հունական ստեղծագործական հանճարը խառնված անոր գեղեցկագիտական ճաշակին հետ՝ այնպիսի շքեղ կատարելության հասցուց տաճարները, որոնց վրա մեզմե հետո ալ դեռ շատ դարեր պիտի հիանան։
Զգալի կերպով բազմացած են 6-րդ դարուն հունական տաճարները ոչ միայն բուն Հունաստանի մեջ, այլ և Իտալիայի զանազան մասերուն վրա, ուր մեծամեծ հունական գաղթականություններ հաստատված էին։
Նկար № 1-ի հատակագիծ Գ.-ը կներկայացնե 6-րդ դարու սկիզբը շինված տաճարի մը օրինակը Սելինոնթի մեջ, որ նեղ ու երկար քառակուսի որմափակ մը է, շրջապատված սյունազարդ սրահով մը, և կբաղկանա երեք գլխավոր բաժանմունքներե։
ա. Սրբարանը, որուն խորը զետեղված էր պաշտելիին արձանը։
բ. Փոքր գավիթ քահանայից։
գ. Բաժանումը հատուկ էր պահարանի, որպես գանձարան կրոնական և ժողովրդային հարստությանց, որ հետզհետե սովորություն դարձավ վերջերը՝ փոխանակ առանձին շինելու՝ զետեղել տաճարին խորը, նույն տեղ պաշտվող աստծուն անմիջական հսկողության տակ։
դ. Սյունազարդ սրահ հավատացելոց բազմության համար, միշտ առանց շրջորմի, ինչպես տեսանք Եգիպտոսի մեհյաններուն մեջ։
Նույն դարուն միևնույն տեղին վրա քիչ հետո երևեցավ մի ուրիշ տաճար, որ առանց փոխելու անոր հատակագծային խորհրդավոր սահմանը, ենթարկված է փոփոխության՝ տարածությանց համեմատական չափերուն մեջ։
Ա. Սրբարանը, որ առաջ նեղ ու երկար քառակուսի էր, այժմ սկսած է լայննալ. և նույն համեմատությամբ նեղցած է գ. ժողովրդի հատուկ սյունազարդ սրահը: Քահանայից փոքր բ. գավիթը, փոխանակ դրսի հետ դռնով մը հաղորդակցելու, փոխված է նաև սյունաշարի: Նկ. № 1 Դ բաժանումը եղած է միմիայն շենքին երկու կողմերուն վրա ներդաշնակ համաչափություն պահելու համար։
Ինչ որ ավելի ուշագրավ է այս ձևին մեջ, ներսի կողմեն դեպի երկարության երկու կարգ սյուներու շարքն է, որոնք թերևս իբրև նախագաղափար ծառայեցին հռոմեական ապագա բազիլիքներու:
Հատակագիծ Ե (տես՝ նկ. 1, հատակագիծ Ե) կուգա նույնպես Սիցիլիայեն 6-րդ դարու վերջերը կանգնած հանուն Օլիմպիական Զևս աստծուն։ Այստեղ ավելի շեշտված է սրբարանը լայնցնելու ճիգը, քան իր նախորդները, և բացի ներքին կողմի երկու կարգ սյունաշարեն խորը բաժնված է երեք փոքրիկ խցիկներու, որոնց մեջտեղի ա. բաժանումը համեմատաբար ավելի լայն է, և անպայման այնտեղ դրված էր Զեվսի արձանը։ Երկու քովերու գ. զ. փոքրիկ բաժանումները սրբազան անոթներու և այլ կրոնական հարստությանց պահարաններ էին կամ հար և նման ժամանակակից փյունիկյան մեհյաններու, առանձին աստվածներու հատկացված սրբարաններ էին։ Այս տաճարին մեջ թեև որոշակի հասկցված չէ այս խցիկներու իսկական պաշտոնը, սակայն ասոնցմե հետո շինված նույնանման տաճարներ կան, որոնց վրա լիովին ստուգված է, թե այդ բաժանումները զատ-զատ սրբարաններ էին։ 5-րդ դարուն Ք.