Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/277

Այս էջը հաստատված է

Դահլիճին երկայնությունը մոտ 20 մետր է բացի անկյուններեն, երկայնության կոզմերան վրա 4-ական շքեղ որմասյուներով, որոնց վրայեն կամարներ ձգված են զանազան կողմեր։ Բաղնիքին մեկ մասն էլ դուրս եկած բոլորովին անջատ և անկախ մյուսեն, առանձին դռնով և առանձին նախագավիթով, որ ենթադրել կուտա, թե մեկը արանց և մյուսը կանանց հատուկ էր, ըստ հարեմական դրության, թեև մեկ վառարանով տաքացեր են երկուսն ալ։

Պալատի արևմտյան մտից դուռը մոտ 3 մ. լայնության ունի, մնացեր է բարավորներու ստորին մասը միայն քանդակված հայոց մեջ ամենահին գրեթե 5-րդ դարու քանդակներով։

Սկսված է պեղում Կարուց դռան առջև, մեկ երկու շաբաթեն բոլորովին կբացվի այդ դուռը, որը ծածկված էր փլատակներու տակ. այդ տեղեն կսպասվի նորություններ։

Երկու օր ի վեր նամակս գրված էր. բերող չըլլալուն պատճառով մնաց, ուստի այս երկու օրվան մեջ պարզվող նորություններն իմացնեմ։ Պալատի հյուսիս արևելյան կողմը բացվեցավ մի ուրիշ մեծ դահլիճ սյունազարդ բազիլիկ ձևով, հանդիպակաց արևմտյան կողմինեն քիչ փոքր։ Հյուսիսային անկյունը երևաց մի ուրիշ սրահ, բոլորովին համաչափ նույնպես արևմտյան կողմինին։ Արվեստագործական առարկաներ չերևցան, եղածներն ալ հատուկտոր, սակայն այդ փշրված վիճակին մեջ ուշադրություն հրավիրող շատ գեղեցիկ նմուշներ կան. գտնվեցան մի արծաթյա մատանի, որուն ակը թափանցիկ ճերմակ քար մ' է, բավական խոշոր և վրան գրված է երկու տող խիստ մաքուր արաբերեն, բայց կարծեմ անընթեռնելի մնաց, առայժմ։ Այսօր սկսեցին արտաքին կողմերն ալ մաքրել, ուր կհուսացվի թափած ըլլալ ճարտարապետական զարդաքանդակներ և արձանագրություններ, ըլլալուն անպատճառ կգրեմ։ «Ախուրյան», 1907 թ., № 44.

Երկու շաբաթեն կարելի է լիովին բացվի պալատին ներսի կողմերն իր բոլոր բաժանմունքներով, քանի մը սենյակներ միայն մնացած են մաքրելու։ Այժմ պալատը ոչ միայն պարզ է իր վիթխարի հատակագծով, այլև մեջեն դուրս եկած բոլոր առարկաներով, որոնք պարզ կապացուցանեն, թե այնտեղ մի ժամանակ ապրեր են սովորական շատ մեծ և ճաշակավոր մարդիկ։ Ամեն մի կտոր, որ չափ որ փչացած և այլանդակված լինեն, դարձյալ իրենց վրա կկրեն գեղեցկության և շքեղության կնիքը։ Խեցեղեններու բազմաթիվ բեկորները, ամենը զանազան տեսակի, հիանալի կերպով գունավորված, զարդարված և երբեմն մաքուր ոսկեզօծված, որոնց նմանը հազիվ պատահել էին ուրիշ տեղեր։

Ճարտարապետական բեկորներու մեջ շատ ուշագրավ են գաճե ձուլված բարձրաքանդակ զարդերը, որոնցմով պալատի կանգուն ժամանակ ծածկված են եղեր սրահներու պատերն ու առաստաղները։ Այս զարդանկարներեն մեկ մասը 5-6 ս՚մ. լայնությամբ քանդակազարդ ժապավեններ են, որոնք հյուսված են եկել արաբական ձևերով, որոնց զանազան ուղղությանց վրա ճյուղավորվելեն գոյացած քառակուսի, եռանկյուն կամ տարանկյուն մասերուն վրա քանդակված են նույնպես բարձրաքանդակ և սիրուն գծերով կենդանիներու և թռչուններու պատկերներ։ Գաճե զարդարանքներուն մեկ մասին ֆոնը կապույտ գույնով ներկված է, թերևս ամենուն ալ վրա կային գույներ, բայց փչացած են այժմ։

