Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/283

Այս էջը հաստատված է

ոճն այնքան տարօրինակ է, որ մինչև այժմ անոր ինչ նպատակի համար շինված ըլլալուն մասին ոչ մի գաղափար չկազմվեցավ։ Իրարմե համաչափ հեռավորության վրա, չորս հաստահեղույս պատվանդաններ կանգնված են ամենահին օրինակի պսակներով շրջապատված վերի կողմեն, հետքեր կան որ այս պատվանդաններուն վրա կանգնված են եղեր սյուներ։ Հետագա ժամանակի մեջ, հավանաբար նույնպես Բագրատունիներու օրով, օգտվելով այս վիթխարի պատվանդաններու ներկայութենեն, անոնց չորս կողմերեն ավելցնելով կիսաբոլորակ պատեր, կազմել են մի խաչաձև փոքրիկ մատուռ։ Մեջեն գտնվեցան գեղաքանդակ խաչքարեր առհասարակ 11-12-րդ դարերու ճաշակով, հարավային դռան առջև կային գերեզմաններ, արևելյան կողմը սենյակի մը մեջ գտնվեցան հինգ զանազան մեծությամբ գինիի խոշոր կարասներ, որոնց մեկուն մեջ կար գինիի փոքրիկ փարչ մը բոլորովին անվնաս. այս կարասներեն երկուքը միայն անվնաս հանվելով փոխադրվեցան թանգարան։ Բացի զանազան մեծ ու փոքր առարկաներե այստեղ գտնվեցավ մի պղնձյա չափավոր մեծությամբ աման, որուն ներքև ամրացած են երեք պղնձյա ոտքեր, արտաքին շուրթերը եզերված են փոքրիկ կիսաբոլորակ ատամներով, որոնց յուրաքանչյուրին վրա փորագրված են զանազան տեսակի վարդիկներ, մեջտեղը կա մի կենդանիի նկար, որուն ինչ ըլլալը ճշտիվ որոշել դժվար եղավ ժանգոտությունե մասամբ մաշված ըլլալուն պատճառով։

Արևմտահայ բժ. Պալաքյան գանգերու ուսումնասիրության համար, պրոֆ․ Մառի արտոնությամբ, Հոնենց Տիգրանի քարափոր դամբարանի մեջ փորեց մի գերեզման, ուրկեց դուրս եկավ 4-5 տարեկան փոքրիկ աղջկան մը դագաղը։ Աղջկան մարմինը բոլորովին փտած էր, սակայն, բարեբախտաբար, գրեթե անփուտ մնացած էր զգեստը, մարմնույն վրա հագած էր խիստ նուրբ թույլ շապիկ, որուն հազիվ հետքերը մնացեր են, իսկ վրայեն հագած շապիկը, որուն երկարությունը, ինչպես կերևի, ծունկերեն ավելի վար իջած է, բոլորովին անփուտ մնացած է։ Գույնը սպիտակ, կերպասը մաքուր մետաքս, թևին բերանը և ուրիշ զանազան եզերքներ ասեղնագործված են այտուցիկ ատամնաշար ձևերով. թևերին եզերքները ասեղնագործված է նաև ոսկեթել ծաղկանկարներով, բազուկներուն վրա կարված են երկու մատ լայնությամբ իշխանական տոհմի հատուկ բազկակապեր ամբողջովին մետաքսով և ոսկեթելով ասեզնագործված, Անիի մեջ հաճախ քարերու վրա քանդակված մանվածոներու ձևերով։ Մարմնույն վրայեն մեջքին շնորհալի հանգույցով մը կապված էր մետաքսյա բարակ չվան մը։

