Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/233

Այս էջը հաստատված է

շենքը կառուցված էր մեծ ապառաժուտ բլուրի վրա և մուտքը բարձր էր, ուստի գրեթե 3-4 մետր տարածության վրա գետնից աստիճանաբար վերև բարձրացող մի լայն ճանապարհ են շինել մինչև ամրոցի դռան առջև, ճանապարհի լայնությունը եղել է ուղիղ չորս մետր, այս լայնությունից անկախ երկու կողմից, բարձրացող ճանապարհի ամրության համար շինել են 210 սմ․ հաստությամբ որձաքար պատեր նույնպես շեղակի մինչև շենքն աստիճանաբար բարձրացող. այս ճանապարհով ցեղապետը, եթե ոչ կառքով, կարող էր բարձրանալ ձիով մինչև դղյակի դուռը։ Հետքեր կան, որ շենքը հյուսիսային կողմից ևս ունեցեր է բրգանման քառակուսի մասեր, երկու անկյունների վրա, և հյուսիսային կողմի հատակն ավելի ցածր է եղած, գրեթե այժմյան գետնին հավասար, ամենայն հավանականությամբ այս կողմին վրա ևս ունեցեր է մտից դուռ։ Ինձ թվում է, թե Պուլեյ Լըկուզ ֆրանսիացին 280 տարի առաջ այս բերդն է, որ կանգուն տեսել է, որը տարիներ հետո ավերվել է և ավերումն այնքան վաղ ժամանակ է եղած, որ ներկա գյուղացիների մեջ ամենից ծեր մարդիկն անգամ չեն հիշում բերդի կանգուն ժամանակը։ Պուլեյ Լըկուզի տեսածը բերդ լինելուն մի մեծ հավանականություն կա, այն է անկյունների բրգանման լինելը, ինչպես կերևի «Այրարատի» 202 էջի պատկերին մեջ, նույնը երևում է նաև, թե տեղին վրա և թե իմ հատակագծիս վրա։ Ամենայն հավանականությամբ Պուլեյ Լըկուզը բերդը գծագրել է հյուսիսային կողմից, ուր նաև տեղին վրա նշմարվում է մի դռան տեղ և անկյունի բուրգերի մեկ մասի հիմը։ Ամրոցի հյուսիս արևմտյան կողմի վրա մինչև այժմ, բացի գերեզմաններից նկատվում են կրոմլեխներ, որոնց երկուքը և խոշորագույնները ամրոցի կից և հավանորեն ամրոցը շրջապատող արտաքին պարսպից ներս էին գտնվում։ Մասնավոր հետազոտության արժանի են ինչպես Աղճաղալայի, նույնպես այս գյուղի հյուսիսային կողմի դռները։ Նաև մոտակա Աղավնատան սահմաններում խիստ շատ են նախաքրիստոնեական մնացորդներ և գերեզմաններ։

Ղըզնավուզին խիստ մոտ և սահմանակից է Աղավնատուն գյուղը, լսելով, որ Աղավնատան մեջ ևս գտնվում են պատմական հուշարձանների մնացորդներ, այցելեցի նաև այս գյուղը, որ բավականին շահեկան եղավ այցելությունս թե՛ նախաքրիստոնեական և թե՛ քրիստոնեական շրջանի հին հուշարձանների տեսակետով։ Այս գյուղում ևս, երբ դաշտը վերջանում է և սկսվում է լեռնալանջը, առաջին բարձրության լանջին վրա, գյուղին կից, կա մի հնագույն գերեզմանատուն, որը վերջին տարիներս օգտագործում էին գյուղացիք (այժմ գերեզմանատունը գյուղացիք տեղափոխած են ուրիշ տեղ)։ Խառնիխուռն կտեսնվին զանազան դարաշրջանների քրիստոնեական գերեզմաններ։ Գերեզմանատան վերևը փոքր ինչ հարթավայր տեղի վրա կառուցված է եղել նախաքրիստոնեական շրջանի մի բերդ մեծամեծ որձաքարի զանգվածներով, որոնք զետեղված են միմյանց վրա առանց շաղախի։ Բերդի տարածությունը փոքր է, հազիվ հասնի 22 մետի լայնության, նույնչափ ևս երկարության, սակայն ինչպես կերևի, այս կտորը եղել է միայն միջնաբերդ, հեռվից շրջապատված է եղել մի ուրիշ պարսպով, որին հետքերը տեղ տեղ հազիվ տեսանելի են։ Սակայն ինչպես երևում է քրիստոնեական շրջանում չեն լքած այս բերդը, այլ վերաշինել են և ամրացրել են կիսաբոլորակ բուրգերով, որոնցից մեկ քանին դեռ կիսականգուն գոյություն ունին, դժբախտաբար գյուղացիք հետզհետե քանդում են քարերից օգտվելու համար։ Բացի բուրգերի քանդումից, փորում են նաև գետնի անմշակ տեղերը և հողերը կրում իրենց արտերը պարարտացնելու համար։ Այս փորումների օգուտը չի սահմանափակվում գյուղացու համար միայն պարարտացման համար հող դուրս բերելու մեջ։ Իրենց պատմելով գտնում են ուրիշ շատ իրեղեններ, հնագույն տնային կարասիներ, գործիքներ, նույնիսկ դրամներ, այդ պատճառով գյուղացիք հրապուրված այդ փորումների բազմակողմանի օգուտներով չեն լսում պաշտոնական արգելքները և շարունակում են իրենց ավերիչ գործը և գիտությունը տուժում է միշտ տգետ գյուղացու այսօրինակ վարմունքից։

