եկեղեցիներու փոխարկվեցան թեթև փոփոխություններով և նորոգություններով։ Արևելադրության սկզբունքը տակավին քրիստոնեից մեջ վերջնականապես մուտ գտած չըլլալը մեծապես օգնեց հեթանոսական շինությունները քրիստոնեական եկեղեցիներու փոխարկվելուն. դեռ 6-րդ դարու Այա-Սոֆիան ուղիղ արևելադրված չէ, իսկ ներքին բաժանման մեջ կռապաշտական տաճարներե ունեցած տարբերությունն այն էր, որ Զևսի գահուն վրա պիտի բազմեր հաղթական Էհովվան, և միածին Միներվի տեղը պիտի գրավեր Էհովվայի միածին Քրիստոսը։ Շատ քիչ ժամանակ էր հարկավոր, որ հեթանոսական բազմաթիվ երկրորդական աստվածներու թափուր մնացած աթոռներուն վրա ևս գային բազմելու քրիստոնեից բազմաթիվ սուրբերը միևնույն ավանդական և առասպելական նվիրագործումներով։ Իսկ մնացյալ մասերը, որոնք աստվածային, պաշտոնեությանց և ջերմեռանդ հասարակության կվերաբերեին, գրեթե անփոփոխ մնացին։
Քրիստոնեության պետական կրոն հայտարարվելեն առաջ, քրիստոնեության դարձող հեթանոսներ եթե կամավ կամ համոզումով հրաժարած էին կռապաշտական առասպելական ավանդություններե, քրիստոնյա պետության մը հալածանքներու տակ բոնի դավանափոխ եղողներ բնականաբար դյուրավ չպիտի հրաժարվեին իրենց սրտին մեջ արմատացած դարավոր հավատալիքներեն և ավանդություններեն, պայքարը նույնքան երկար և ահեղ պիտի ըլլար, ինչպես քրիստոնեության պայքարը հեթանոսության դեմ, եթե 4-րդ դարու եկեղեցվո քրիստոնյա քարոզիչներ հետևելով իրենց նախորդներու, Մովսեսի և Պողոսի խորագետ քաղաքագիտության, չվերանորոգեին հին ավանդությունները և սովորությունները, քրիստոնեական ծեսերու տակ մի կերպ սրբագործելով։ Ուստի այդ սկզբունքով ալ ոչ միայն խոտելի չեղան կռռց տաճարներու հատակագծային բաժանումները քրիստոնեից համար, այլև անոնց վերագրված սրբազան անուններն ալ օծումով և պաշտամունքով սրրագործվեցան, գրեթե միևնույն անուններով։ Հեթանոսական կույս Միներվի մեհյանը քրիստոնեական ս․ կույսի տաճար եղավ, Արևի մեհյանը ս. Հեղիի և բոլոր աստվածներու տաճար՝ Բանթեոնը— ամենայն սրբոց տաճարներու փոխարկվեցան։ Նույն բանը եղավ նաև հայոց մեջ, որուն մասին հետո պիտի տեսնինք։
Այժմ քննենք, թե ինչ խորհրդավոր ձև և բաժանում էր հարկավոր քրիստոնեական տաճարներու, որոնք պահելով իրենց մեջ եբրայական հին ուխտի տաճարներուն բոլոր բնորոշ գծերը, նաև պատշաճություն տրված ըլլար նոր ուխտի տաճարներու գլխավոր վարդապետությանց պահանջներուն, միևնույն ատեն հնարավորություն լիներ հեթանոսական տաճարներու և բազիլիքներու քրիստոնեական եկեղեցիներ փոխանակելուն։
Նոր կտակարանի տեսակետով հին ուխտը նորին ստվերն էր, կամ ավելի պարզ հին կտակարանի հին մովսեսավանդ ծեսերը, ավանդությունները. ապագա քրիստոնեության նախագիծ պատկերներն էին, որոնք ժամանակավորապես ծածկված պիտի մնային խորհրդավոր քողի տակ մինչև Մեսիային հայտնագործությունը. և անկեց հետո՝ հին սովորությունները նորին մեջ պիտի ունենային դարձյալ իրենց հատուկ պատշաճ տեղը, ավելի պարզված, մեկնված, և իրականության փոխված այն ամենը, որոնք ի հնումն լոկ մարգարեություններ էին միայն։
Այստեղ համեմատենք եբրայական տաճարի պաշտաման և սպասարկությանց հատուկ մանրամասնությունները քրիստոնեական տաճարի մանրամասնությանց հետ և տեսնենք թե ինչո՞վ տարբերվեցավ վերջինը առաջինեն.
Եբրայական տաճարի մանրամասնությունները
1) Սրբարան
2) Սրբություն սրբոց
3) Տապանակ ուխտի
4) Տապանակին մեջ դրված քարե տախտակ տասն պատվիրանաց, օրինաց թուղթ և մանանա
5) Զոհի սեղան
6) Աշտանակ յոթը թևով
7) Բուրվառ կամ խնկաման
8) Վարագույր սրբարանի
9) Քահանայից և դպրաց դաս
10) Հավատացելոց դաս կամ Իսրայելի գավիթ
11) Հեթանոսաց գավիթ
Քրիստոնեական տաճարի մանրամասնությունները
— Խորան
— Խաչը, սրբատուփը
— Խաչկալ
— Ավետարան և հաղորդություն
— Պատարագի սեղան
— Աշտանակ յոթը թևով (հունաց մեջ մինչև այսօր գործածական)
— Բուրվառ և խնկաման
— Վարագույր խորանի
— Քահանայից և դպրաց դաս
— Հավատացելոց և կամ մկրտված քրիստոնյաներու աղոթքի դաս
— Երեխայից կամ ապաշխարողաց գավիթ
Ինչպես կերևի այս համեմատությունեն, հինին և նորին հատկությունները գրեթե միևնույնն են, շատ մասնավոր փոփոխություններով և կամ հավելումներով, հետևաբար նախկին երեք դարերու քրիստոնեության վարդապետները պիտի մշակեին այս ձևը լիովին ծիսական պետքերու մեջ բավարարություն գտնելու համար և այդպես ալ եղավ արդեն։ Թեև բացի եբրայական տաճարի մանրամասնութենեն մտավ նաև քրիստոնեական եկեղեցիներու մեջ հեթանոսական տաճարներեն ալ բաժիններ նույն հատկություններով և նույն անուններով, սակայն այդ մասերը թե՛ քիչ ուշ մտան և թե՛ այնքան ալ պարտավորիչ չեղան երկար ժամանակ. պարբերաբար միայն պահանջ զգացվեցավ անոնց։
Եգիպտացոց, հունաց և այլ հին ազգաց տաճարները քննելով մենք տեսանք, անոնք եբրայական տաճարներե