Սենյակներուն ոմանց ալ առաստաղները զարդարված են եղեր գեղանկար որնըմաններով։ Սրահի մը մեջեն բացի փոքր կտորներե գտնվեցան մեկ արշինի չափ երկայնությամբ տախտակ մը, որուն վրա գրեթե ամբողջ պահված են զարդաքանդակներու գույները, հակառակ տախտակին բոլորովին փտած ըլլալուն՝ նկարը կներկայացնե բացի ոլորուն տերևներե զանազան ծաղիկներ։

Գտնվեցավ մի մատանի առանց քարի, ակին վրա փորագրված է թռչուն մը։ Դժվար է ամբողջովին նկարագրել վերջին երկու շաբթվան պեղումներու արդյունավորությունը, այնպես որ հիմա արդեն թանգարանի մեջ տեղ չէ մնացած առարկաները դասավորելու, եթե այսպես շարունակվեն պեղումները և հետազոտությունները, գալ տարի անհրաժեշտ պետք է մի նոր թանգարան ունենալ, թեև հարգելի պրոֆեսոր Մառ այժմյան թանգարանին շուրջը մաքրել կուտա, շատ մը դուրսը մնացած ճարտարապետական զարդաքանդակներ և խաչարձաններ դուրսը զետեղելու համար, բայց սա բավական չէ։ «Ախուրյան», 1907 թ., № 45.

Թիֆլիսի Ազգագրական ընկերությունը մտադրված է շինել Անիի կամուրջը, հյուրատունը, և մի թանգարան, ուստի այս գործերուն ուսումնասիրության համար երկու շաբաթ առաջ եկավ պ. Ե. Լալայանը և դիմեց իմ խորհուրդներուս ալ, հայտարարելով, որ ունի հինգ հազար ռուբլի պատրաստի դրամ և կուզեն ծախսել Անիի բարեզարդության և հնությանց պահպանությանց համար։

Ես խորհուրդ չտվի այժմեն ծախսել հազարներ կամուրջի մը համար, որը ոչ մի ակնկալված նյութական և բարոյական օգուտներ չպիտի տա, նույնպես և թանգարան և հյուրատուն միաժամանակ շինելու համար տասնյակ հազարներու պետք կա. 5000 ռուբլիս ողորմելի գումարով (թեև հետևյալ օրը իմացանք, որ ոչ թե 5000 ռուբլի այլ 500 է եղել), այդ բոլոր բաները իրագործել անհնար էր։ Հետևաբար ես առաջարկեցի, որ Ազգ. ընկերությունը փոխանակ ահագին գումարներ ծախսելու, ծրագիրներ հղանալով կես ճամփան մնալու, լավ կըլլա, որ օգտվին Հոռոմոս վանքին ընդարձակ սրահներեն և այնտեղի վաղուց քանդված մի կամուրջեն, նույնպես նաև առայժմ այնտեղ գտնվող 10-15 սենյակներե։ Նախ որ այդ կամուրջը ամենեն շատ 1500 ռուբլիով վերականգնելով, ճանապարհը կդյուրանա այցելողներու համար, երկրորդ այնտեղի յոթը զանազան դարերու ճարտարապետական և գեղարվեստական շքեղ նմուշները կպահպանվին և կնորոգվին նույն սրահները, թանգարանի վերածելով թեթև ծախքերով, երրորդ այցելուները լիովին կօգտվին, այն տեղի բնություններեն առայժմ, մինչև մի մեծ և ընդարձակ հյուրատան շինվիլը։ Այս առաջարկս խիստ հարմար և գործնական