օշականցիների ձեռքով, պատերը շինված են մանր, անտաշ քարերով, հավանորեն հնում գոյություն ունեցող մի մատուռի հիմերի վրա, շենքը կգտնվի ամրոցի արևմտյան պատից ներս, շուրջը երևում են հետնագույն ժամանակի բնակությանց հատուկ շինության հիմեր։ Մատուռին մեջ իբր սրբություն դրված է 13-14-րդ դարերի հատուկ քանդակագործությամբ մի խաչքարի բեկոր։ Շենքի հարավային կողմը կան առանց արձանագրության պարզ տապանաքարեր, իսկ արևելյան կողմը երևում է մեծամեծ քարերով անշաղախ շինված պատի հիմի մնացորդ՝ հյուսիսից հարավ ձգված, որն անշուշտ կպատկանի հին ամրոցին։ Բլուրի արևմտյան լանջին, գագաթից մինչ ստորոտը երևում է մոտավորապես 1½ մ. լայնությամբ մի ուռուցիկ գիծ, որի մասին գյուղացիների ընդհանուրին կարծիքն է, թե մի ջրմուղ է ամրոցին մեջ ջուր բարձրացնելու համար։ Համենայն դեպս եթե ջրմուղ լինելը հավանական էլ չէ, այնուամենայնիվ երևույթը հետաքրքրական է, արժե, որ մի փորձնական պեղումով պարզվի իսկականը։ Հարավային լանջի վրա ցրված են գերեզմանաքարեր, ջարդված խաչքարեր, խաչքարի պատվանդաններ, ի միջի այլոց կա մի մեծ պատվանդան, որի վրա կանգնված է եղել զույգ խաչքարեր։ Խաչքարերի պատվանդանների մոտ կա մի մեծ քարայր, որ այժմ լցված է հողով ու քարով։ Կան ուրիշ քարայրեր այս կողմին վրա, որոնք այժմ գյուղացիների համար ծառայում են որպես պահեստ և դարմաննոց։
9. Փոքր մատուռ, կամ Փոքր Թուխ Մանուկ.− Մեծ Կոնդի հարավ արևմտյան լանջի վրա, գյուղից բարձր, շինված կա մի փոքր մատուռ Փոքր Թուխ Մանուկ անունով։ Այս մատուռը, որին շինությունը գրեթե անաղարտ պահված է, կառուցված կերևի 14-րդ դարի վերջերին, կամ 15-րդ դարի սկզբներին։ Ըստ վաղեմի հայկական սովորության շենքը շինված է գորշագույն և մութ դեղնագույն հրաբխային սրբատաշ քարերով։ Շենքի արտաքին երկարությունն է 5,10 մտ․, լայնությունը 3,60 մտ.։ Հյուսիսային կողմին կանգնված է ճոխ պատվանդանավոր խաչքար մատուռից մեկ և կես մետր, կամ քիչ ավելի հեռավորության վրա, պատվանդանից վերև միմիայն խաչքարը 1,74 մ. է, պատվանդանին բարձրությունը 1,07 մ. է։ Խաչքարն իր ամբողջության մեջ զարդարված է ակնահաճո երևույթով քանդակագործ moulure-երով. կատարին ունի ճոխ քանդակագործ պսակ, ամբողջ բարձրությունը պատվանդանից մինչ պսակի վրան 4,55 մ. է։
10. Գյուլլե Կոնդ.− Օշականի հարավ արևելյան կողմը, մեծ բլուրից ուղիղ հարավ կգտնվի Գյուլլե Կոնդ անվանված արվեստական մեծ բլուրը։ Այս բլուրը կազմվեր է շատ հին ժամանակ իբրև հսկայական հողադամբան։ Հանդիպակաց մեծ բլուրին լանջին վրա, այժմ