Դագաղը հանվելեն մեկ օր հետո, Գարեգին վարդապետ Հովսեփյան, որ այստեղ կգտնվեր վերջին տարիներու պեղման արդյունքը ուսումնասիրելու համար, կմտնե դագաղը հանված քարայրը և կգտնե մի շորի կտոր, որ անուշադրությամբ նետված էր մեկ կողմ դագաղը հանելու ժամանակ, լվացվելեն հետո երևաց, որ ցանցակերպ հյուսված ասեղնագործ ծածկոց և կամ մի ուրիշ բան էր, որուն վրա խիտ ասեղնագործված էին երկու վագրեր կանգնած դեմ դիմաց, մեկը մեծ և մյուսը՝ փոքր, մեծին գլուխը փոքրին կռնակեն քիչ բարձր, իսկ փոքրին գլուխը՝ մեծին կուրծքին վրա. վագրներու մարմնույն վրայի խատուտիկ գծերն ու բիծերը երկու գույնի մետաքսով և ոսկե թելերով բանված են։ Գալով նկարին գեղեցկության և բնականության, նկարագրութենե ավելի բանաստեղծական ներբողներու արժանի է անոր հեղինակը, այդ փոքրիկ պատկերին վրա ոչ մի կետ մոռացված չէ անոնց ջիղերեն, հոդվածներն և բոլոր կազմական հատվածներեն։ Ամեն ինչ բնական, ամեն ինչ նուրբ ու ճարտար նկարչական ճաշակով, բոլորովին անկախ մեզ ծանոթ ոճերե, հեռու բոլորովին պարսկական, բյուզանդական շաբլոններե, զուտ տեղական ճաշակի արտադրություն կներկայացնե. ահա փաստ մը ևս փշրելու համար այն ընդհանուր կարծիքը, թե հին հայերը, ըստ ամենայնի, ենթարկված են եղել բյուզանդական ազդեցության կամ անոնց ընդօրինակողները եղած են և կամ ուղղակի անոնց արվեստագործության արդյունքով պճնազարդեր են ինքնզինքնին, բնակարանները և այլ ամեն ինչ։

Մոտ երեք շաբաթ է, կփորվի մզկիթի (այժմյան թանգարան) առջևեն դեպի Միջնաբերդ տանող ճանապարհը, որուն ծայրը կսկսվի ավագ դռնեն․ այնտեղեն շարունակվելով կուգա կհասնի մինչև կործանած աշտարակին տակը և անկեց ալ շեղվելով կհասնի մզկիթ ու հետո մինչև Միջնաբերդ, այս գծին վրա կգտնվի այժմս պեղվող այն մեծ ապարանքները, որոնց դռան առջևեն գտնվեցավ Զաքարե սպասալարի սիմպոլ մարդ-առյուծ սփինքսը։ Մզկիթի առջև ճանապարհը բավական լայն է, երկու կողմին վրա կբացվին հետզհետե տներու դռներ։ Աշոտի պարիսպին այստեղի եղած դռան հետքը գետին կողմեն միայն հայտնի է, դիմացի կողմը անհետացած էր։

Մզկիթի արտաքին դուռն ալ գրեթե բոլորովին քանդված է, հազիվ կան բարավորները բնորոշող հետքեր․ սակայն մինարեին կից արևելյան կողմեն գտնվեցավ մի դուռ, որուն քանդակազարդ շքեղ բարավորներն ու շրջակաները ոչինչով պակաս չեն մնար Առաքելոց եկեղեցիի գավթին քանդակազարդ ճակատեն, նույնքան գեղեցիկ և նույնքան ճոխ։ Այստեղեն ոչ միայն հանվեցան բոլորովին անաղարտ, մեզ ծանոթ Էպուստայիտ Պեհադուր խանի արձանագրությունը, այլ և ուրիշ արաբերեն արձանագրությանց կտորներ, գտնվեցավ կտոր մը հայերեն արձանագրություն, որուն վրա մնացեր է միայն ի թագաւորութեանն Գագ(կայ) բառերը։

Նախընթաց շաբաթ օր սկսվեցավ Զաքարե սպասալարի հատուկ կարծված ապարանքի պեղումը. հյուսիսային կողմի դահլիճը այժմ բաց է կիսով չափ. հայտնվեցան բոլոր շքեղ որմասյուները և անոնց մեջ տեղերը գտնված անհավասար չափերով փոքր ու մեծ սենյակներ, որոնք 1817 թվին անգլիացի ճանապարհորդ Քեր-Բորթը կանգուն տեսած է և նկարագրած է մասամբ։ Ինչպես կերևի, մոտ ժամանակներս կանգուն մնացած ըլլալուն պատճառով, միշտ թալանված է, հազիվ թե պատահի տնական և այլ տնտեսական պետքերու հատուկ առարկաներ, սակայն անթիվ ու անհամար են ճարտարապետական շքեղ քանդակազարդ դռների, առաստաղներու, գմբեթներու մնացորդներ, որոնց նկարագրությունը կուտամ հաջորդ անգամին։

«Ախուրյան», 1908 թ., № № 49, 51, 53.