վրա չորս մատուռներ ունի, որոնց ոճը 13-րդ դարուն մեջ ընդհանրացած կերևի։ Հիներուն մեջ արևմտյան կողմերը խորաններ բնավ չկան, եթե անոնք խաչաձև քառակուսի եկեղեցիներ չեն։ Ուշագրավ նորություն էր ինձ համար գավիթի երկու զանգակատունները՝ եռհարկ, որոնք գավիթի հետ միասին շինված են, թերևս չորրորդ հարկ ալ ունեցեր են զանգակատունները, գեթ այսպես ցույց կուտա իր այժմյան մնացորդի բարձրության անհամաչափությունը։ Հյուսիս արևելյան կողմեն դեռ կանգուն են երեք հարկերը և վրան փլած։ Յուրաքանչյուր հարկին մեջ փոքրիկ խորաններ են շինված պատարագի համար։ Տասն և մեկ խորան ունեցեր է այս եկեղեցին, զանգակատան մեջ եղած վեց խորաններով միասին։ Զանգակատան վերջին հարկի մասին չէ կարելի եզրակացնել, թե ինչ ձև ունեցած էր. և զանգակը ինչ ձևով կախեր էին։ Ընդհանուր ձևը ընդհանրապես հետևողություն է բազիլիկի ձևով եկեղեցիներու. նույնպես մի նորություն չկա գավիթի շինության ձևին մեջ, նույն բանը կրկնված է այստեղ ինչ որ Շիրակի շրջանի մեջ շինված են։ Գավիթի չորս առանձին սյուները և ութը որմասյուները ունին ստալակտիտ քանդակված մեծամեծ խոյակներ և խարիսխներ, որոշ չափով իրարմե տարբեր մուլյուրներով։ Սակայն պետք է խոստովանել, որ բավականին հոյակապ