մը առանց շրջորմի պատերուն փոխարինեցին սյուներու շարքեր, որոնց վրա կար միմիայն ծածկույթի մը տանիքը։ Այս փոփոխության պատճառը Եգիպտոսի կլիման եղավ գուցե: Այդ երկրին արտակարգ ջերմության մեջ անտանելի պիտի ըլլար խուռն բազմությամբ հավաքվիլ հարկի մը տակ, որ դռնեն զատ գրեթե տեղ չուներ օդը փոխվելու։ Եգիպտոսի մեջ, քանի որ անձրևի և ցուրտի երկյուղ չկար, այլևս ավելորդ էին արտաքին պատերը. բավական միայն տանիքի հովանին՝ արեգական կիզիչ ազդեցությունեն ժողովուրդը պահպանելու համար։ Ըստ ամենայնի հաճելի էր այս ձևը. միակ անտեղությունը, որ կար, այն ալ տաճարին դուրսի հետ այժմ հաղորդակցած ըլլալն էր, որ հաճախ առիթ կուտար սրբապղծությանը. այդ անտեղությունն ալ վերցնելու համար տաճարը շրջապատեցին ամուր և բարձր պատերով թողելով անոր շուրջն ընդարձակ բացօթյա բակ. նաև ժամանակ-ժամանակ այս պատերուն կցեցին զանազան շինություններ և ընդարձակ գավիթներ:
Այստեղ դրված նկ. № 1 Բ հատակագիծը (էջ 11) ցույց կուտա արտաքին պատերը սյունազարդի փոխված օրինակը։
ա. Սրբարանը։
բ. Քահանայից սրահ։
գ. Ժողովրդյան սրահ:
դ. Սրբազան սպասներու և անոթներու պահարաններ:
Ահա գրեթե այս ձևն էր, որ անփոփոխ անցավ հրեից, ինչպես նախ հունաց։
Հունաստանն ալ ունեցավ իր նախապատմական շրջանը. այս այն ժամանակ է, երբ պելասգները գաղթելով Փոքր-Ասիայեն անցան Եգեյան ծովը և տիրեցին այդ երկրին։
Հունաստանի նախապատմական շրջանը թեև Եգիպտոսինին պես բոլորովին անստույգ չէ, սակայն շատ առասպելախառն է, այդ շրջանին մեջ երկիրը կկառավարվեր դյուցազունների ձեռքով, ինչպես Եգիպտոս իր նախապատմական շրջանին մեջ կկառավարվեր աստվածներու ձեռքով։ Ստույգ պատմությունը կսկսի հազիվ 12 դար Ք.ա.։
Թե՛ պատմական աղբյուրներու և թե՛ գիտական խուզարկություններու շնորհիվ ի լույս հանված փաստեր ցույց կուտան, որ Փոքր Ասիայեն համրաբար անցնող այս ժողովուրդը որոշ չափով քաղաքակրթված վիճակի մեջ գրաված էր այդ երկիրը։ Անցնելով այնտեղ տնկեց ապագա հունական քաղաքակրթության կորիզը և մշակեց, և երբ հունական զանազան ցեղեր լիովին տիրապետեցին, արդեն պատրաստ վիճակի մեջ էր ծաղկելու և բարգավաճելու:
Այս բարգավաճմանը ոչ նվազ նպաստեցին փյունիկեցիք, որպես թափառաշրջիկ վաճառական ժողովուրդ, մշտական հարաբերության մեջ դրին Արևելքն Արևմուտքի հետ, հաստատեցին նավագնացություններ, գաղթականություններ, անընդհատ փոխադրեցին նոր բարք ու սովորություններ, կրոն, գիտություն և արվեստ՝ մասնավորապես Եգիպտոսեն, որ այն ժամանակ միակ երկիրն էր քաղաքակրթության ամենաբարձր աստիճանի վրա կանգնած, այնպես որ Ք.ա. 7-րդ դարուն Հունաստան իր որոշ տեղն ուներ մեծ ազգերուն շարքին մեջ։
