թերևս 14֊15 դարերու մեջ։ Ներսից և դրսից արձանագրության հետք չի երևում։ Հարավային և արևմտյան կողմերը, դուրսը խիտ տապանաքարեր են առանց արձանագրության։ Մի ուրիշ եկեղեցի, որը տեսեր է Շահխաթունյան (էջ 55) և ինչպես կերևի նրանից օգտվեր է հ․ Ղ․ Ալիշան (Այրարատ, էջ 141), որուն վրա եղեր է հետևյալ արձանագրության կտորը «ՆԿԷ թուականիս (1018) ես Մարիամ որ ետու զիմ գիրքս ի սուրբ Սարգիսս․․․․․․» այս եկեղեցիի ոչ հետքը գտա և ոչ արձանագրության բեկորներ գետին թափած․ ինձ կթվի թե, ինչպես շատ մասեր, այնպես ալ այս ավերակը և արձանագրությունը ոչնչացել են։ Եթե արձանագրության բեկորներ գետին թափած լինեին, գյուղի մեջ գտնվող մի քանի հետաքրքրվող անձինք անպատճառ տեսած կլինեին, որովհետև իմ շրջագայությանս ժամանակ ինձ շրջապատեցին մի քանի հետաքրքիր և բանիմաց մարդիկ և տեղեկություններ կուտային գյուղի մեջ կամ շրջակայքում գտնված հնություններու և բեկորներու մասին, որոնց մեկը, Քերիմ Գասպարյան, մատնանշում էր ինձ գերեզմանների, խաչքարերի և այլ ուշագրավ մնացորդների տեղերը, դժբախտաբար նրանց ինձ ցույց տված հեռավոր տեղերը ես գնալու հնարավորություն չունեի, միայն արտագրեցի վերապահությամբ՝ իր մոտ գտնված մի արձանագրություն, որ հետևյալն է «Ի յաւերումն Գոշայ Ամիր որդի Էլիզպարին գերի տարան Արազպուրուն»․ թե ո՞րչափ ճիշտ կարդացված է այս արձանագրությունը, ցույց կուտա ապագան։ Հայր Ալիշանի ցույց տված թուրքերեն արձանագրությունը չեմ տեսած, որը իրեն կարծիքով գրված պետք է լինի 1583 թվականին, Ֆարհատ փաշայի ձեռքով (Այրարատ, էջ՝ 149)։ Բայց ես հավանական եմ համարում, որ Ֆարհատ փաշայի շինածը պետք է որ լինի արտաքին երրորդ պարիսպը։
Բոլորովին դրսի պարիսպը, որով շրջապատվում է գյուղը, հայտնի է, որ նոր շինված պարիսպ է, շինված է հասարակ քարերով և կարելի է ասել, միանգամայն անարվեստ։ Ըստ Շահխաթունյանի, այս պարիսպը շինել տվել է 1812 թվականին Հյուսեին խան Սարդար, շինելով նաև պետական պետքերու հատուկ ուրիշ շինություններ, ամբարանոցներ և այլն և այլն, և այնտեղ դրել է մի պաշտոնյա Բեկ անունով, իբրև բերդապահ կամ կառավարիչ։ (Շահխաթունյան, բ․, էջ 55)։
Ռուսաց տիրապետության սկզբի տարիներում Կարսի բնակիչներից, 50 ընտանիքի չափ, բնակություն հաստատել են այստեղ, սակայն քիչ հետո բոլորովին լքել ու գնացել են ուրիշ տեղեր, այնպես որ Շահխաթունյանի ժամանակ միանգամայն ամայի է եղած։ Ինչպես կերևի, վերջին ժամանակ այնտեղ բնակություն հաստատող թուրքերը բոլորովին նոր բնակիչներ էին, ռուսաց տիրապետության ժամանակ կարսեցի հայերի մեջ տեղը լքելե հետո։
