Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/44

Այս էջը հաստատված է

երկու մեծ պետությունների մեջ, Հայաստանի վրա ազդեցություն գործելու մրցումը երկար պիտի տևեր, առանց սակայն լիակատար հաջողության։ Մանավանդ որ Հայաստանի ժողովուրդը արտաքին ազդեցություններ ընդունելով և յուրացնելով հանդերձ, քաղաքակրթական տեսակետով բոլորովին ինքնուրույն բնույթ ուներ։

Տիգրանակերտի պարիսպների մնացորդներ ըստ Լեման Հաուպտի

Գալով մասնավորապես ճարտարապետության ազդեցությանց տեսակետով, որ մեր իսկական նպատակն է հետազոտել, բնավ չեն համակրած հունա-հռովմեական ոճին և մինչև վերջին անկում միևնույն արևելյան ինքնուրույն ոճով շարունակել են իրենց ճարտարապետությունը և շինարարությունը։

Նախաքրիստոնեական թագավորներեն մեկը, Արտաշես Ա. (Ք. ա․ 160 թ. ?) Վանի լճի ափին շինեց Արտամետ քաղաքը, յուր կնոջ Սաթենիկի զվարճության համար (Թովմա Արծրունի) և զարդարեց գեղեցիկ շինություններով, պարտեզներով, ճեմելիքներով, ծաղկաստաններով և այլ գեղեցիկ հարմարություններով։ Իսկ մյուս թագավորը, Մեծն Տիգրան, շինեց Տիգրանակերա քաղաքը։ Այս քաղաքին համար ևս օտար պատմագիրների կողմից վկայություններ կան, որ շատ շքեղ էր և շինարարական օրենքներով ըստ ամենայնի կատարյալ։ Շրջակա քաղաքակիրթ ազգերից խիտ բնակչություն ուներ իր մեջ, բացի հայ ժողովրդից, որ համեմատաբար պատկառելի թիվ կկազմեր։ Այս քաղաքը Տիգրան Մեծի կենդանության ժամանակ պատկառելի համբավ ստացել էր իր գեղեցկության համար։

Բայց այս երկու քաղաքների շինությանց ոճի մասին ոչ մի խոսք չկա։ Կարող է նորաշեն քաղաքները շատ շքեղ և ակնհաճո լինեին, բայց մեզ պետք եղածը ոճերի ազդեցության խնդիրն է, որ անհայտ է։ Սակայն այստեղ դարձյալ իմ կարծիքս պիտի կրկնեմ, որ նկատի ունենալով ժողովրդի ճաշակը, պետք էր որ ժողովրդին շինածը լիներ ընդհանրապես արևելյան, այնտեղ պետք է որ գտնվեին ասորա-քաղդեական, պարսկական ոճեր և շինելակերպերը (ինչպես որ տևեր է մինչև 15-րդ դար, շատ քիչ արևմտյան խառնուրդներով)։ Սակայն հունա-հռովմեական ոճը, ամենայն հավանականությամբ, պետական շենքերու հատուկ պետք է որ լիներ, ի նկատի ունենալով տիրապետողների ճաշակը և արևմտյան քաղաքակրթությունը Հայաստանի մեջ ընդհանրացնելու ձգտումը։ Վերջապես պետք էր որ արևելյան և արևմտյան ոճերու խառնուրդ լինեին, իհարկե մեծագույն տեղը արևելյան ինքնուրույն ոճին տրված։

Երկարատև հետազոտությունների մեջ նկատել եմ, որ մինչև 15-րդ դար, հազիվ մի քանի շենքերի մեջ, արևմտյան ճարտարապետության գծեր պատվաստված են Հայաստանի հին ճարտարապետության մեջ։ Վերջապես հունա-հռովմեական և բյուզանդական ճարտարապետությունները շատ թեթև ազդեցություն են ունեցել Հայաստանի ճարտարապետության վրա, իրենց պետական գոյության տևողության մեջ. Հայաստանի ժողովուրդը և մասնավորապես ճարտարապետները սիրել են արևելյան լուրջ և առնական ոճը քան հունա-հռովմեական նրբին և շքեղ ոճը։

Գառնիի մեջ հունա-հռովմեական ոճով կառուցված Տրդատա թախտի գոյությունը բնավ ընդհանուր ազդեցություն չպիտի համարել Հայաստանի ճարտարապետության վրա, վասնզի այդ շենքը միակն է, որ մեզ հասած է, և տեսնում ենք, որ բովանդակ Հայաստանի մեջ այլևս չկան նույն հռովմեական ոճով շինված շենքեր, եթե լինեին իսկ, այնքան սակավաթիվ եղած են, որ անմիջապես անհետացել են։ Գուցե օրինակներ գտնվին, եթե հին Արտաշատը պեղվի և խուզարկվի։

Շատ զարմանալի կերպով Տրդատա թախտեն հետո, մինչև 5-րդ դար շինված են մի քանի շենքեր, նույնիսկ Գառնիի մեջ գոյություննին պահել են մինչև այսօր, որոնք հազիվ նշմարելի մի քանի հունա-հռովմեական գծեր ունին իրենց մեջ, ինչպես Տեկոր, Շիրվանճուք, Դիրակլար, Էջմիածին և այլն և այլն, որոնց մասին իր տեղում կհայտնեմ մանրամասն։ Այժմ միայն ընդհանուր, հատկություննին բնորոշելու համար պիտի մատնանշեմ, որ այս բոլոր հիշածս շինությունները, որ հասել են մեր օրերուն և հաստատուն տվյալներ ունեն նախքան 5-րդ դար, կամ 5-րդ դարուն կանգնված լինելուն, բնականաբար մտածել կուտան քննող ճարտարապետին կամ հետաքրքրվող ուսումնասերին թե, դեռ 5-րդ դարուն այնքան ճարտարապետական ճաշակ և շինարարական կատարելություն ունեցող շինվածքներ ե՞րբ այնքան մշակվեցին և կատարելության հասան, ո՞ւր և քանի՞ դար առաջ կարող էր տեղի ունենալ անոր ծրագրումը կամ սկիզբը։

Արդ, ի նկատի ունենալով, որ ճարտարապետություն և շինարարություն միշտ համրաբար առաջ են ընթանում, և դարերի ընթացքում աստիճանաբար են կատարելագործվում, հետևաբար անոր սկիզբը կամ վերածնության ծրագրումը տեսնելու համար, պետք է ետ գնալ դեպի նախաքրիստոնեական դարերը։ Մանավանդ, երբ պատմական տեղեկություններ մեզ կավանդին ոչ միայն քաղաքների շինության, այլև անոնց գեղարվեստական բարեզարդության 2-րդ և 3-րդ դարերուն, բնականաբար քրիստոնեական շրջանի կատարելագործված արվեստի սկիզբը պետք է տեսնել մեր թվականեն առաջ քան 3-րդ դար։

Գուցե գտնվին մարդիկ, և իսկապես այնպիսիները կան, որոնք Հայաստանում զարգացող ճարտարապետության մասին հոռետես են և արհամարհանքով են վերաբերվում, սակայն պետք է ըսել, որ այդօրինակ մարդոց բնավ ծանոթ չեն, սկսած քրիստոնեական թվականից մինչև 15րդ դար Հայաստանում անթիվ հուշարձանների գոյությունը, որոնք մինչև մեր օրերուն հասած են։ Բացի անոնց անծանոթ լինելուց, եթե այդպիսիներին