Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/43

Այս էջը հաստատված է
Վանա բերդի ուրարտական աստիճանները և վիմափոր շենքի մուտքը

լինելու մեծ հավանականություն կա, թեև հետագային, ըստ ժամանակի պահանջմանց զանազան փոփոխությունների և նորոգությունների են ենթարկված։

Դեռ Հայաստանի նախաբնակ ուրարտացիների ժամանակ հիմնվում է Վանը, Սարտուր Ա-ի ձեռքով (835-820 Ք. ա.)։ Քիչ հետո ոչ միայն բարեզարդության, այլև մի շարք կուլտուրական հասատատություններ շինվում են Մենուա Ա-ի ձեռքով (800-780), որոնց կարևորները և զարմանալիները մինչև այսօր գոյություն ունեն։ Մովսես Խորենացին, Վանի մեջ շինված սկզբի և հետագա ուրարտական մեծագործությունները վերագրում է ինչ որ առասպելական թագուհի Շամիրամի. իր գրքի Ա․ մասի ԺԶ գլխի մեջ մանրամասն պատմում է Վանի բերդի, պարիսպների, քարայրերի, շքեղ քաղաքամասերի և գլխավորապես, հռչակավոր ջրանցքի և այլ և այլ շինությունների մասին, որ այսօր իսկ գիտնական ճանապարհորդներ վկայում են որ մեծ մասամբ տակավին մնում են ուրարտական այդ մեծ և զարմանքի արժանի շինությունները և հաստատում են, որ ուրարտացիների ժամանակ Հայաստանում գոյություն ունեցել են, թե՛ քաջակորով աշխարհակալ միապետներ և թե՛ քաղաքակրթված ժողովուրդ։ Մանավանդ քաղաքի շինության նկարագրությունը, որ ուղղակի կապվում է այնտեղ բնակվող ժողովրդի հետ, ապացույց է ըստ ամենայնի երկրի առատության, բնակիչների բարեկեցության ու հանգստության։ Գույնզգույն քարերով շինված երկու կամ երեք հարկանի շենքեր, բնակիչների հարստության և ճաշակի զարգացման ապացույց են. իսկ շենքերի ճակատները դեպի արևելք շինելը, հօգուտ առողջապահական գիտակցության կը վկայե։

Նախաքրիստոնեական վերջին դարերում, քննադատության բովեն անցած, Հայաստանի վրա թագավորող մի քանի մեծ աշխարհակալ թագավորների պատմության մեջ արձանագրված ուշադրության արժանի գործերը, որոնց մասին մեզ լրացուցիչ և ստույգ տեղեկություններ են տալիս օտար պատմագիրներ, պարտավորեցնում են հավատալ Հայաստանում գոյություն ունեցող լուրջ քաղաքակրթության, մեր թվականից դեռ երկու-երեք հարյուր տարիներ առաջ։ Երբ ի նկատի ունենանք այն ժամանակվան հունա-հռոմեական բարձրագույն քաղաքակրթությունը և մեր երկրին տիրապետողների ջանքն ու ձգտումը, այդ բարձրագույն քաղաքակրթությունը Հայաստան տեղափոխելու համար, պիտի տեսնենք, որ որոշ չափով իրենց նպատակին հասել են հունա-հռովմեական քաղաքակրթությունը Հայաստանում տարածելու համար։

Նախաքրիստոնեական վերջին շրջանում Հայաստանի մեջ եղել են երկու մեծ թագավորներ, որոնք ընդհանրապես տիրապետող պարսկական ազդեցության դեմ կռվելով հունական քաղաքակրթությունը տարածելու նպատակի հաջողության համար, նաև աշխատել են Հայաստանի մեջ մտցնել հունական դիցապաշտությունը, որուն ակամա համակերպվում էր ժողովրդյան մեծագույն մասը։ Լիովին հաջողեր են թե ոչ, այդ մասին վճռական բան չի կարելի ըսել, որովհետև պարսկական քաղաքակրթության ազդեցությունների ընտելացած ժողովուրդը, դարեր հարկավոր էին փոխելու և հունական քաղաքակրթության ընտելացնելու համար։ Սահմանակից