եկեղեցիները և վանական հաստատությունները շրջապատված են եղել ընդարձակ պարսպով, եկեղեցիների արևմտյան կողմը, գետեզերքի վրա, տակավին գոյություն ունի այդ ընդարձակ պարսպի արևմտյան մասը, մաքուր սրբատաշ քարերով շինված, շինվածակերպը ցույց է տալիս, որ այդ պարիսպը շինված է 11-րդ դարուց ոչ ուշ։ Պարիսպի միայն գետեզերքի մասն է մնացել, մնացած մասերը միանգամայն անհայտացել են զանազան նոր շինությունների պատճառով։ Նույնիսկ այս շրջափակին մեջ երևում են այլ և այլ հին շինվածների հիմքեր՝ նույնիսկ եկեղեցիի հատակագծերին նմանող մնացորդներ և մի մեծ բոլորակ շինության հիմքերը։
Գյուղից դեպի հարավ 3-4 կիլոմետր հեռավորության վրա, կա մի ամբողջական գյուղի մնացորդ, որի փլատակների մեջ երևում է մի գեղեցիկ քանդակազարդ մատուռի ավերակ, ձիթհանքեր և ուրիշ հետազոտության արժանի մնացորդներ։ Խիստ գեղեցիկ է եղած այս մատուռը՝ հետևցնելով մեջը թափված գեղաքանդակ քարերից։ Գյուղացիք պատմում էին, որ մի քանի տարի առաջ գրեթե կանգուն է եղած այս մատուռը, սակայն զինվորական ամառանոց (բալիկոն) շինելու ժամանակ քանդել են այս մատուռը զինվորականներ և քարերը տարեր են շինությանց մեջ գործածելու համար։ Այս գյուղին կից կա նաև մի գերեզմանատուն արձանագրված քարերով և հաստատուն ժայռերից ձևակերպված տապանաքարերով․ հաստատուն ժայռերի վրա փորագրված են խաչեր և արձանագրություններ։ Այս մնացորդները ցույց են տալիս, որ գետեզերքի վրա Մարմաշենի մոտիկ մի շեն գյուղ է եղեր այս տեղը և ամենայն հավանականությամբ Վահրամաշեն կաթողիկեի հյուսիսային կողմի արձանագրության մեջ հիշված Տիրաշեն գյուղը։ Գետի երկու եզերքին վրա դեռ մինչև այժմ երեում են հին ջաղացների և ձիթհանքերի մնացորդներ այս գյուղին հատուկ։
Կումայրիից սեպտեմբերի 10-ին մեկնեցի դեպի Ղափըլի գյուղը, որ գտնվում է Կումայրիի (Լենինական) շրջանում։ Երրորդ անգամն էր որ այցելում էի այս նախնադարյան և ուրարտական հնություններով հարուստ գյուղը։ Նախորդ այցելություններս փոքր ինչ սահմանափակ եղած էին, այս անգամ հնար եղածին չափ ավելի ընդարձակ սահմանի մեջ կատարեցի հետազոտություններս։
Գյուղի մեջ կա մի ավերակ բերդ, որուն գյուղացիք Ղուլա անունն են տալիս։ Այս բերդը շինված է սրբատաշ քարերով և նայելով շինելակերպին 12-13-րդ դարերու գործ է և ոչ ավելի հին, սակայն հայտնի է, որ հիմքից նոր չէ շինված այս բերդը:
Շատ հին ժամանակ, թերևս նախնադարյան շրջանում այդ միևնույն տեղին վրա եղել է բավականին ընդարձակ մի ամրոց՝ կիկլոպյան հսկա քարերով անշաղախ շարված հսկա պատերով։ Նույնիսկ ունեցել է քառակուսի բուրգեր արտաքուստ, սակայն ժամանակի ընթացքում ավերվել է։ Սակայն վերջին դարերում տեղին բարձրադիր ամրությունը և հարմարությունը բերդի համար, ստորին շարքերը թողելով նախնական վիճակին մեջ վրան շարել են հրաբխային սրբատաշ քարերով բարձր պատեր, նույնիսկ պահել են նախնական բուրգը՝ վրան սրբատաշ քարերով պատ շարելով։
Հետագայում նոր բերդը կանգներ են հին նախնադարյան ամրոցի մեկ մասին վրա․ և բերդին շուրջը թափված քարերը այնքան հսկայական մեծություն ունեցեր են, որ ոչ միայն վերջին բերդի շինության ժամանակ տեղնուտեղը թողել են առանց մաքրելու և տեղափոխելու, այլև մինչև այսօր իսկ մնում են հսկայական որձաքարի զանգվածներ՝ ոմանք հին պատերի տեղին միմյանց վրա դրված և ոմանք անկարգ կերպով գլորված զանազան կողմեր։
Գյուղի հարավ արևմտյան կողմը, գրեթե գյուղին կից, երևում են նախնադարյան ժամանակի մի քաղաքի կամ ընդարձակ գյուղի բնակարանների մնացորդներ բավականին խիտ, բայց սաստիկ ավերված ու քայքայված։ Հազիվ մի քանի տեղերում երևում են երկու կամ ավելի մետր բարձրությամբ պատերի մնացորդներ, որոնք ևս հետզհետե քայքայվելու և անհայտանալու վրա են։ Ինչպես երևում են հետքերից, վերջին 12-13 դարերին նորոգ շինված բերդի ժամանակ մարդկային բնակություն է եղել հնագույն քաղաքի կամ գյուղի մեջ, որոնք հավանորեն ընդհանրապես օգտվել են հնագույն պատերից՝ իրենց բնակարանների համար։ Այս տեղի վրա ժողովրդի վերջին բնակության