Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/228

Այս էջը հաստատված է

ժամանակագրական տեսակետով 7-րդ դարեն այս կողմը չի կարելի անցնել, նաև վերին աստիճան հետաքրքրական է արևելյան պատուհանի ներքև, մի մեծ քարի վրա ասորերեն մի ընդարձակ արձանագրություն, բայց ափսոս որ շատ մաշված է և վարժ ու լեզվին ծանոթ գիտնականներ միայն թերևս կարողանան բառեր կորզել այդ արձանագրութենեն։

Ցավոք սրտի ստիպված էի այստեղ ընդհատել հետաքրքրական և ինձ վերին աստիճան հաճելի ճանապարհորդությունս և առանց գիշեր մնալու վերադարձա ուղիղ Ալեքսանդրապոլ, թե՛ այս ճանապարհին վրա թերի թողածներս և թե՛ ավելի առաջ գնալով նորություններ հավաքելու քաղցր հույսս առաջիկա տարվան թողնելով։

Վերադառնալիս 8—10 օր հետո եկավ պ. Ստրչիգովսկին, անոր հետ միասին ալ 20 օրվան հապճեպ մի ճանապարհորդություն կատարեցի, առանց սակայն շոշափելի օգուտ մը տեսնելու իմ սեփական գործիս օգտին։ Վերջին օրերս քանի դեռ ձյունը չէր ծածկել երկիրը, մի երկու փոքրիկ այցելություններ կատարեցի մեր քաղաքի շրջակայքը։

Ալեքսանդրապոլ—Թիֆլիս երկաթուղու գծին հյուսիսային կողմը, քաղաքեն 10—12 կիլոմետր հեռավորության վրա, կա Դարբանդ անունով մի գյուղ․ լսելով որ այնտեղ հնություններ կան, գնացի տեսնելու։ Կանգուն կամ կիսականգուն շինություններ չկան այնտեղ. շատ կան հեթանոսական գերեզմաններ, որոնք բնականաբար զիս չպիաի հետաքրքրեին, որովհետև առանց պեղումի ոչինչ չի կարելի հասկանալ։ Ես գնացի հայոց գերեզմանատունը, որ ի հնումն ալ գերեզմանատուն է եղած։ Այդ գերեզմանատան մեջ գտա քանի մը հատ հին գերեզմանաքարեր, Հառիճի կոթողին նման, միայն թե չափազանց մաշված, տեղն տեղ փոխադրված, այնուամենայնիվ, փութացի եղած վիճակի մեջ լուսանկարել այդ քարերեն երեք զանազան օրինակներ, որոնց վրա թե մարդոց և թե ուրիշ զանազան քանդակներ կան։ Մինչև այժմ իմ տեսածս այս ձևի քարերը քանդակված էին միշտ քրիստոնեական խորհրդանշաններով և սրբոց պատկերներով։ Դարբանդի քարերը քրիստոնեական խորհրդանշաններ չկրելեն զատ, ավելի մոտ նմանություն ցույց կուտան կարծեք հեթանոսական քանդակներու։ Այս քարը ամբողջ չէ, ինչպես կերևի բավական բարձր է եղեր, թե՛ գլխեն կոտրած է և թե՛ ներքևեն։

Այս կարգի քարերով շատ հարուստ է Թալինի գերեզմանատունը. բազմաթիվ այս տեսակ քանդակներով քարերուն մեջ կան նաև խոզի գլուխով մարդիկ, որոնք զգեստավորված են կղերականի ձևով և գլուխնին շատ