Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/267

Այս էջը հաստատված է

մեջտեղը շինված է կրկին մի բոլորակ շրջանակ՝ փոքր տրամագծով։ Այս հանգամանքի վրա իմ ուշադրությունս հրավիրեց գիտնական Մեշչանինովը, երբ ուրիշ մի առիթով միասին գնացել էինք այս նախապատմական վայրերը տեսնելու։ Այս երեք տեսակի կրոմլեխների գոյությունը թերևս ապացույց է, որ այդ գերեզմանների մեջ թաղված են տարբեր ցեղի կամ տարբեր դավանանքի պատկանող մեռյալներ։ Անկախ գերեզմանները բաժանող պատից, աշտարակներ և բուրգեր պարունակող մասի արևելյան կողմից, մի հնագույն անշաղախ պատ ևս քաշված է հյուսիսից դեպի հարավ, որուն երբեմն թեև ընդհատված, շարունակությունը գրեթե հասնում է դեպի Վաղարշապատի այգիները Մոլլադուրսուն գյուղի արևելյան կողմից անցնելով։ Գերեզմանների և աշտարակների մասից դեպի հարավ, հիշածս երկար պատի կողքին, կան դամբարաններ, որոնք կազմված են քարակույտերով, ինչպես կան Շամիրանի ճանապարհի աջ և ձախ կողմում, նաև Սարդարապատի գծով Փոքր Թալին գնալու ճանապարհի վրա։ Երկար պատի անմիջապես արևմտյան կողմն է Հաճի Ղարայի քարհանքը, որ նույնպես շրջապատված է նախապատմական գերեզմաններով։ Քարհանքերի մեջ աշխատող բանվորները գտել էին մի քանի խեցեղեն ամաններ գերեզմաններին հատուկ, որոնք այժմ հանձնված են ՀՀՊ կոմիտեին։

Սեպտեմբերի 24-ին վերադարձա Վաղարշապատ։

Թ
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԹԱԼԻՆ
ՀՀՊ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

1926 թ. հոկտեմբերի 7-ին Էջմիածնից ճանապարհվեցի դեպի Թալին։ Դեռ Թալինի զառիվերի ներքև չհասած, լեռնալանջերու փեշերու տակ, դաշտավայրի վրա, 6֊7 կիլոմետր տարածության վրա, շարված էին հսկայական tumulus-ներ միմյանցից երբեմն հեռու մինչև 100-150 մետր հեռավորության վերա և երբեմն իրար շատ մոտիկ։ Ասոնք ամբողջովին քարակույտեր էին, ինչպես որ կան Աղավնատնից դեպի Շամիրան գնալու ճանապարհի վրա և ավելի մեծ քան այս վերջինները։ Բոլորը միօրինակ երկարած են գրեթե հյուսիսից հարավ։ Թեև չկարողացա ճշտիվ համրել, այնուամենայնիվ քառասուն հատից պակաս չէին։

Հոկտեմբեր 8

Այս առավոտ մինչ կառապանս հիվանդագին վիճակի մեջ զբաղված էր քարքարուտ ճանապարհների մեջ կառքի ստացած ջարդվածները մի քիչ կարկատելու, ինքս տանտիրոջս ընկերակցությամբ գնացի բերդի մեջը տեսնելու։ Նախքան բերդը մտնելս անցա ճանապարհի վրա եղող, թուրքաց գերեզմանատան մեջ, գմբեթավոր շիրիմը տեսնելու, որն արդեն քայքայվելու վրա է․ վրան ոչ մի արձանագրություն չկա, հայտնի չէ թե ումն է։ Շրջապատ գերեզմանատան մեջ կան թուրքերեն արձանագրված քարեր և ոչխարներու ձև տրված գերեզմանաքարեր, խիստ կոպիտ կերպով շինված, կային տեղ տեղ տապանաքարեր, որոնք բերված էին հայկական գերնզմանատներից, բայց ո՞ր տեղերից, հայտնի չէ։

Նախընթաց 1913 թվականին այնքան էլ մանրամասն չէի շրջած բերդին մեջ արյունարբու թուրքերի դաժան նայվածքներից խուսափելու համար, գնացել էի միայն դղյակը և մոտերը եղած մնացորդները տեսնելու։ Այս անգամ համեմատաբար ավելի ման եկա, որովհետև կային այնպիսի մարդիկ ինձ շրջապատողների մեջ, որոնք չափազանց հետաքրքրություն էին ցույց տալիս և նորանոր տեղեկություններ էին տալիս ինձ, հետևաբար կարողանում էի նույնիսկ մտնել տներու և ընտանիքներու մեջ, քարեր կամ արձանագրություններ փնտրելու համար։

Դղյակին վրա մեծ փոփոխություն չկար, միայն թե բուրգերեն երկուքը, որ առաջ ճաքած էին, մեկին ճեղքվածքը ավելի շատացել էր և մոտալուտ փլուզման վտանգ էր ներկայացնում։ Դղյակին ներսը որ առաջ ծառայում էր իբրև շտեմարան թուրք բեկին, այժմ ևս հայ գյուղացիք գործածում են միևնույն նպատակով։ Իմ կարծիքով այս դղյակը ևս պետք է ազատել գյուղացիների քմահաճույքեն, պետք է դատարկել և մաքրել տալ և ծառայեցնել ժամանակավորապես իբրև թանգարան։ Դղյակի մտից դռան հանդիպակաց, դեռ 1913 թվականին, կար շրջապարիսպի ավերակ դուռը, որուն կամարի ստորին աղեղը միայն մնացած էր, այժմ ևս նույն վիճակին մեջ է։

Դղյակի մտից դռան վրա կա մի ընդարձակ արձանագրություն ՉԾԶ (1307) թվականին գրված։

Դղյակը շրջապատված է կրկին պարիսպներով, թեև մինչ հողին հավասար փլած են, սակայն քարերու տաշվածքեն և շինելու կերպեն հայտնի է, որ ժամանակակից է դղյակին։ Պարիսպի թափված քարերի վրա կան քարտաշ վարպետների նշաններ, որոնք սովորական են նաև նույն դարերուն Անիի մեջ շինված շենքերու քարերին վրա։

Դղյակը անմիջապես շրջապատող պարիսպին մեջ կա մի եկեղեցվո ավերակ, որն ինչպես կերևի, հատուկ էր դղյակի բնակիչներուն։ Այս եկեղեցվո հյուսիսային պատին կից պարիսպի բուրգին վրա, կա մի փոքր արձանագրություն այսպես, «Զովաննես՝ քարգործս յիշեցեք ի ՔՍ»։

Դղյակը անմիջապես շրջապատող երկու պարիսպների մեջ կա նաև ուրիշ մի փոքր եկեղեցի, որուն արևմտյան մասին վրա փլած է, իսկ արևելյան մասը − խորանը կանգուն է։ Բավական խնամքով շինված է այս եկեղեցին, խորանին անմիջապես կից ունի երկու հարթ որմասյուն, այս մուլյուրով արևմտյան քանդված մասին վրա ծածկված է եղեգներով․ գյուղացիներե մեկն այս եկեղեցին բնակարանի է վերածել։ Դուռը հարավային կողմեն է. նույն կողմին վրա կա նաև մի փոքր պատուհան։ Դռան և պատուհանին վրա քանդակված պսակները, որոնք շատ սուր սրակամար են, ցույց կուտան, որ վերջին ժամանակներ շինված են,