Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/279

Այս էջը հաստատված է

Արտաքուստ շրջապատի վրա դեռ լուրջ պեղումներ չեն սկսված, հազիվ թե կարելի ըլլա երկու շաբաթ հետո լեռնակուտակ թափված քարերն ու բեկորները մաքրել, խումբ մը գործավորներ զբաղված են միայն քարերը և բեկորները տեղափոխելու։ Այս քարակույտերուն մեջ սկսեր են գտնվել հետզհետե առնվազն 15 սմ. մեծությամբ խոշոր տառերով հունարեն արձանագրության մը բեկորները, որոնք ըստ երևույթին շարված են եղեր շինության դրսի ճակատին, ամբողջ երկայնության վրա թե՛ արևելյան և թե՛ հյուսիսային կողմեն։ Արձանագրության դեռ հազիվ սկզբի մասերն են ձեռք անցած, որոնց մեջ կարդաց հարգելի պրոֆեսորն ինքնակալ, հաղթական և այլն և այլն, անկապ բառերը և մի տառը, որմե կհետևցնե թե պետք է լինի Կոստանդին Մոնոմախոսի ներկայացուցիչներու կողմանե գրված, Անին գրավելեն հետո։ Արդեն շինությունով և քարերի տեսակներով շատ տարբեր է այն պատը, որուն վրայեն թափեր է այս արձանագրությունը, հետնագույն հավելված մը կկազմե իսկական պալատի շինության կցված, անկասկած Բագրատունի թագավորաց անկումեն հետո հույն կառավարիչներ այս գեղատեսիլ բարձրության վրա հաստատեցին իրենց բնակությունը և նորոգեցին հավելվածներով իրենց ճաշակին համաձայն։

Պրոֆեսոր Մառ մտադիր է առաջիկա շաբթուն մեջ, մ՛ի օր զբաղվել Անի գյուղին մեջ գտնվող հեթանոսական գերեզմաններու պեղումներով, որոնց մեկ մասը արդեն բավականին հարուստ նյութ ընծայեց Անիի թանգարանին։

«Ախուրյան», 1907 թ., հուլիս 19. № 47
24-ին հուլիսի

Ամրոցի ջրամբարի պեղումները շարունակվելով անցյալ շաբթու, ամբողջ ծավալը հասեր էր 3 մետր լայնության, 7 մետր երկարության և 5 մետր խորության. թեև տարօրինակ էին անոր փոքր ծավալը և հարավային պատին վրա երևցող սրածայր կամարակապ երկու դռնակները, որոնք մինչև իսկ կասկածելի կդարձնեին ջրամբար իսկ լինելն, բայց հետո այդ կասկածը լիովին փարատեցավ, երբ պեղման շարունակությամբ պարզվեցավ, որ հարավային պատը պարզ միջնորմ մ' էր ջրամբարի ամբողջության մեջ։ Շինությունը շարունակված էր դեպի հարավ և կար բաժանում մը ևս նույնանման ծավալով, նույնպես աղյուսաշեն, կամարակապ․ ատկեց անդին դեռ երրորդ մը կա թե ոչ, առայժմ հայտնի չէ, միայն թե այժմ պարզ է, որ շինության հաստությունը և տոկունությունը ի նկատի ունենալով բաժանված էր փոքր մասերու, և առանձին կամարակապված, իսկ դռները անհրաժեշտ պահանջ էին մաքրելու ժամանակ մեկեն մյուսը անցնելու համար․ ջրամբարի բուն մուտքը կգտնվի բարձր, կամարի կորության տակ․ գալով մեջը շինված հորին, շատ հետնագույն ժամանակի անխնամ հավելված մ' է, նույն բանը կրկնված է հարավային բաժանման արևելյան կողմը ջրամբարի պատին դրսի երեսին