Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/278

Այս էջը հաստատված է

գտավ պ. Ե. Լալայանը և խնդրեց ինձմե անձամբ ընկերակցել իրեն դեպի Հոռոմոսի վանքը տեղուն վրա իմ ցուցումներս տալու համար։ Ես սիրով ընդունեցի, որովհետև ինձի մեծ ուրախություն պատճառեց որ տարիներե ի վեր երազած խորհուրդներս իրականության կմոտենային, այն է, պահել Հոռոմոսի վանքի գիտական և պատմական աննման հարստությունները։

Հետևյալ առավոտ կանուխ կառքով մեկնեցինք դեպի Հոռոմոսի վանքը, այնտեղ ցույց տվի ամեն բան, որով ավելի ուրախություն զգաց պ․ Լալայանը և մտադրվեցավ ամեն ջանք ի գործ դնել այն ծրագրին հաջողության։ Ղոշավանքի գյուղացիք լսելով կամուրջի շինության լուրը, իրենք ալ ինքնակամ խոստացան հարյուր մշակ և քսան սայլ ձրի տալ օժանդակելու համար այս օգտակար գործին։ Երբ վերադարձանք Անի, պ. Լալայանց դիմեց պրոֆ. Մառին և հայտնեց այս խորհուրդները, անոր ալ կարծիքն իմանալու համար, նա ևս համակրեցավ լիովին և խոստացավ նույն իսկ բարոյապես օգնել կրցածին չափ։

Լալայանց մեծամեծ հույսերով և չափազանց ոգևորված մեկնեցավ այս տեղեն, հավատալով որ ի մոտո սկսեցի շինությանց ալ ձեռնարկել։

«Ախուրյան», 1907 թ. № 46.
18-ին հուլիսի

Անցյալ շաբթու գրեցի, որ սրահի մի մեջեն գտնվեցան գեղանկար զարդարված տախտակի կտորներ։ Նույն սրահին մեջ, որը կգտնվի պալատին հարավարևմտյան և միջնաբերդի գագաթի կիսականգուն հնագույն եկեղեցիի ուղիղ արևմտյան կողմը, սալատակին տակ նշմարվեցավ, դեռ երկու շաբաթ առաջ, աղյուսով կամարակապված ստորերկրյա շինության մը հետքերը։ Հակառակ Անիի մեջ աղյուսի տարօրինակ և հետաքրքրական երևույթին, պ․ Մառ չշտապեց անմիջապես բանալու այդ մասը՝ նախքան անոր վրան և շուրջը խուզարկու պեղումներ կատարելը, և հիրավի նույն կամարի և վրայի սարատակի մեջտեղը պահված էին գրեթե նույնչափ հետաքրքրական բաներ, որոնք կարող էին փչանալ բրիչի անզգուշ հարվածներու տակ։ Կամարեն հազիվ կես մետր բարձրության վրա հայտնվեցան ջրաբաշխ խողովակներու ճյուղավորումներ ոմանք երկաթե, ոմանք մաքուր կավե պատրաստված, իրարմե տարբեր տրամագծերով։ Այս խողովակները հատուկ էին պալատի զանազան մասերուն վրա գտնվող աղբյուրներուն ջուր մատակարարելու, որովհետև մեկ ու կես սանտիմեն մինչև երեք սանտիմ տրամագիծ ունին անցքերը։ Շատ ավելի մեծ խողովակներ երևցան ուրիշ տեղեր, մասնավորապես բաղնիքին մոտերը, բայց դեռ հայտնի չէ թե ինչ կապ ունին այս տեղի հետ, որովհետև այլևս կասկած չմնաց որ այս աղյուսաշեն ստորերկրյա կամարակապը ամրոցի ջրամբարն էր։ Պեղումները շարունակվելով մեկ մասին վրա մինչև հատակը տեսնվեցավ, որ պատերը և հատակն ալ շինված էին աղյուսով և խնամքով ծեփված կրով, ավազով՝ հատակն ալ միասին։ Աղյուսներուն խոշոր քառակուսի տափակ ձևը և շարվածքը խիստ հնության կատարյալ դրոշմը կկրեն, գուցե Կամսարականներու ժամանակեն է մնացած։ Դեռ կշարունակվի ջրամբարի պեղումը, երբ վերջանա կարելի է որ գտնվի նաև այն ճանապարհը, ուրկեց կուգար ջուրն այնտեղ լեցվելու համար։ Առայժմ մի տարօրինակ երևույթ կա ջրամբարին մեջ, մեկ մասին վրա հատակեն մեկ մետր դեպի վեր, բոլորակ հորի նմանող տակեն աղյուսով և վրայեն քարով հյուսված բարձրություն մը ցցված է, ոչինչ ենթադրել չէ կարելի մինչև լավ մը մաքրվելը։