Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/225

Այս էջը հաստատված է

խորշեր: Մտից դուռը արևմտյան կողմեն է, սակայն այժմ ծածկված է, որովհետև գյուղացիք այս եկեղեցիին անմիջապես կից շիներ են մի ուրիշ նոր եկեղեցի, որուն սեղանին ետևը մնացեր է այժմ թե՛ հին եկեղեցիին դուռը և թե՛ դռան վրայի մի գեղեցիկ քանդակագործ բարձրաքանդակ պատկերը (թիվ 109 լուսանկար). շատ դժվարությամբ կարողացա այսքանն ալ լուսանկարել, նախ տեղին նեղության պատճառով, հետո ամենևին լույս չկա, սեղանին երկու կողմերը դռներով ծածկված են, լամպերու լուսով եմ լուսանկարել։

Մահմուդջուկի հարավ-արևելյան կողմի վանքն ըստ արձանագրությանց հայտնի է Մակարավանք անունով։

Թիվ 107 լուսանկարը հարավ-արևելքեն լուսանկարված է։ Ինչպես կերևի այս եկեղեցին կանգնված է 10-րդ դարուն, ներսի կողմը սեղանին աջ որմասյան վրա կա մի շատ եղծված արձանագրություն ՆԾ թվականին, արձանագրությունը կվերաբերի կարծյոք մի նվիրաբերության, ինչ որ անբախտ Դավիթի կողմանե։ Թեև ջանացի լուսանկարել այս արձանագրությունը, սակայն տեղվույն խիստ անհարմարության պատճառով շատ անհաջող դուրս եկավ, թեև ասկեց ավելի հաջող լուսանկար ալ գուցե չի լինի, չափազանց եղծված լինելուն պատճառով։ Դրսի կողմեն արևելյան պատին վրա, կա մի կիսատ արձանագրություն, ինչպես կերևի շինության արձանագրությունն է, սակայն դժբախտաբար արձանագրության մեկ մասը անհայտացած է։ Թիվ 222 լուսանկարը արևմտյան դռան վրայի արձանագրությունն է անթվական։ Արևմտյան դռան կից ռւնեցեր է կամարակապ գավիթ հետնագույն հավելված, իսկ այժմ միայն հյուսիսային պատի մեկ մասն է մնացեր։

Մահմուտջուկ գյուղի հարավ արևմտյան կողմի վանքը որոշ անուն չունի և իր վրա հետաքրքրական ոչինչ չի ներկայացներ, բացի հյուսիսային պատին վրա եղած 13-րդ դարու եղծված արձանագրութենե մը։ Շենքն ալ ամենայն հավանականությամբ 12−13-րդ դարերու գործ է։ Այս եկեղեցվո մոտ հետաքրքրական է մի ուրիշ փլատակ, որ աշտարակի մը ձև ունի։ Գյուղացվոց պատմելով այդ աշտարակը տարիներ առաջ ավելի բարձր էր եղած, քան եկեղեցին և մեջը ունեցեր է բարձրանալու սանդուղ, իսկ այժմ ոչինչ չի կարելի տեսնել առանց մասնավոր պեղումի։

Այս եկեղեցվո արևմտյան կողմը, 200-300 քայլ հեռավորության վրա, գյուղացիք գտեր են մի հոյակապ գերեզման, վրան խոշոր արձանագրությամբ մը ՆԾԵ թվականին։ Գերեզմանը կպատկանի ինչ որ Ապլղարիպ իշխանի, թերևս Անիի մեջ ծանոթ Պահլավունի Ապլղարիպն է։ Գերեզմանը շինված է գաճ ու կրով խիստ հաստատուն (այժմ գյուղացիք քանդում են անխնա), տապանաքարին արևելյան կողմը, հսկա պատվանդանի վրա, կանգնված է եղեր մի խաչքար, որուն լայնությունը