Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/253

Այս էջը հաստատված է

մասամբ խափանել էին մուտքը, սակայն երևում էին մուտքի շինության համար երկու կողմի վրա կանգնված քարեր և կանգնված քարերի վրա ծածկված մեծամեծ սալաքարեր։ Բայց այժմ, ինչպես կերևի, հեղեղատի մշտապես հոսումից բոլորովին փակված է մուտքի բերանը և տեղը հազիվ թե հայտնի է։ Նախկին այցելության ժամանակ գյուղացի ծերեր հավաստում էին, որ այդ մուտքի հեղեղատի մուտերը ևս կա եղեր մի ավելի րնդարձակ բևեռագիր արձանագրություն, սակայն անհայտացել էր դեռ այն ժամանակ, և չգիտեին թե ուր մնաց և ի՞նչ եղավ։

Բերդը քննելուց հետո, սկսեցի իջնել զառիվայրը, շարունակելով ճանապարհս դեպի գյուղ, որուն կից են հռչակավոր Մարմաշենի շքեղ և գեղարվեստական հուշարձանները։

Զառիվայրի վերևից արդեն կերևա մոտակա գյուղի ծայրին հոյակապ հուշարձանների շարքը, որոնց մեջ բարձր և շքեղ գմբեթով գրեթե անարատ մնացած է Վահրամ Պահլավունիի կանգնած հոյակապ կաթողիկեն։ Բացի Վահրամաշեն կաթողիկեի անմիջապես մոտը կանգնված գեղեցիկ շենքերից, դեպի հյուսիս, կես կիլոմետրի վրա, կա մի 7-րդ դարու եկեղեցու ավերակ, որի հյուսիսային կողմն է միայն կանգուն մնացած (նկար 242)։

Մարմաշեն գյուղը, որ այժմ Ղանլիճա անունն ունի, ամբողջովին շինված է մի ընդարձակ հնագիտական վայրի վրա։ Տներ շինելու համար ամեն անգամ հողը փորելիս գտնվում են արձանագրությանց բեկորներ, գեղաքանդակ շենքի մասեր և բազմաթիվ հին շենքերի հիմքեր։ Սույն հուշարձանների գյուղից հարավ գրեթե մեկ կիլոմետրի վրա կա մի ուրիշ գյուղ, դարձյալ միևնույն Ղանլիճա անունով, որը ոչ միայն քրիստոնեական հին հուշարձանների մնացորդներ ունի իր մեջ և անմիջապես շրջակայքում, այլև շրջապատված է նախաքրիստոնեական շատ հին մնացորդներով։ Այս գյուղի վերևը, արևելյան կողմի բարձունքի վրա է, որ կգտնվի ժայռի վրա փորագրված ծանոթ բևեռագիր արձանագրությունը։ Գյուղացի ծերերի պատմելով այս գյուղից են տարեր Վահրամաշեն կաթողիկեն կանգնված գյուղը Վահրամի և իր կնոջ Սոփիայի տապանաքարերը։ Պատմական այս արժեքավոր տապանաքարերը մնում են Վահրամաշեն կաթողիկեի արևելյան կողմի հին գերեզմանատան մեջ, բոլորովին անխնամ, փչացման և կորստյան ենթակա վիճակի մեջ, և արդեն ինչպես կերևի լուսանկարներից, կոտրատվել և մաշվել են թե՛ բնության ազդեցության և թե՛ տգետ մարդկանց անհոգության պատճառով։