(այժմ Ղալաիչի) շինված է եղել գյուղին կից բարձր բլուրի վրա, որուն նիստը սկսում է նույնիսկ գյուղից և զառիվեր թեք բարձրանալով հասնում է գագաթին։ Գագաթը շատ ընդարձակ է, թեև խորդուբորդ, ունի իր ընդարձակ տարածության մեջ բլրակներ, փոսեր, զառիվայրեր և հարթ մակերևույթով մասեր, սակայն այս անհավասար մակերևույթով ընդարձակ տարածության վրա մի ժամանակ խտացած է եղել բնակիչների մի հոծ բազմություն։ Գրեթե ազատ տեղ չէ մնացած, բնակարանների հիմերը միմյանց այնքան մոտիկ են, որ տեղ տեղ հազիվ մեկ կամ երկու մետր տեղ մնացած է փողոցների լայնության համար։ Թեև տեղ տեղ մինչև 5 մետր լայնության փողոցներ ևս կան, բայց այս լայն փողոցները խիստ կարճ են և խաոնվում են նեղ փողոցների հետ։ Բնակարանների խտությունը սկսվում է Հոռոմ գյուղի մոտից և շարունակվում է մինչև գագաթ. այս բլրի գագաթը բարձրացող բնակարանների խտության մեջ երևում են նաև ձեռագործ ստորերկրյա այրեր, որոնց մուտքերը այժմ խափանված են։ Բլուրի բարձրության վրա ընդարձակ քաղաքը ամբողջովին շրջապատված է եղել մեծազանգված որձաքար պարիսպներով՝ առանց շաղախի։ Իսկ քաղաքին մեջը, զանազան պարիսպներով բաժանված է քաղաքամասերի, որոնց պատերը նույնպես շինված են որձաքարի մեծամեծ զանգվածներով։
Արտաքին շրջապատի պարիսպները ունեցեր են հսկա քառակուսի բուրգեր, բոլորովին նախնական ձևով շարված, գրեթե քարերի կուտակումներ են քան թե շարք, ամենայն հավանականությամբ այս բուրգերը բրգաշինության առաջին շրջանին կպատկանին, որովհետև հետագայում զինված բուրգեր շատ կան, որոնք ավելի կանոնավոր շարքի են ենթարկված։ Ընդարձակ քաղաքը պարիսպից դուրս շրջապատված է միմյանցից բարձր ու ցածր մեծամեծ բլուրներով։ Այս քաղաքատեղի դիրքը կարծեք հատկապես ընտրված է ամրության համար. արևելքից և հարավից կիսալուսնաձև կշրջապատեին քաղաքը մեծամեծ բլուրները, իսկ մյուս կողմերի վրա քաղաքատեղը ինքը բարձր դիրքի վրա էր և գրեթե անմատչելի այն ժամանակ։ Այս բլուրներեն ամենաբարձրը հարավային կողմի բլուրն էր, շրջապատված վիթխարի կիկլոպյան պատերով, իսկ մյուս բլուրները, թեև համեմատաբար ցած քան այս հարավային բլուրը՝ սակայն բոլորն էլ շրջապատված են հաստակառույց պարիսպներով և խիստ շատ ուսումնասիրելի շինությանց մնացորդներով։
Գյուղի արևելյան կողմին անմիջապես կից բլուրի գագաթին, որ շրջապատված է առանձին պարիսպով, մեջտեղի հարթության վրա կա մի շատ հետաքրքրական շինության մնացորդ։ Ամեն անգամ այցելությանս միջոցին երկար կանգ եմ առել այստեղ հասկանալու համար, թե ինչ շենքի մնացորդ է, սակայն վերջնականապես այն եզրակացության եմ եկել, որ առանց մասնավոր պեղումների անհնար է որոշել այս տարօրինակ շենքի հատկանիշը, որը թեև շինված է նախնադարյան շենքերի բոլորովին նման կաոուցմամբ, սակայն ձևով միանգամայն եզակի հատկություններ ունի։
