Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/261

Այս էջը հաստատված է

անգամ այցելությանս տեսա, որ Ապլզարիպի արձանագրությանը սկսեր էր մամռոտել, եթե այսպես գնա կամ ամբողջովին կմամռոտի և անընթեռնելի կլինի, և կամ գյուղացիք կջարդեն և կգործածեն իրենց շենքերի մեջ։

Այս գյուղում, խուզարկությանս պահուն, գյուղացիներեն մեկը հայտնեց, որ իրենց դարմաննոցի պատին մեջ մի արձանագրություն կա հյուսված։ Գնացի անձամբ տեսա արձանագրությունը։ Խիստ մեծատառ մի արձանագրության բեկոր է և գրված է կտուրի տակ իբրև պատվանդան սյունի. հնար չկար քարը տեղից հանելու հեշտությամբ առանց կտուրին վնասելու, ուստի այդ վիճակին մեջ թողի միայն խնդրելով անաղարտ պահեն։

Մահմուտճուքի հարավակողմը երկու կիլոմետր հեռավորության վրա բարձր տեղում գտնվում են գյուղի ջրաղացները։ Այս ջրաղացների դիմաց կա մի եկեղեցի բավականին վնասված, մի ժամանակ ունեցեր է արևմտյան կողմին վրա մի գավիթ, որուն հյուսիսային պատն է միայն մնացել, մնացած մասերը ամբողջովին քանդված են։ Այս եկեղեցին 11-րդ դարու սկզբին է կանգնված Մակարավանք անունով և շեն է եղած գրեթե մինչև 19-րդ դարու սկիզբը։ Վրան ունի ամբողջ և թերի արձանագրություններ, ներսը խորանի աջ կողմի որմասյան վերևը ևս կա մի արձանագրություն մասամբ եղծված, ամբողջովին անաղարտ մնացել է արևմտյան դրան վրայի արձանագրությունը։

Եկեղեցու արևմտյան կողմը մի քանի քայլի վրա կա մի խոր ձոր, ձորին մեջ կա մի փոքր մատուռ և ուրիշ շինության մնացորդներ։ Երբ Մակարավանքը վտանգվեր է, մի քանի տարի առաջ վանահայրը բնակել է ձորի մեջ գտնված վանքում և ուխտավորներ կընդունե եղեր այդ մատուռի մեջ հանուն Մակարավանքի։ Այժմ այդ մատուռը ևս ամայի է։