ա., արդեն կան բազմաթիվ օրինակներ մեկե ավելի աստվածներու նվիրված տաճարներու, ինչպես Ֆիկալիի մեջ Ապոզոնի նվիրված տաճար մը, որուն խորը թեև արձանին հատուկ էր, բայց սրբարանին երկարության երկու պատերուն վրա կային ութ զանազան արձաններու հատուկ խցիկներ։ Գրեթե նույն ձևով և նույն մեծությամբ մի ուրիշ օրինակ կար՝ Հերաումի մեջ, նույնպես բացի տաճարին գլխավոր աստվածութենեն, այնտեղ տեղ ունեին ութ զանազան աստվածություններ կողմնակի պատերուն կցված խցիկներու մեջ։ Աթենքի Էրենքթեոնը նվիրված էր երկու գլխավոր աստվածությանց՝ Նեփչունի և Միներվի:
Մեկե ավելի աստվածներու նվիրված տաճարները հետզհետե այնքան սովորական դարձան, որ ամենեն հետո հռովմեացիք շինեցին բոլոր աստվածներու նվիրված հսկա տաճար մը՝ Հռովմի Պանթեոնը։
Աթենքի Ակրոպոլի մեջ, 5-րդ դարու կեսին, Պարթենոնի սրբարանի հատակագծի վրա համաչափության փոփոխությունը կատարյալ է։ (Տես նկ. № 1, հատակագիծ Զ)։ Սրբարանի սրահը բոլորովին ընդարձակված է, և կողմնակի արտաքին սյունաշարերը չափազանց նեղցած են, այլևս հնարավորություն չկա այնտեղ հավատացելոց բազմության համար ապաստարան գտնել, ոչ կրոնական պաշտամանց ժամանակ և ոչ ալ հասարակական գործերու համար ժողովներ կազմելու վաղեմի սովորության համեմատ։ Առաջ տաճարը միայն կրոնական շինություն չէր, պաշտամանց ժամանակեն դուրս ուրիշ ատեն սյունազարդ սրահները կծառայեին իբր ժողովատեղի, ուր կվճռեին կրոնական և հանրային մեծամեծ խնդիրներ։ Այժմ Պարթենոնը զուտ կրոնական շինության է և կպատկանի միմիայն աստծո և անոր սիրանվեր պաշտոնեությանց, ժողովուրդը քշված է բոլորովին դուրս հեռուեն մեհյանը շրջապատող պարսպեն գոյացած բացօթյա բակին մեջ։ բ. Զուտ քահանայից բաժին և գ. գանձարան։
Պարթենոնեն քանի մը տարի հետո, Ակրիժանթի մեջ երեվեցավ հսկա տաճար մը Օլիմպիական Զեվսի նվիրված, որուն վրա, Պարթենոնի մեջ երեվեցած սյունասրահի կողմնակի նեղ անցքերն ալ վերցված են և սյուները կիսասյուներու փոխվելով ուղղակի պատին կպած են. սյուներուն խարսխին անմիջապես կհաջորդեն ամեն տաճարներու մեջ միշտ պարտավորիչ աստիճանները շուրջանակի։
Ընդհանրապես սրբարանի համար ընդունված քառակուսի ձևերեն դուրս շեղումներ նկատվեցան 4-րդ դարուն։ Տելոսի մեջ շինվեցավ մեհյան մը (տես նկ. № 1, հատակագիծ Է) գանձարան անվան տակ, որուն խորքը կվերջանար կիսաբոլորակով մը, և մեջտեղին շարված կարգ մը սյուներ սրբարանը կբաժանեին երկու բ. բ. թևերու երկու աստվածներու հատուկ, ա. պահարան կամ գանձարան։
Էլլադայի մեջ հունական տիրապետությունեն ի վեր կիսաբոլորակ վերջավորությամբ տաճարի առաջին օրինակն է. այս նախապատմական տաճարը, սակայն ոչ սկիզբը։ Շատ հին ժամանակ կելտերն ունեցան դրույիտներու պաշտմանը հատուկ ընդարձակ և բոլորովին բացօթյա տաճարներ՝ մեջտեղին ցած պատերով մինչև տասը թևերու բաժանված, որոնք միշտ կիսաբոլորակ կվերջանային, ուր կգտնվեր բուն սրբարանը։