Շենքը գրավում է պարիսպով շրջապատված մասի մեջտեղը և հետաքրքրական է մի քանի տեսակետներով։ Հատակագիծը շրջապատված է կիսաբոլորակ աբսիդներով և բոլորաձև կամ վարդաձև է (տրամագիծը չափել հնար չէ, որովհետև մեծ մասամբ թաղված է հողի մեջ)։ Պատերը շարված են նախնական ձևի կիկլոպյան քարերով, արտաքուստ առանց նկատելի լինելու, ներքին երեսների վրա երևում է կրաշաղախ կիսաբոլորակ աբսիդներ ու թիվը անորոշ է, թեև մինչև ութ հատը երևում են, բայց ամբողջը քանի հատ լինելը մասնավոր պեղումով միայն հայտնի կլինի։ Աբսիդների արևելյան կողմինը մի քիչ ավելի մեծ է երևում, քան մյուսները, սակայն այս երևույթը կարծեմ փաստ չի կարող լինել, որ մի քրիստոնեական շինություն համարենք. գուցե հողի տակ եղածների մեջ ևս կան տարբեր մեծությամբ աբսիդներ, արևմտյան կողմը գրեթե ամբողջովին հողի տակ է տակավին։ Շենքը ավելի աշտարակի տպավորություն է թողնում քան մի ուրիշ նպատակի համար շինված շենքի։
Սույն հետաքրքրական հատակագիծը պարունակող պարսպապատի մասի արևելյան կողմը, պարիսպից դուրս երևում է մի ընդարձակ հրապարակ, այս հրապարակին մի մասի գետինը երևում է մեծամեծ քարերով սալած, և ամենևին շինությանց հետքեր չկան հրապարակին վրա միայն կան մեծամեծ ժայռեր, ոմանք բնական և ոմանք շարժական, որոնց վրա փորագրված են խորհրդավոր նշանագրեր այս ձևերով ---յուրաքանչյուր փորագրված նշանագրին երկարությանը կհասնի մինչև հիսուն սմ․, իսկ խորությունը 4-5 սմ․, նույնքան լայնությունով։ Սույն հրապարակին կից դեպի հարավ արևելյան կողմը կան մի քանի հատ անհեթեթ մեծությամբ քարեր, որոնց վրա երևում են բոլորովին նախնական ձևով տաշվածքի հետքեր, շատ պարզ երևում, է, որ այդ անհեթեթ մեծությամբ քարի զանգվածները շինված են իբրև խարիսխ սյուների, որովհետև վրաները շատ որոշ են սյուների բոլորակ հանգիստները, ինչպես երևում է, ինչպես ուրիշ տեղեր, նույնպես այստեղ ևս ազատ չէ մնացած շրջակա գյուղացիների ավերումներից։ Հայտնի բան է որ այստեղ եղել է մի մեծ հասարակական շինություն, առջևը հրապարակով, սակայն այդ շենքի փլատակի քարերը ամբողջովին անհետացած են, եթե դիպվածով մնացել են հսկայական խարիսխներ, պատճառն այն է, որ տեղերից շարժել անհնարին է առանց ջարդելու, իսկ ջարդելն էլ որոշ դժվարությունների հետ է կապված։
Սալահատակված հրապարակի արևելյան կողմը և անհեթեթ մեծությամբ խարիսխների հյուսիսային կողմը կա մի ձորանման խորություն, որը հասնում է զառիվայր ձևով մինչև դաշտ։ Զննությանը ցույց տվեց, որ այս ձորանման տեղը մասամբ արվեստական է։ Ժամանակին քաղաքի դիրքին համեմատ այդ տեղից շիներ են մի ձեռագործ ճանապարհ, և այդ ճանապարհի ծայրը դաշտին մոտ եղեր է քաղաքի դուռը։ Անշուշտ այդ ընդարձակ քաղաքը մի դռնով չէր բավականանար, սակայն ուրիշ տեղերի վրա դռների հայտնի նշաններ չկան։
Հրապարակից և խորհրդավոր շենքի հիմունքը պարունակող բլուրից առաջանալով դեպի հարավ կհանդիպենք մի ուրիշ պարիսպի, որը եղել է մի առանձին քաղաքամաս։ Այս քաղաքամասից ևս դարձյալ ուղիղ