Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/260

Այս էջը հաստատված է

փոքրիկ մատուռներու հատկությունը չունին, անպատճառ շինված են մի այլ նպատակի համար, որն առայժմ գուշակել դժվար է։ Գմբեթի միայն կոնաձև մասն ընկած է, որուն տեղ գյուղացիները շինել են մի փայտեղեն զանգակատուն։ Կտուրները միանգամայն քանդված են, եթե ժամանակին չապահովվի՝ կարող է շատ շուտով կամարներն էլ ներքից քանդվին և գմբեթին հետ միասին կործանվի։ Ներսից և դրսից թեև պատերը հաստատուն են, սակայն երեսների քարերը սկսել են քանդվել, մանավանդ հարավային կողմը վտանգված է։ Արտաքին քարերը բավականին խոշոր ծավալով սրբատաշ են՝ վարդագույն և կարմրորակ գույնով, հյուսիսային պատին վրա տեղ-տեղ արաբերեն գրեր են գրված, ինչպես կերևի մի ժամանակ այս տեղն էլ մտեր է արաբների իշխանության տակ։ Որովհետև այս եկեղեցին փոքր էր, գյուղի բազմացած հասարակության չէր կարող բավարարել, ուստի արևմտյան կողմին շինել են վերջերս մի ընդարձակ եկեղեցի, որով ոչ միայն փակվել է արևմտյան դուռը, նաև ծածկվել է արևմտյան դռան վրայի մեծ ու գեղեցիկ քանդակագործությունը։ Քանդակը ներկայացնում է Մարիամը Հիսուսը գրկած, և մի մարդ առջևը աղոթում է, թերևս եկեղեցին շինողը։ Երևում են ուրիշ քանդակներ ևս, սակայն ժամանակի ընթացքում մաշվեր և կորցրել են իրենց ձևն ու կազմությունը։ Նորոգության հետքեր գրեթե չեն երևում թե՛ ներսը, թե՛ դուրսը, սակայն ոչ մի տեղ արձանագրություն չգտա, գուցե արևմտյան կողմը եղել է, սակայն նորագույն եկեղեցիի շինությամբ ծածկվել է։ Նորագույն եկեղեցին շինելու ժամանակ զանազան հին դարերու հատուկ քանդակագործ քարեր հավաքել են և շարել բեմի ճակատին։

Գյուղին անմիջապես կից, արևելյան կողմը, կան գերեզմանատներ զանազան տիպերի և զանազան ժամանակների։ Մեկ մասը շատ խոր հնություն կներկայացնե, գետնի միապաղաղ ապառաժը փորելով դագաղանման փոսեր են պատրաստած զանազան ուղղությամբ. ոևէ արևելադրություն գոյություն չէ ունեցեր այն ժամանակ, ամեն ուղղությամբ թաղեր են իրենց մեռելները։ Այս ժայռափոր գերեզմանների մեջ կան թե՛ մեծերի համար և թե՛ մանուկների համար փորվածներ։[1] Սույն նախաքրիստոնեական գերեզմաններին գրեթե կից է գյուղի նոր գերեզմանատունը՝ բավական երկար տարածության վրա դեպի հյուսիս։ Սակայն այս գերեզմանատունը ևս բոլորովին նոր չէ. այնտեղ կան մինչ 12-13-րդ դարու տապանաքարեր՝ վրաները մամռապատ և եղծված արձանագրություններով։

Այս գերեզմանատների արևելյան կողմը բարձրաբերձ բլուրի ստորոտին նորերս շինել են գյուղի դպրոցը, հիմքերը փորելիս դուրս են եկել այլ տիպի գերեզմաններ՝ նախաքրիստոնեական շրջանի, այս գերեզմանները շինված են արկղաձև սալաքարերով այս ձևով, որոնց մեջ բացի կմախքներից ուրիշ բան չեն գտնվել, բայց այս տիպի գերեզմանների հետ խառն են քարաշեն դագաղներ և ընդարձակ տարածության վրա շրջապատում են հիշածս բարձրաբերձ բլուրը։ Այս քարափոր դագաղներից այնքան շատ են գտնվել և հանվել այս տեղերից այս տարի, որ շատերն իրենց տան դուռը անասունները ջրելու համար իբրև գուռ զետեղելե զատ, երեսուն և հինգ հատ ևս տարել են իրենց յայլաղը, նույնպես անասուններ ջրելու ջրի գուռ շինելու համար։