Միջնաբերդը կառուցված բլուրին ներքև կա մի մեծ քարայր, որն անշուշտ օգտագործել են հին ժամանակ բերդը կառուցողները, նաև քրիստոնեական շրջանում բերդին տիրացող ու նորոգողները։ Դուռը գտնվում է հյուսիսային կողմը՝ այժմ հողով լցված վերջին ժամանակներս։ Դուռը եղել է կապույտ որձաքարից, որուն կեսը կա այժմ տեղին վրա, իսկ մյուս կեսը գյուղացիք տարել են իբրև սալաքար գործածելու համար։ Վերջին թուրքական արշավանքների ժամանակ գյուղացիների կեսն ապաստանել է այս քարայրի մեջ և չորս օր մնացել են աննկատելի։ Բերդի շրջակայքում գյուղացիներից ինքնակամ պեղում անողները գտել են նաև նախաքրիստոնեական շրջանի հնություններ՝ բրոնզյա, երկաթյա զարդեր, գործիքներ և խեցեղեն ամաններ։

Հավանաբար քրիստոնեական շրջանում բերդին տիրողները շինել են բերդի հարավային պարսպին կից մի փոքր եկեղեցի՝ բավականին ճոխ քանդակազարդությամբ։ Եկեղեցիի շենքի շինելակերպը և գործադրված քանդակների ոճը ցույց են տալիս, որ շենքը շինված է 11-րդ դարուց ոչ ուշ։ Սակայն երկար ժամանակ կանգուն մնացել է եկեղեցին և քարերի վատ տեսակի պատճառով հարավային պատը վտանգվել, այդ պատճառով իսկ եկեղեցիի հարավային պատին կից, մոտավորապես 8 մետր տրամագծով շինել են կիսաբոլորակ մի բուրգ, իբրև շենքի հենարան, որուն շնորհիվ մինչև այսօր մնացել է կանգուն։ Պատերը կառուցված են կարմրագույն տուֆ քարով, թեև վերևի կամարածածկը փլված է, սակայն ամեն կողմից գրեթե երկու մետրից ավելի բարձրությամբ պատերը կանգուն են։ Խորանի գմբեթարդի մեջ հատկապես հյուսված է մի կարաս անշուշտ երգեցողության ժամանակ արձագանք տալու համար։

Գյուղացիք այս ավերակը վերածել են այժմ ուխտատեղիի։ Խորանի կիսաբոլորակի մեջ կանգնել են վեմ քարի նմանող մի քար, և վրան դրել են 11-րդ դարու արձանագրված քարի մի բեկոր, որուն վրա մոմեր կպցնելով ամբողջովին մրոտել են և անընթեռնելի դարձրել։ Տեղի վրա մնացած բեկորներից կա 11-րդ դարու ոճով մի խոյակ և 13-14 դարերու հատուկ ոճով քանդակված մի պատուհանի շրջանակ, սրանք ևս պաշտաման