Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/235

Այս էջը հաստատված է

զուգահեռաբար ձգված են արևելքից արևմուտք կանոնավոր կերպով. այս պատերի գլուխները կապված չէին միմյանց ո՛չ արևելյան կողմից և ո՛չ արևմտյան կողմից, հետևաբար արևելքից դեպի արևմուտք ձգվող այս պատերին ուղղահայաց հյուսիսից հարավ պատերի հետքեր չկան։ Հետևաբար պարզ է, որ ծածկութավոր շենքի պատեր չէին այս երկար զուգահեռական պատերը, որոնց երկարությունն առնվազն 40-50 մետրի կհասնի։

Սույն երկար հիմքերից մի քանի քայլ դեպի արևելք, բլուրի լանջի վրա կա մի քարակույտ, կրոմլեխի նման, հայտնի չէ թե որտեղից են բերած դրած այնտեղ մի խաչքարի կտոր և ուրիշ երկու կամ երեք հատ քանդակների բեկորներ և վերածել են ուխտատեղիի։ Շրջակա գյուղացիք, իմ առաջնորդի ասելով, գոնե տարին մեկ անգամ ուխտի են գալիս այստեղ։ Համենայն դեպս, հեթանոսական ժամանակից այդ տեղերը մի սրբավայրի համբավ են ունեցել և քրիստոնեության ժամանակ ևս շարունակում են հին ավանդության վրա հիմնված։

Աշտարակից թափված քարակույտերից մեծ դժվարությամբ անցնելով հաստաբուն բոլորակ շենքի մոտ, որը ո՛չ դիտարան է և ո՛չ վերջին դարաշրջանների գործ, այդ ամենահին, թերևս նախաուրարտական, մի խորհրդավոր կառուցվածք է։ Շենքի տարամագիծը 8,40 մետր է, բարձրությունը, մինչև շուրջը թափված քարակույտերի վրա, 4,80 մ. է, հավանականորեն մինչև հատակը կլինի 4 մետր ևս, որով այժմյան բարձրությունը կլինի ավելի, քան 8 մետր։ Բայց ի հարկե սա իր նախկին իսկական բարձրությունը չէ, իր շուրջը թափված քարակույտերը ցույց են տալիս, որ շատ բարձր է եղած, հետզհետե փլչելով այսքանն է մնացել։ Ինչպես դուրսն այնպես ալ ներսն են թափել մեծամեծ քարեր և խտացել են այնպես, որ հնար չեղավ ներքին տրամագիծը չափել։ Արևելյան կողմից մի դուռ, կամ պատուհան ունի մեկ մետր լայնությամբ և բարձրությամբ. ամբողջությամբ շինված է անտաշ, կարծր քարերով առանց շաղախի, սակայն քարերի ընտրություն եղած լինելուն կասկած չկա, որովհետև քարերը միշտ երկարավուն և կանոնավոր հաստություն ունին որով ավելի լավ կապված են շարքերը։ Այս շենքի պատերի շարվածքի մեջ նախապատմական շրջանի մի շարք պատերու մեջ դրված անհեթեթ մեծությամբ զանգվածներ չկան, միայն թե մեջն ինկած են մի քանի մեծ քարեր, որոնք հավանորեն աշտարակի գագաթի վրա ծածկույթի քարերը եղած են։ Ես կարծում եմ, որ այս շենքը նախապատմական ժամանակի մի սրբավայր, կամ ուխտատեղի եղած է և նույն ավանդության շարունակությունն է այս աշտարակին մոտի ուխտատեղին, որ նկարագրեցի քիչ առաջ։

Արդեն լրանում էր իմ տասնօրյա ճանապարհորդությանս ժամանակը, 9-րդ օրն Աղվանատան շրջանում անցնելուց հետո, անցա Ֆրանկանոց գյուղը։ Այս գյուղի հյուսիս արևելյան կողմը, արտերի մեջ, երևում են հնագույն երկար պատերի հիմքեր, որոնք ուսումնասիրության կարոտ են, տարակույս չկա, որ այդ հիմքերը նախաքրիստոնեական ժամանակի անշաղախ որձաքարե պատերի մնացորդներ են, սակայն լրջորեն հետազոտելու, ուսումնասիրելու համար հարկ էր տեղ տեղ փորումներ կատարել, որու մասին ես արտոնություն չունեի Կոմիտեից, ուստի առայժմ փաստն արձանագրելով, թողի այդ մասի մանրամասն ուսումնասիրությունը հարմար ժամանակին։