է. ՇԻՐՎԱՆՃՈԻՔ
Սեպտեմբեր 14

Շիրվանճուք գյուղը հազիվ թե երկու կիլոմետր հեռավորություն ունենա Մահմուտճուք գյուղից, և կարծեք շարունակությունն է Մահմուտճուքի նախապատմական շրջանին գոյություն ունեցող բազմամարդ ու շեն երկրին։ Մահմուտճուքից դեպի Շիրվանճուք հետզհետե բարձրանում է ճանապարհը քարքարուտ և ապառաժուտ ժայռերով լի սարը, որ կողմը որ նայիք անպայման կտեսնեք կիկլոպյան պատերու մնացորդներ զանազան բլրացած բարձրությունների վրա։ Կան տեղեր, ուր որոշ են մարդկային ձեռքի աշխատանքը՝ քարքարուտ տեղերի վրա ճանապարհներ բաց անելու և գետինը որոշ լայնությամբ հարթելու համար։ Դեպի սար վերելքի կես ճանապարհին կամ քիչ ավելի վերև հիմնված է Շիրվանճուք գյուղը։ Գյուղին մեջ ուշագրավ մի հնություն չի երևում, երկարատև բնակչության շինարար աշխատանքի պատճառով հնությունների ամեն հետք կորել է, մնացել է միայն մի եկեղեցի։ Շիրվանճուքի եկեղեցին 5-րդ դարուց այս կողմ բերել հնար չէ՝ իր ունեցած ճարտարապետական հատկանիշներով։ Հատակագծի նեղ և անհամեմատ երկար ձևը հայոց նախնական եկեղեցիների հատկությունն ունի, խորանի կամարաղեղը կատարյալ պայտաձև է, ներքին որմասյուների խարիսխները բոլորովին նման քանդակագործություն ունին, ինչպես ուրիշ փաստացի 5-րդ դարուն պատկանող խարիսխներին։ Եկեղեցու վրան ծածկված է եղել քարեղեն կամարով, որուն հետքը մնացել է ներսի կողմից արևմտյան պատի վրա։ Բացի 7-րդ դարու նորոգության վերագրելի մի քանի մասերից, ունի նաև այնպիսի հատկանիշներ, որոնք այս շենքը ավելի հեռու կտանին քան 5-րդ դարը։ Կարելի է ըսել որ շենքն սկզբից պատուհան չէ ունեցեր։ Արևելյան խորանին մեկ պատուհան ունի անճաշակ կերպով բացված, այն էլ այժմ փակված է, արևմտյան կողմի պատուհանը զույգ է եղած, մեջտեղեն մեկ սյունով բաժանված, ինչպես որ կա Երերույքի եկեղեցիին արևմտյան կողմը։ Հարավային կողմը միայն մեկ պատուհան ունի, որի հետո բացված լինելը շատ որոշ է, բայց հետո այդ պատուհանը ևս փակել են։ Վերջապես այս շենքի հարամասունքները շատ դժվար է ներդաշնակորեն պատշաճեցնել ընդհանուր կերպով կառուցման ճաշակին։ Մանավանդ որ ամենեն կարևորն է, շենքի հիմը դրված է նախնադարյան շրջանին մեջ գոյություն ունեցող որմնադրական ոճով, մեծազանգված սև որձաքարերով դրված է շենքի հիմը, որը այժմ ևս երևում է։ Հյուսիսային պատին վրա երևում են մի քանի հունարեն տառեր, իսկ հարավային կողմը՝ մի հայերեն հետնագույն արձանագրություն կա մի քարի վրա, որով փակեր են հետին ժամանակ այդ պատուհանը։ Վերջապես այս եկեղեցվո հիմքը եթե նախաքրիստոնեական ծագում չունի, այնուամենայնիվ առնվազն 5-րդ դարու շենք է։

Եկեղեցու վրա կատարած քննությունս ավարտելուց հետո գնացի գյուղից դուրս նախապատմական հնությունները տեսնելու, որոնց մասին նախապես տեղեկություն ստացել էի։ Գյուղխորհրդի քարտուղարը ամենայն սիրալիրությամբ ուղեկցեց ինձ ցույց տալու համար պետք եղած վայրերը։ Գյուղից մոտավորապես մեկ ու կես կիլոմետր դեպի արևմուտք հեռանալուց հետո հասանք մի հսկայական բլուրի կամ ավելի ճիշտ մի սարի, որուն գյուղացիք անվանում են Վարի Բերդ։ Տարօրինակ տպավորություն գործեց վրաս այս գրեթե արվեստական սարը, օգտվելով սարի դիրքից, մարդկային հսկայական աշխատանք էր գործ դրված այս սարի շուրջը, սարը երկայնաձև դիրք ունի, ստորոտը լայնանիստ, իսկ գագաթը համեմատաբար նեղ, այս սարալանջին վրա անօրինակ մեծությամբ որձաքարերով չորս կարգ պարիսպներ են շիներ մինչև գագաթը, բոլորովին նախնական ձևով կանգնված են պատերը, ինչպես Հաջի Խալիլի ամրոցին մեջ. կանոնավոր շարքեր գոյություն չունին, անհավասար վիթխարի մեծությամբ քարեր միմյանց վրա կուտակվելով ձևացած են պարիսպները, յուրաքանչյուր պարսպամեջ, որոնք 8—10 մետր լայնություն ունին միանգամայն հարթված են, այնպես որ մի քիչ հեռվից ամբողջ սարը մի եգիպտական աստիճանավոր բուրգի կամ ասորա-քաղդեական զիկկուռայի կնմանի։ Սարը հյուսիսային կողմից գրեթե անմատչելի է, այդ պատճառով այն կողմը միայն մի պարիսպ շրջապատված է գագաթի շուրջը և մի երկրորդը՝