եհարց Պատրուբուլոս զվարդապետն իւր Րոսինոս, թէ ի՞նչ նշանակէ այսքան բազմութեան հաւատալ ի խաչեալ այր մի, որ և Թէոդորոս իմաստապետն Աթենացւոց և Ափրիկանոս Աղեքսանդրացի և Մարտինոս Իբաթու (Հիպատոա) հաւատացին ի նա, թողեալ զվայելչութիւն աշխարհիս։ Ետ պատասխանի և ասէ․ «մի զարմանար ընդ այդ, զի կարծեմ թէ և աստուածք հնազանդին նմա»։ Եւ նա ասէ. «ո՞րպէս» և ասէ ցնա. «Զի անախտութիւն և անմեղութիւն և անընչութիւն է քարոզութիւն նորա․ յայտ է զի ի վեր է քան զամենեցուն քարոզդ այդ»։[1]
Հաջողության ճանապարհը ուղիղ էր և հունձքը անսպասելի կերպով առատ։ Առաքյալներ ցրված արևելք և արևմուտք, եռանդուն կերպով կգործեին, քաղաքե քաղաք, գյուղե գյուղ կքարոզեին, թղթակցություններ կգրեին հավատացելոց քաջալերության համար։
Առհասարակ նորահավատները գոհ էին նոր կրոնին մատակարարած բարիքներեն, միայն տրտունջներ կլսվեին վարչական ձևերու մասին, լավ չէին բաշխվեր նյութական օժանդակությունները, զրկվողներ և մոռացվողներ շատ կային անոնց մեջ, հարկ էր այլևս որոշ կանոններ և հաստատուն կազմակերպություն, որոնց միջոցավ կարելի ըլլար առատությամբ և հավասարությամբ մխիթարել բոլոր կարոտյալները, և վերջ տալ լուրջ հետևանքներ սպառնացող տրտունջներուն։ Ուստի ահա այստեղ, առաքյալներ ժողով գումարեցին, պաշտոնյաներ ձեռնադրեցին և անոնց յուրաքանչյուրին գործն ու պաշտոնը որոշեցին, և հիմք դրին այն մեծ կազմակերպության, արուն վրա թեև ի սկզբան անտարբեր հեգնությամբ վերաբերվեցան տիրող պետությունն ու ժողովուրդը, սակայն կոչված էր նա մեկ երկու դար հետո իրական սպառնալիք մը դառնալու երկար դարերե ի վեր նվիրագործված հեթանոսական անսասան հաստատություններուն։
Օր ըստ օրե բազմացող և հեթանոսոթյան մեջ ծեսերու և արարողություններու սովոր նորադարձ ժողովուրդին անախորժ երևցավ քրիստոնեական կրոնի բոլորովին պարզությունը, բնական հակում զգաց դեպի տաճարները և անոնց մեջ կատարվող բազմամբոխ տոները, բավական չեղավ իրենց կենդանի տաճար աստուծո ըլլալը։ Նյութական տաճարի կարիքն անխուսափելի դարձավ նույնիսկ առաքելոց ժամանակեն մեկե ավելի պատճառներով, տաճարը պիտի ըլլար այն շրջանակը, որուն մեջ պիտի հավաքվեր նորահավատ ժողովուրդը, տաճարը պիտի միացներ համորեն քրիստոնեից սիրտն ու հոգին, տաճարին մեջ պիտի լսեին փրկարար վարդապետության քարոզները, մեկնությունները։ Մանավանդ, ամենակարևոր ծես մը կար կատարվելիք նոր կրոնի մեծ վարդապետի վերջին կտակով նվիրագործված, որուն համար տեղ և բնակարան հարկավոր էր, պետք էր հաց կտրել և գինի խմել, և հավերժացնել «արարէք զայս առ իմոյ յիշատակի» պատվերը, որուն գործադրությունը պիտի ըլլար թե՛ ապագա բազմատեսակ ծեսերու և թե՛ քրիստոնեական տաճարներու հատակագծային բաժանման ոճին։
