Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/276

Այս էջը հաստատված է

Զվարթնոցը շինող ճարտարապետի խիզախ հանդգնությունը նույն ձևով գմբեթը կազմելու համար և դիմեց օժանդակ մայր սյուներու, և կամ նույն ձևով շինելե հետո վերահաս վտանգի մը աոջևն առնելու համար հետո շինվեցան այս մեծ մայր սյուները, շուտով կպարզվի։

«Մշակ», 1905 թ., հունիս 30
Օգոստոս 1

Մայիսի 31-ին մեկնեցանք դեպի Անի պրոֆեսորի Մառի հետ, որ Պետերբուգեն եկած էր իր ընտանիքով։ Հունիս երկուսին գործի սկսեցինք այստեղ։ Երեք տարի առաջ պ. Վրույր կարծիք հայտնած էր պալատեն դեպի հարավ արևելք գտնվող մեծ բլուրի մասին թե թերևս Գագիկի Զվարթնոց եկեղեցիի նմանությամբ շինած եկեղեցին այդ ավերակին տակն ըլլա, որովհետև անոր վրա կնշմարվեին Զվարթնոցի մեծ սյուներու խոյակներուն նմանով խոյակներ։ Պրոֆեսոր Մառն ալ հետաքրքրացավ ատով, և այս տարի ուզեց այդ տեղն ալ բանալ և 60—70 գործավորով սկսեց աշխատել։ Պ․ Վրուրին կարծիքը իրականության փոխվեցավ։ Ճիշտ նույն ձևով նույն մանրամասնություններով սկսեց դուրս գալ հսկա եկեղեցին, որ ավելի մեծ է քան Մայր եկեղեցին։ Շենքը դրսեն զարդարված է եղել շուրջանակի զույգ սյուներով և վրաները գեղեցիկ քանդակազարդ կամարներով, ու այս կամարներուն մեջ պատուհաններ, կամարներեն վեր դարձյալ կլոր պատուհաններ՝ մանվածո ամենանուրբ քանդակներով շրջանակված։ Մեծ սյուներու խոյակները նման են Զվարթնոցի խոյակներուն։ Բացվեցան հարավային և արևմտյան դռները, սակայն, աչք պետք է տեսնելու արևմտյան դուռը, մարդ կշվարի կմնա, և չի կարող արտասուքը զսպել այդ հիանալի և կախարդիչ կերտվածքին առջև, այնպես գեղեցիկ և նուրբ, միանգամայն այնպիսի վայելուչ պատշաճությամբ քանդակված է դռան ճակատը՝ որ կարծես մարդկային ձեռք չէ դպեր, և բնությունն է որ ստեղծեր է։ Երևակայեցեք, որ ես գրեթե անհնար կտեսնեմ նույնությամբ ընդօրինակել, եթե չափերս բնական մեծությամբ չբռնեմ, այնքան մանր մունր հյուսվածքներ և զարդախաչեր կան քանդակված՝ քարերուն վրա։ Պրոֆեսոր Մառ երբ առաջին անգամ տեսավ չկարողացավ յուր զայրութը զսպել, և ցավելով ըսավ որ, «եթե այս տեսակ թանկագին բեկորներ ռուսները ունենային, ապակիի մեջ կառնեին և կպահեին, հայտնի է, որ հայերը, ինչպես ասոր նման ուրիշ շատ բաներ, նույնպես այս թանկագին գանձն ալ պիտի փչացնեն»։ Այդպես ալ պիտի ըլլա. ինչ կարելի է ընել, և ով պիտի ընե։ Կիկլոպյան ուժ պետք է այդ դռան ահագին քարերը փոխագրելու համար։ Մնաց որ, ահագին ծախքի ալ դուռ է։ Դռան վերնասյամի քարը միակտուր հսկա մեկ ամբողջ բռնված՝ զանազան քանդակներով։ Նմանապես այսպես հսկա քարերով են կողքերը, վերը դրված մասերը, նույնպես և պատերում քարերը։

«Լուսաբեր», 1905 թ․, սեպտեմբեր 9, № 117

1907 թիվ

Անցյալ տարվա պեղումներից հետո մինչև հիմա նորություններ չկային հաղորդելիք, հիմա ալ նույնն է գրեթե,— մեծ դահլիճը, բաղնիքը և մտից արևմտյան գլխավոր դուռը, միայն թե ավելի մանրամասն պարզվեցան։