Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/305

Այս էջը հաստատված է

կազմելս՝ ստեղծված քաոսային դրության պատճառով, այն ևս ոչ բոլորովին կատարյալ, իսկ շենքի ձևը կամ կաոուցվածքը որոշել անհնար եղավ։ Ինչպես երևում էր, Խաչիկ վարդապետ վերջ ի վերջո, նախքան իմ այնտեղ գնալս, ինքն ևս զգացեր էր ոչ միայն հատակագծի ճշտիվ չափագրության, այլև վերակազմության կարևորությունը. ուստի հրավիրել էր անփորձ ուսանողներ և գծագրիչներ, իր հասկացողությամբ, որոշ ենթադրությունների վրա հիմնված, ներշնչել էր այս կամ այն ձևը տալ շենքին, որոնք ոչ միայն թերի էին, այլև հիմնովին սխալ։

Ամբողջական վերակազմության համար հուսահատական էր դրությունը, հույսս մնացել էր արտաքին պեղումների վրա, ուստի առաջարկիցի դրսի մասերը պեղել իմ ներկայությամբ, որով թերևս կարելի լիներ դրական ապացույցներ գտնել շենքի ընդհանուր կազմության մասին։ Նամանավանդ որ, ինչպես շենքի մեջը, այնպես էլ դուրսը ընկած էին մեծազանգված բեկորներ, որոնց վառոդով պայթեցնելու ժամանակը նոր էր հասել՝ ըստ պեղման ղեկավարի։ Պետք է ասել, որ Խաչիկ վարդապետ սիրով ընդունեց առաջարկս պեղման ձեռնարկելու մասին և խոստացավ դուրսն ընկած մեծ բեկորները ևս պահել ընդմիշտ, իբրև հաստատուն ապացույցներ վերակազմության, որովհետև նույն բեկորների վրա դեռ այսօր ևս կարելի է տեսնել ներքին կազմության խիստ բնորոշ հետքեր։

Մեծ չափով արդարացան հույսերս։ Շենքից դուրս ընկած մեծ բեկորների վրա գտա, գմբեթակիր սյուների մեջ եղած բաժանումները, երկրորդ հարկին իբրև խայրիսխ ծառայող բոլորակ պատը և այս խարիսխները կրող առագաստները։ Իսկ իմ ներկայությամբ արտաքին պեղումների ժամանակ կարգավ դուրս եկան ամբողջ ճակատների, սյուների, պատուհանների, որմաղեղների և այլ զանազան մանրամասնսւթյուններ, որոնց մանրամասն չափագրությունները ո՛չ միայն ճշտեցին արտաքին երեսների ճիշտ կազմությունը, այլև գրեթե անվիճելի կերպով տվին բարձրությանց չափերը, որով հնար եղավ կազմել ամբողջ վերակազմությունը։ Վերակազմությանս ճշտության իբրև ապացույց, տարիներ հետո, երևան եկան պր․ Ն․ Մառի ջանքերով, Անիի գագկաշեն ս․ Գրիգորի և Բանայի եկեղեցիները։

Հետևաբար, եթե պատահաբար ես վրա չհասնեի, և ըստ կանոնի չհետևեի յուրաքանչյուր բեկորի ընկած տեղին, դիրքին և չափերին և մնար Խաչիկ վարդապետի հասկացողության և ամեն ինչ ոչնչացնելու ուղղությամբ առաջ տարվեին մնացած պեղումները, պարզապես պետք է միանգամայն կորած լիներ Զվարթնոցի ընդհանուր կառուցվածքն ու ներքին և արտաքին ձևերը։

Արտաքին կողմից, վստահ եմ որ անթերի վերակազմված է Զվարթնոցը, սակայն ի ներքուստ կան այնպիսի կորուստներ, որոնք միանգամայն անդառնալի են։

Օրինակի համար ըստ դարաշրջանի ոճերու գմբեթի նիստը սլանտանտիվների վրա էր թե՞ տրոմբների վրա, ինչ բնորոշ կազմություն ուներ գմբեթի գդակը և ուրիշ ինչ մանրամասնություններ կային արտաքուստ այդքան շքեղ տաճարի մեջ՝ ներքին կողմից դարաշրջանի ճաշակը և ոճը արտահայտող։

Միմիայն բոլորակ տաճարը չէ, որ այս այլանդակության մատնված է իր ներքին կողմից, այլև Զվարթնոցի շինարարական պատմության համար անդարձ կորած են հարավային կողմից ընդարձակ շինությունների կառուցվածքը, նրանց ծածկի ձևերը, լուսամուտների դասավորությունները և ուրիշ բազմաթիվ մանրամասնություններ, որոնք այլևս անհնարին են որևէ կերպով վերակազմել և գաղափար կազմել ժամանակակից շինարարական ոճերի վրա։ Մանավանդ այդ շինություններից երկու մասեր, որոնք վերին աստիճան հետաքրքրական են մեր այսօրվան շինարարական արվեստի տեսակետով իսկ։ Այս մասերեն մեկն է այն բաժինը, որուն մասին Խաչիկ վարդապետ երկար դասախոսություններ է կարդում այցելուներին անհեթեթ կերպով, համարելով հայոց հին կրակապաշտական տաճար լինելու՝ առանց գրական ապացույցների, երկրորդը՝ կաթողիկոսական մեծ դահլիճը, որուն կազմությունը գեղարվեստի և ճարտարապետության և պատմության համար անգնահատելի պիտի լինեին։ Այժմ այս բոլոր շենքերից անհետացել են շինարարական ապացույցներ և քարեր, իսկ տեղում մնացած մասերը լոկ հատակագծի միայն արժեք ունին։

Միայն Զվարթնոցը չէ, որ Խաչիկ վարդապետի բրչի տակ կորցրել է իր բոլոր ցանկալի առանձնահատկություններն ի վնաս գեղարվեստի պատմության․ կան նաև ուրիշ տեղեր, որոնք ավերված ու ոչնչացած են անկարգ և անգիտակից փորումների պատճառով։ Միևնույն ձևով պեղվել է Գառնին, Դվինը, Եղվարդը և ուրիշ կարևոր վայրեր։

Գառնիի մասին ցանկալի էր, որ պր. Ն. Մառ իր հեղինակավոր խոսքն ասեր այնտեղ կատարված ավերումների մասին. Զվարթնոցի մասին Հ․ Ստրչիգովսկիի արտահայտությունը բավական է թե՛ իր երկհատոր մեծ գրքին մեջ և թե՛ 1913 թվին Լենինգրադ գնալիս այնտեղի գիտնականների շրջանում։ Իսկ գալով 6-րդ դարու Եղվարդի հոյակապ տաճարին, ոչինչ չէ մնացած այնտեղ բացի հատակագծից։ Որովհետև պեղելուց հետո եղած քարերն ևս թողած ճակատագրին ամեն տեղ և խաղաղ սրտով, հեռանում է պեղած վայրերից, և այդպիսով պեղման վայրը շրջակա բնակչության համար ծառայում է իբրև շինության քարերի մի շտեմարան, և ամեն ոք տանում է իր գոմն ու մարագները շինելու համար։ Ավելի քան քառասուն տարիներն ի վեր Խաչիկ