Մեկ կողմանե աղքատ հասարակությունը կերակրելու համար մեծաքանակ գումարներու անհրաժեշտ պետքը, մյուս կողմանե քրիստոնեից դեմ հարուցված խիստ հալածանքները, առաջին դարու մեջ մեծ արգելք էին տաճարներու շինության, ուստի առաքյալներ բավական համարեցին ոևէ ընդարձակ սրահի մը մեջ և այնտեղ քարոզել, աղոթել, հաց կտրել ըստ փրկչավանդ կտակի և խոսել ու խորհրդակցել հասարակաց բարօրության ու վարչական կանոններու վրա։
Ինչպես կերևի առաքելոց թուղթերեն, քրիստոնեական այս նախնական աղոթատեղիները և անոնց հաց կտրելու արարողությունը ավելի ընտանեկան ժողովի մը երևույթը ուներ, քան թե կրոնական պաշտաման սրբավայրի, որովհետև հաց կտրելու սեղանին շուրջը հավաքվողներու երբեմնի անպատշաճ վարմունքը առաքելոց դժգոհության առիթ տվին և խստիվ հանդիմանվեցան. փոխանակ համեստությամբ պատառ մը հացով և բաժակ մը գինով սիրո և եղբայրակցության ուխտը կատարելու, սկսեր էին զվարճության սեղանի մը նման ուտել, խմել, հարբել ու անվայել արարքների մեջ գտնվիլ․ այս պատճառով ալ հարկ եղավ միջոցներ ձեռք առնել սույն անպատշաճությունները չկրկնվելու համար։
Անշուշտ պաշտաման ժամանակ հավատացյալներու վարքի մասին հետզհետե կանոններ սահմանվեցան, սակայն աղոթասրահներու ձևերուն մասին ոչ մի կանոն կամ օրենք չեն երևիր առաջին դարուն մեջ։ Աղոթասրահին տեղը, դիրքը, ձևը ոչինչ նշանակություն չուներ, բավական էր որ հավատացյալներու երկսեռ բազմությունը պարունակելու չափ ընդարձակ ըլլար, ուր կարելի ըլլար հանգստությամբ կատարել այն ժամանակվան կարճ ու պարզ ծեսերը։ Կանանց անջատ կամ խառն աղոթելուն մասին ոչինչ օրենք չի նշմարվեր, նայելով եբրայական օրենքի տրամադրության, պետք էր որ կանայք առանձին տեղ գրաված ըլլային. կանանց համար բացառիկ օրենք միմիայն գլուխնին ծածկված աղոթքի ներկայանալն է։ Իսկ երբ ի նկատի ունենանք Պողոս առաքյալի բողոքը առաքելոց կիներու հետ շրջագայելը բամբասողներու դեմ, կարելի է ենթադրել որ ի սկզբանե այդ խտրությունն ալ չէ եղած։
Երուսաղեմեն դուրս գալ, Փոքր Ասիո և Հունաստանի զանազան կողմերը հետզհետե բազմացող քրիստոնյաներն ալ ի սկզբան ասկեց տարբեր սովորություններ չէին կարող ունենալ, սակայն բնական էր, որ ըստ միջավայրի և ճաշակի, հետզհետե հասարակ բնակարանե մը տարբեր, պատկառելի սրբավայրի մը երևույթը տալու պիտի ջանային, տակավ առ տակավ կահավորելով, ճոխացնելով և գիշերային ժողովներու ժամանակ սովորականեն ավելի լուսավորությամբ պայծառացնելով։
Առաջին դարուն մեջ, առաքյալներ եկեղեցվո ձևի մասին, եթե ոչ մի օրենք չավանդեցին, հայտնի կերևի որ ժողովուրդն ալ չզբաղվեցավ այդ խնդրով. քանի որ բազմապիսի սովորություններ և ծեսեր չկային, որպես զի ըստ ծիսական պահանջմանց որոշ հատակագիծ հարկ ըլլար։ Բացի հաց կտրելու արարողությունը, որուն համար սրահ մը և սեղան մը անհրաժեշտ էր, կարելի էր ամեն տեղ աղոթել, քարոզել այնտեղ, ուր բազմություն կար մեկտեղ, ուր որ ջուր կար, իսկ ձեռնադրել
- ↑ Ժամանակագրութիւն տեառն Միխայէլի Ասորւոյ Պատրիարքի, Երուսաղեմ, 1871 թ․, էջ 113-114։