Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/231

Այս էջը հաստատված է

տախտակամածի բոլոր գերանների ծայրերը միանգամայն փտած ու մոխրացած են, եթե այժմեն ուշադրություն չդարձվի և հարմարավոր տեղ չպատրաստվի, կարող է պատահել, որ մի նոր փլատակի տակ ծածկվին մնացած բեկորները։

Թանգարանի չափ աննախանձելի դրության մեջ են ընդհանուր ավերակի գեղարվեստապատմական մեծարժեք բեկորները. դեռ մի տարի առաջ անեղծ պահված քան քանդակագործ բեկորներ և արձանագրություններ այսօր միանգամայն այլանդակված դրության մեջ են, կոտրատել են Շինողի հունարեն արձանագրությունը, արտաքին որմաղեղների մեջ քանդակված նուռ ու խաղողի ամբողջական անվնաս հանված մի մասի վրայից քանդել ու թափել են խոշոր նուռերը։ Այսօրինակ ավերածություններ մի առ մի թվել ավելորդ եմ համարում, և ցավալին այն է, որ այս բոլոր վնասներին ոչ ոք ինքզինքը պատասխանատու չի համարում, որովհետև մինչև այսօր Զվարթնոցում ծառայողների պաշտոնը եղել է հսկել միմիայն հողերի տնտեսության և բերքի վրա։ Խաչիկ վարդապետին տրվել է պաշտոն հողերը մշակելու, իսկ մյուս երկու պահապանների վկայականները ցույց են տալիս որ մին եղել է ջրպետ, իսկ մյուսը հանդապահ, հետևաբար ավերակները միանգամայն թողված են ճակատագրին, որուն հետևանքն է այսօրվան տխուր պատկերը։ Խաչիկ վարդապետը և մյուս պահապաններն այս ավերածությունները վերագրում են որբերին, որոնք նախորդ տարին ապրում էին այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատճառով։ Որբերի տգիտությունն ու անփորձությունը կարող էին այս չարիքները առաջ բերել, սակայն եթե ձեռնահաս մեկը լիներ այնտեղ և խստիվ զգուշացներ որբերի մուտքը ավերակների մեջ, թերևս այս վնասները չլինեին։

Իրաց այս վիճակին մեջ ինձ համար դժվար պիտի լինի Զվարթնոցի ավերակների պահպանման հսկողությունը ստանձնել, եթե Հ. Պ. Կոմիտեն դրական միջոցներ ձեռք չառնե լրջորեն այդ գեղարվեստապատմական հուշարձանի բեկորները պահպանելու համար։ Այս մասին Կոմիտեից պիտի խնդրեմ հետևյալ նախնական և անհետաձգելի միջոցները.

1. Պաշտոնապես պահանջել Խաչիկ վարդապետից որ ցուցակով հանձնե ինձ թանգարանը՝ բացատրելով մանրամասն յուրաքանչյուր առարկայի գտնված տեղը, ինչ վիճակի կամ դրության մեջ գտնվիլը և գտնվելու ժամանակը։

2. Ձեռնարկել մի սրահի շինության, որուն մեջ հնարավոր լինի ապահով կերպով պահպանել այժմյան թանգարանի առարկաները և դուրսը մնացած կարևոր բեկորները, որոնց կորուստը անփոխարինելի կլինին։

3. Նշանակել երկու պահապան աշխատավորներ, որոնց պաշտոնը լինի բացի պահապանությունը, օժանդակել նաև թանգարանի և դրսի բեկորների դասավորման և հարմարավոր տեղեր զետեղելու աշխատության։

4. Պաշտոնապես կարգադրել Զվարթնոցի շրջապատի հողի վրա աշխատողներին, առանց թույլտվության և պահապանների ընկերակցության չմտնել ավերակների մեջ ժամանցի կամ զբոսանքի համար։

Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆ
Էջմիածին
1924 թ. 21 ապրիլի
Զ
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ
Տասնօրյա հետազոտական շրջագայության Աղնաղալա, Ղզնավուզ, Աղավնատուն, Ֆրանկանոց և այլ մոտակա գյուղերում 1924 թ. ապրիլ ամսի մեջ

Ապրիլ ամսի սկզբներին (1924 թ.) Վաղարշապատում լուր ստացա, որ Աղճաղալա գյուղում գյուղացիք ինքնակամ բացել են նախաքրիստոնեական գերեզմաններ և դուրս են բերել զանազան հնագիտական արժեք ունեցող իրեր։ Դուրս բերված իրերը գերեզմանակրկիտներ փոխանակ պատկանյալ իշխանության հանձնելու,- տարել են իրենց հետ և սեփականացրել։

Այս լուրն առիթ տվեց ինձ փութալ Աղճաղալա և հետամուտ լինել, թե՛ գտնված իրեղենները և թե՛ հետազոտել գյուղն իր շրջականերով՝ հնագիտական տեսակետով։ Հ. Ղևոնդ Ալիշան յուր «Այրարատ» աշխատության 202 էջին վրա, գրում է, որ նույն Աղճաղալա գյուղում կա մի հնագույն բերդ, որը տեսել է ֆրանսիացի Պուլեյ Լըկուզը 1647 թվականին և գծագրել է նույն բերդին պատկերը (տես «Այրարա՚տ», էջ 202)։ Որչափ որ հետաքրքրական էին, բացված գերեզմանները, նույն չափ կարևոր էր տեսնել այդ բերդը, որի մասին մեր օրերում բնավ չէր խոսվում և գոյությունն անծանոթ էր մեզ։ Ուստի կրկնակի կարևոր համարելով այցելել այս գյուղը, շտապեցի գնալ ապրիլ ամսի 9-ին։

Գյուղում և անմիջական շրջակայքում ո՛չ ֆրանսիացի Պուլեյ Լըկուզի ցույց տված բերդը գոյություն ուներ և ոչ այն նոր բացված գերեզմանները, որոնց մասին լսել էի։ Գյուղում ոմանք հայտնեցին, որ հին գերեզմաններ բացվել են ոչ թե Աղճաղալա գյուղում, այլ մոտակա սահմանակից Ղըզնաուզ (ըստ Ալիշանի Խնավուզ, կամ Ղըլավուզ) գյուղում. սակայն Աղճաղալայում ևս կան նույնպես հնագիտական նշանակություն ունեցող վայրեր և առաջնորդեցին ինձ այդ վայրերը։

Գյուղի հյուսիսային կողմը և գրեթե անմիջապես կից, բարձրավանդակ մի տեղի վրա գոյություն ունին նույնիսկ նախապատմական ժամանակների շինությանց մնացորդներ գրեթե հողին հավասարված և հետզհետե անհայտանալու մոտ։

Արտերը պարարտացնելու համար գյուղացիների՝ հին ավերակներ փորելու և հողը տանելու սովորությունը չափազանց մեծ վնասներ է տալիս հնագիտական ուսումնասիրության։ Տասնյակ տարիներ այս բարձրավանդակի վրա գոյություն ունեցող մի բոլորականման պատերի միջից, որ ավելի քան 75 մտ. տրամագիծ ունի, անդադար փորել և հողը կրել են արտերը, որով ոչ միայն նախապես մի մեծ բլուր կազմող հողը անհայտացել