Ֆրանկանսցի հարավ արևելյան կողմի վրա կա մի կիսավեր եկեղեցի Սիմեոն կաթողիկոսի ժամանակ (1763-1780) շինած, այս եկեղեցին շինված է շատ հասարակ քարե պատերով, վաղուց անհետացեր է վրայի փայտածածկը, պատերը նույնպես քանդվելու և ավերակ դառնալու վրա են։ Այս եկեղեցիից դեպի հյուսիս արևմուտք կա մի գերեզմանատուն, որը շատ հին չէ, սակայն հետաքրքրական են այնտեղ գոյություն ունեցող մի շարք գերեզմանաքարեր, որոնք թե՛ կուլտուրական և թե՛ ազգագրական նշանակություն ունին այս կողմերի 16-17-րդ դարի ժողովրդական կյանքի վերաբերմամբ։ Այս նշանակալից գերեզմանաքարերը առհասարակ համեմատաբար բարակ, սովորականից քիչ բարձր և կիսաբոլոր վերջավորությամբ կանգնված միակտուր քարեր են, փոքր ինչ հիշեցնում են հին օրորոցաձև տապանաքարերը։ Այս ձևի ամեն մի տապանաքար քանդակված է իր ժամանակակից սովորության համեմատ։ Տապանաքարերեն մեկուն վրա բոլորովին նախնական գծերով քանդակված է մի մարդ երկար արխալուղ հագած, ձեռքերը մեջքին դրած պար խաղացողի ձևով։ Առջևը դրված է մի բաժակ, բաժակի կողքին մի գինու կուժ։ Մի երկրորդ գերեզմանաքարի վրա քանդակված է մի մարդ, դարձյալ երկար արխալուղով, մեկ ձեռքը դրած մեջքին, իսկ մյուս ձեռքով՝ բռնած գինու կուժը, կուժից քիչ հեռու գինու բաժակը։ Երրորդ տապանաքարի վրա քանդակված են դարձյալ միևնույն տարազով ելեք հոգի, որոնց երկուքը ձեռք ձեռքի բռնած, իսկ երրորդը՝ առանձին պարում են՝ մոտերնին դրված գինու կուժը։ Այս քարին վրա բացառաբար փորագրված է երկու բոլորակի շրջանակ, մեջը տրամագծորեն խաչաձև գծված։

Այս բոլոր քարերի վրա գիր, կամ թվական չկան, բացառությամբ մեկ հատի։ Այս մեկ հատին վրա փորագրված է երկու մարդ, իրենց աջ ու ձա՛խ ձեռքերով բռնած են գինու մեծ կուժ, ձախ կողմի մարդը ձեռքը մեջքին դրած, իսկ աջ կողմինը ձեռքին գինու թասն է բռնած. այս քարի վրա քանդակված է ՌՃԽԳ (1694) թվականը։ Գերեզմաններից մեծ մասը գրեթե այսօրինակ տապանաքարեր ունեն և որովհետև այս կողմերում ուրիշ գյուղերի գերեզմանատներում ևս տեսել եմ այս ձևի տապանաքարեր, սրանց մասին պիտի գրեմ իրենց կարգին, ինձ համար կարևոր թվեցավ տնտեսական և ազգագրական տեսակետով։ Ամեն մի տապանաքարի վրա գինիի կուժերի, կամ գավաթների քանդակումը, իմ կարծիքով ցույց կուտա խաղողի ու գինիի առատ արդյունաբերությունը, ուր այժմ ևս շարունակվում է խաղողի մշակությունը։ Իսկ խմելով պար խաղալու ձևերն ինձ հիշեցնում է գլխավորապես Թֆլիսի ժեջ եղած մի սովորություն։ Հուղարկավորության օրը հանգուցելույն ընկերներն ու բարեկամները գնում են գերեզմանատուն, զուռնայով և ուրիշ նվագարաններով, թաղման արարողությունը կատարելուց հետո մեծ կերուխում են անում և հանգուցելույն գերեզմանի շուրջ