Գյուղի հարավ արևմտյան կողմը, մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա, կա մի այլ գեղեցիկ, չափավոր մեծությամբ եկեղեցի, հավանորեն 11-րդ դարու, որը հետզհետե քայքայվելու վրա է. վրան ունի մի քանի կիսաեղծ արձանագրություններ, որոնք ինձ չհաջողվեց կարդալ. թերևս այդ արձանագրությանց մեջ գտնվեր շինողի անունը։ Եկեղեցվո հյուսիս արևելյան կողմը մի փլատակ կա, որուն ինչ լինելը գրեթե անորոշ է, սակայն նայելով իր դիրքին և չափին, մի աշտարակի է նմանում, թերևս մի զանգակատուն եղած լինի կանգնված եկեղեցուց 20-25 քայլ հեռավորության վրա։

Այս եկեղեցվո արևմտյան կողմը մոտավորապես 200-ից 300 քայլ հեռավորության վրա կգտնվի մի հոյակապ գերեզմանի փլատակը՝ գեղաքանդակ հսկա խաչքարով և մի երկար արձանագրությամբ՝ միակտուր քարի վրա։ Խաչքարին կեսը կոտրած և անհայտացած է, իսկ արձանագրության մեկ մասը վնասված է, այնուամենայնիվ բավականին տառերը մաքուր պահված և արձանագրությունը ընթեռնելի է։

Ըստ այս մեծ արձանագրության, այս հոյակապ խաչարձանը կանգնողն է ոմն Հայր Սարգիս ի հիշատակ մի Ապլղարիպ իշխանի հիշատակին ՆՁԵ (1036) թվականին։ Անշուշտ այս Ապլղարիպը Անիի Փրկիչ եկեղեցին շինող Պահլավունի Գրիգոր իշխանի որդի Ապլղարիպ իշխանն է, որ այս կողմերում ունեցել է իր բնակությունը, կալվածները և կառուցել է եկեղեցիներ (ըստ մեծ արձանագրության)։ Թերևս մոտակա եկեղեցին ևս այս Ապլղարիպի շինածն է։ Նախորդ այցելությանս ժամանակ լուսանկարել եմ այս գերեզմանի մեծ արձանագրությունը և խաչքարը։ Վերջին այցելության ժամանակ, այդ արձանագրությունը հայտնաբերող արտատերը մեռած էր, սակայն այս անգամ հանգուցյալի Արտաշ անունով եղբոր որդին պատմեց, որ մի օր արտը ջրելիս, հանկարծ խաչարձանի փլատակների մոտ մի ծակ է բացվել և արտը ջրելու համար վազող առվի առատ ջուրը թափվելով այդ ծակեն ներս, անհայտանում էր երկար ժամեր, վերջապես, ճարահատված առվի ընթացքը փոխել ՛են, որով հնար եղել է արտը ջրել։ Այս պատմությունը ինձ ենթադրել է տալիս, որ անպատճառ կա մի ստորերկրյա դամբարան հաստատուն շինված, որ այդ ջրերը գնում էին դամբարանի մեջ։ Գետնի տակ կամարակապ դամբարաններ շինելու սովորությունը շատ հին էր և մենք բազմաթիվ օրինակներ ունինք այս տիպի դամբարանների և հիշյալ Արտաշի ասելով տեսել են կամարակապի նշանները։ Չափազանց կարևոր է այդ անտերության մատնված կարևոր արձանագրությունը ապահովել և մի փոքր պեղումով ստուգել ստորերկրյա դամբարանի գոյությունը, թերևս ավելի կարևոր հայտնություններ կլինին այդ մասնսւկի պեղումով։ Չմոռանամ ըսելու, որ այս

  1. Այս գերեզմանները անշուշտ կափարիչներ ունեցել են, սակայն միանգամայն անհետացած են և ներկայիս վրաները բաց կմնան։