Դեռ պելասգների ժամանակի հիշատակարաններու վրա, որոնք դուրս եկան հրաբխային լավաներու տակ կատարված խուզարկությանց շնորհիվ, պարզ կերեվեր փյունիկեցիներու միջոցով փոխադրված եգիպտական արվեստագործությանց նմուշներ: Եգիպտական ոճով և ձևերով նույն բաները կգտնվեին Փոքր-Ասիայի մասնավորապես Փյունիկեի շրջանին մեջ կատարված պեղումներե։
Պատմությունը կավանդե նաև, որ շատ հին ժամանակ փյունիկեցիներու գաղթականության մեջ խառնված էին հունական ցեղեր Եգիպտոսի դելտային վրա. ծանոթ իբրև նավարկող ժողովուրդ, որոնք հետզհետե բազմանալով ստվար թիվ կկազմեին պտղոմեական շրջանին մեջ:
Հունական ամենահին աստվածը Զևսը Եգիպտացոց Ռան էր։ Եգիպտական Ամմոնը երկար ատեն պաշտվեցավ Հունաստանի մեջ իր իսկական անունով։ Նմանապես կային ուրիշ շատ աստվածություններ, որոնք թե՛ հատկությամբ և թե՛ գործերով նույնն էին եգիպտականներու հետ։ Ուստի անվիճելի կմնա, որ Հունաստանի քաղաքակրթության գլխավոր աղբյուրն էր Եգիպտոս. հետևաբար արվեստով, գիտությունով, նաև կրոնով անկից օգտվող ժողովուրդ մը բնականաբար պիտի ազդվեր նաև կրոնական տաճարներու ձևերեն ալ։
Պելասգների ժամանակի մեհենիկներ կան, որոնք մեծ նմանություն կբերեն եգիպտականներու: Կրետե կղզիին մեջ կար ստորերկրյա մեհյան մը, որ ճշգրիտ ընդօրինակությունն էր եգիպտական տաճարի մը։ Հունաստանի ամենահին մեհյանը կհամարվի Տրովադայի մեջ՝ Պոսիդոնի նվիրված տաճար մը որուն ճակատը քանդակված էին եգիպտական, ասորական սֆինքսներ և հուշկապարիկներ։
Հին շրջանի հիշատակարաններ պարզ ու ծանր երևույթ ունեին, տաճարներ հիմնված էին ընդհանրապես փոքր տարածության վրա և գրեթե միշտ ստորերկրյա, կբաղկանային քառակուսի սրահե մը և նրբանցքե մը։ Ասոնք թեև տաճարներ էին, ունեին իրենց աստվածները, տոներն ու պաշտամունքները, բայց կկրեին պահարան կամ գանձարան անունը, որովհետև այնտեղ կպահվեին բացի կրոնական խորհրդանշաններե, անոթներե նաև դյուցազնությամբ անմահացողներու հիշատակով նվիրագործված իրեղեններ, ինչպես զենքեր, զրահներ. ասոնցմե զատ ժողովուրդն ալ այնտեղ կբերեր պահելու իր թանկագին առարկաները տաճարին աստծու հովանավորության տակ։
Այս փոքրիկ տաճարներուն մեջ, բացի քառակուսին, կային բոլորովին բոլորակ ձևով շինված տաճարներ առջևնին քառակուսի նախագավիթով կամ նրբանցքով մը: Ասոնք ընդօրինակությունն ըլլալ կկարծվին ավելի կանուխ Փոքր-Ասիայի մեջ ընդհանրացած բոլորակ դամբարաններու, որոնց հետնագույն օրինակներեն մեկը դեռ մասամբ գոյություն ունի իր վիթխարի երեվույթով. ատիկա Կրեսոսի հոր՝ Ալայաթի դամբարանն է 400 մետր տրամագծով:
Ք. ա. 4-րդ դարուն Հոնիայի մեջ և 6-րդ դարուն Դորիայի մեջ ծաղկող արվեստները վերջ դրին այս նախնական պարզ ու անշուք ստորերկրյա տաճարներուն,