Արտաքին երրորդ պարսպի մեջ, արևելյան կողմը, 1913 թվականի ճանապարհորդությանս ժամանակ, անձամբ տեսա մի ավերակ քարակույտ, և այդ քարակույտի մեջ երևում էր մի ստորերկրյա անցքի մուտքը, այս անգամ իզուր փնտրեցի այդ ավերակի քարակույտը և մուտքը։ Միանգամայն անհետացեր էր. ինչպես կերևի, նախորդ թուրք բնակչության օրով ոչնչացված էր։
Տեղի նոր բնակիչները, հետաքրքրական մեզ համար, նորություններ շատ են պատմում, ցույց են տալիս զանազան հեռու կամ մոտ տեղերում հետաքրքրական մնացորդներ, պետք է որ հատկապես ժամանակ որոշվի, հնություններով հարուստ այդ վայրը, ընդարձակորեն հետազոտվի, մի քիչ ավելի երկար ժամանակով։
Փոքր Թալինը թողելե առաջ, գնացի նաև շտապ կերպով թուրքերի ժամանակ Ղարավանք կոչված 7-րդ դարու եկեղեցին, որ նույն վիճակին մեջ էր, ինչպես տեսել էի 1913 թվականին։
Այսօր կես օրը քիչ անց, թողի Փոքր Թալին և ուղևորվեցի դեպի Մեծ (կամ Հին) Թալին։ Ճանապարհի կեսին վրա հանդիպեցի այն մեծ իջևանը, որուն ավերակները այսօր անգամ սքանչացում կպատճառեն այցելուին։
Իջևանը բաղկացած է երեք ընդարձակ մասերից, ամեն մի մասի կամ բաժանման մեջ, կան մեծ հրապարակներ, որոնց շուրջը շարված են կամարակապ սենյակներ, որոնք այժմ փլած են և քարակույտերու վերածված, միայն մնացել են կամարակապերի հետքերը, և սենյակների լայնության չափերը։ Արտաքին պատերի հյուսիսային և հարավային պատերն ունին երեքական բուրգեր, որոնց երկուքը շինված են երկու ծայրերուն վրա, անկյուններում, և մյուսը՝ մեջտեղի վրա։ Բոլոր պատերն առանց բացառության շինված են կրաշաղախով և սրբատաշ միջակ մեծությամբ քարերով․ միջին բաժանման մեջ, այժմ ևս որոշ են, որ եղել են քսանից ավելի սենյակներ։ Շատ դյուրին կլինի այս կարևոր և մեծածավալ իջևանի հատակագիծը հանել, նույնիսկ ամբողջովին վերակազմել քանի դեռ բոլորովին չէ ոչնչացած, բավական է, որ մի քանի օր մշակներ աշխատին, և փլատակներու տակ ծածկված հիմերն ու պատերն երևան կբերեն։ Այս իջևանը քանդել և այս վիճակին են հասցրել Փոքր և Մեծ Թալինի բնակիչները, որոնք իբր քարահանք գործածեր են այս ավերակը, և շարունակ կրել են սրբատաշ քարերն իրենց պետքերուն գործածելու համար։ (Ինչպես երևում է շինելակերպից, այս իջևանը 14֊15 դարերու գործ պետք է լինի)։
1914 թվականին, եկեղեցվո արևելյան կողմի ընդարձակ բակին մեջ հավաքել էի զանազան տեսակ կոթողաձև քանդակազարդ տապանաքարեր և պատվանդաններ, նաև երեք հատ հնագույն տապանաքարեր, վրան արձանագրություններով: Մինչև երեկո, ուշ ժամանակ, այս հավաքված քարերը բանվորներ փոխադրեցին եկեղեցվո մեջը և ժամանակավորապես առայժմ դասավորեցի, հետագային ըստ արժանվույն կանոնավոր թանգարանի վերածելու համար, երբ արդեն հնարավոր կլինի կատարել հարկ եղած փոքրիկ նորոգությունները։ Ներսը դարսված քարերից տասն և հինգը 5-7-րդ դարու քառակուսի կոթողներ են. չորս երեսներու վրա հետաքրքրական պատկերներ քանդակված,