Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/232

Այս էջը հաստատված է

է, այլև անվերջ կորել են այդ փորումների ժամանակ գտնված իրեղենները։ Գյուղացոց պատմելով այդ ընդարձակ շրջապարիսպի մեջ գտնվել են մեծ ու փոքր խեցեղեն անոթներ, խոշոր կարասներ, ուլունքներ, բրոնզյա, երկաթյա սուրեր, զարդեղեններ, ի միջի այլոց հատ ու կտոր մարդոց ոսկորներ։ Այս ընդարձակ շրջափակը հյուսիսային կողմից գրեթե բոլորակի շրջանակ է 1,10 սանտիմետրից մինչև 2,20 սանտիմետր հաստությամբ հիմերով, իսկ հյուսիս արևելյան կողմից սկսում են ուղղաձիգ ներքին բաժանումներ ձևացնող պատեր և բռնում է ամբողջ հարավային մասը պատերի զանազան շեղումներով։ Բոլոր պատերը շինված են անշաղախ որձաքարով, և զանազան մասերի հետազոտությամբ երևում է, որ այս բոլորը միաժամանակ չեն շինված, եղեր են պարբերաբար հավելվածներ։ Այս մեծ մնացորդից դեպի հյուսիս արևմուտք 20-25 քայլի վրա կա մի այլ բոլորակ մոտավորապես 10 մետր տրամագծով գրեթե նույն ուղղությամբ, փոքր ինչ դեպի արևելք, կամ հարավ արևելք կա մի ուրիշ բոլորակ 21 մետր տրամագծով։ Այս երեք մեծ ու փոքր բոլորակներից դեպի արևելք կա մի ուրիշ կանոնավոր սրբատաշ քարերով կրաշաղախ շինված մի բոլորակ մոտավորապես 4,50 մ․ տրամագծով և 80 սմ․ պատերի հաստությունով։ Անպայման այս բոլորակը, որ այժմ ևս ժողովրդական ուխտատեղի է, կապ ունի նախաքրիստոնեական մի ավանդության հետ և իբրև սրբատեղի քրիստոնեական շրջանում վերանորոգել են։

Գյուղի արևմտյան կողմը, գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա կա մի մեծ քարքարուտ բյուր, որուն գագաթին վրա թեև չեն երևում շինարարական հետքեր, բայց բլուրի ստորին փեշերի մոտ երևում են շրջապատող պարսպի անհեթեթ հաստությամբ, զուգահեռական 3,60 մ. թանձր պատեր, որոնք ձգվում են դեպի հյուսիս արևմուտք։ Պարսպի ներսի կողմից բլուրի լանջերու վրա երևում են շինված շենքերի հիմեր, այս հիմերի և մեծ պարսպի միջից իբրև հասարակաց ճանապարհ բաց է թողված 2,10 մ, լայնությամբ մի անցք, ամբողջ պարիսպների երկարությամբ։

Բլուրի հարավային փեշի վրա մի ժամանակ եղեր է մի մեծ քարայր-դամբարան, որի մասին բնիկ Աղճաղալացի, 75-76 տարեկան Վասիլ Ավետիսյանը պատմում է, թե՝ «45-50 տարի առաջ, երբ քյուլ հանելու համար փորում էի, հանկարծ բահս դիպավ մի պատի՝ բացված պատի առջևից հողը լավ մաքրելուց հետո, երևան եկավ մի սենյակի նման տեղ, մասամբ քարափոր, պատերը ծեփված գաճով, կամ կրով։ Հետզհետե հողը մաքրելով և խորը գնալով գտա հողե ամանով լիքը վեգ և մի քրեղան։ Ուզում էի փորումներս շարունակել, սակայն գյուղացի թուրքեր արգելք եղան, առարկելով որ այդ տեղը կպատկանի իրենց, և նախնյաց դամբարան է համարվում թուրք հասարակության կողմից»։ Գյուղին կից դաշտի ճանապարհի աջ կողմն ընկած է մի մեծ բոլորակ քար 1,90 սմ․ տրամագծով։ Բոլորակի եզերքից, 20 սմ․ ներս, 20 սմ․ լայնությամբ և 20 սմ․ խորությամբ կանոնավոր կերպով փորված է շուրջանակի։ Ենթադրում եմ, որ այս քարն առանց խորհրդավոր նպատակի չի շինված, շատ կարելի է, որ մի պաշտաման հետ կապ ունի, քանի որ շուրջը լիքն են հեթանոսական շրջանի մնացորդներ։

Միանգամայն համոզված, որ Պուլեյ Լըկուզի նկարած բերդը կամ մի թյուրիմացության հետևանք է և կամ գոյություն ունի մի ուրիշ տեղում և տեղի անունն էլ սխալ է գրված, ստիպված եղա հեռանալ Աղճաղալայից, հետազոտությունս առայժմ բավական համարելով։

Որովհետև աղճաղալացիք հայտնել էին, որ վերջերս գտնված են հին գերեզմաններ մոտակա Ղզնավուզ գյուղում, ճանապարհվեցի դեպի Ղըզնավուզ գյուղը՝ Աղճաղալայի գյուղխորհրդի քարտուղարի ընկերակցությամբ։ Քարտուղարը առաջնորդեց ինձ դեպի բացված գերեզմանները, որոնք գյուղի հարավային կողմին կից մի մեծ բլուրի հարավ արևմտյան կողմի վրա էին՝ բլուրից մի քանի քայլ դեպի հարավ։ Գերեզմանները գտնվում էին դեպի հարավ գնացող ճանապարհի վրա, որուն հողը հետզհետե մաշվելով գերեզմանի միջի առարկաները սկսել էին երևնալ, որով գյուղացիներից մի երկուսը հետաքրքրվելով, սկսել են փորել գանձ գտնելու հույսով։ Նախապես իմ տեղեկությունը բացված երկու գերեզմանի մասին էր, որոնց միջից դուրս հանված էին 3 հատ խեցեղեն պուտուկներ։ Սակայն իրողությունն այն էր, որ ավելի քան 10 գերեզմաններ փորված էին այնտեղ և հողը վերստին տեղը լեցված, հետևաբար հայտնի չեղավ, թե ի՞նչ տիպի գերեզմաններ էին և ի՞նչ իրեր են երևացել մեջերը։ Դիմեցի գյուղխորհրդի նախագահին և պանհանջեցի գտնված խեցեղենները, նախագահը ինձ վստահացրեց, որ խեցեղենները ղրկված են Սամաղար շրջգործկոմի նախագահին մեզ ղրկվելու համար։ Եվ իրոք, ղրկված էին երկու միջակ մեծությամբ պուտուկներ, որոնք ինձ հասնելուց հետո ուղարկել եմ Կոմիտեին, սակայն երկու հատ միայն, փոխանակ երեքի, ինչպես հայտնեցին գյուղում։

Ղըզնավուզ գյուղում բացված գերեզմաններից անհամեմատ ավելի հետաքրքրական էր գտնված գերեզմանների մոտի բլուրին վրա մի հնագույն բերդի մնացորդ, որն անպայման շինված էր ուրարտական ժամանակ։ Բերդը գրեթե քայքայված է ամբողջությամբ, ներքին բաժանումներ որչափ որ մնացել էին որոշ, մանրամասն չափագրեցի տեղին վրա։ Հյուսիսային կողմը ամբողջովին քանդված է, նմանապես արևելյան կողմը, որուն հիմերը հազիվ հայտնի են, իսկ հարավային պատերից դեռ կանգուն կան 2½-ից մինչև 3 մետր բարձրությամբ։ Հարավային ծայրին անկյուններին վրա շինված են բրգանման քառակուսիներ, իսկ հարավային պատի վրա իբրև հենորմներ պատի հետ շինված են 3,80 մ․ լայնությամբ և 50 սմ․ դուրս ցցվածքներ, անշուշտ ամրության, հաստատության համար, այս վերջինս դեռ գոյություն ունի մոտ 3 մետր բարձրությամբ։ Այս շենքը հին ժամանակ եղել է անշուշտ մի ցեղապետական ամրոց, կամ դղյակ, անկախ ներքին ամուր կառուցվածքից դրսից ևս շրջապատված է եղել ամուր, շրջափակ պարիսպով, արևելյան կողմից 5 մետր հեռավորության և արևմտյան կողմից 21 մետր հեռավորության վրա։ Հյուսիսային և հարավային պարսպամասերի հետքերը կորած են։ Ամրոցի, կամ դղյակի վերևի մասի մուտքը եղել է հյուսիս արևմտյան կողմից, որովհետև