Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/46

Այս էջը հաստատված է

են առանց նախնականին տիպն ու հատկությունները կորսնցնելու։ Եթե երբեմն ժամանակի ոգին կպահանջեր օգտվիլ զիրենք շրջապատող մեծ ազգերեն, չեն վարանած փոխ առնել ոճեր, սակայն այդ ոճերը չեն պատվաստված հայ արվեստի բունին վրա առանց զանոնք նախապես հայացնելու։

Հայ ճարտարապետությունը մեզ ծանոթ նախնական շրջանեն մինչև վերջին անկումը (ԺԴ կամ ԺԵ դար) չորս զանազան վերածնություններ ունեցեր է միշտ մեկզմեկե ավելի տպավորիչ և շքեղ ձևերու տակ։ Յուրաքանչյուր վերածնության մեջ խիստ աննշան գծերով կմատնվին օտար ազդեցությանց հետքերը։

Վերջին վերածնության մեջ ԺԲ-ԺԳ դարերուն, եթե ոչ բոլորովին արաբականություն՝ գոնե արաբական զորեղ ազդեցություն տեսնել կուզեն ոմանք։ Սակայն իմ կողմանե դժվար է համաձայնել այդ կարծիքին, Ը դարեն ի վեր Հայաստանը ողողող արաբ ժողովուրդը ինչու պիտի սպասեր մինչ ԺԲ-ԺԳ դարերը իր արվեստով Հայաստանի վրա ներգործելու համար։

Նոր գիտությունը մերժեց արաբներու ստեղծական տաղանդը։[1] Արաբներ չէին, որ արվեստ ստեղծեցին իրենց գրաված երկիրներուն մեջ, այլ իրենց գրաված յուրաքանչյուր երկիրներուն բնիկ ժողովուրդները ստեղծեցին տիրող տարրին համար,[2] և այդ պատճառով ալ Սպանիա, Թունիս, Ալժիր, Սյուրիա, Պարսկաստան և Հայաստան, յուրաքանչյուրը ըստ տեղական պայմաններու և սեփական ճաշակի, իրարմե մեծապես զանազանող արաբական ոճեր ստեղծեցին։

Հայաստանի մեջ ԺԲ-ԺԳ դարերու ծաղկող արաբական ոճը եթե բաղդատենք հայոց հնագույն ոճերու հետ, շատ կգտնենք նոր արաբականի կորիզներ՝ որոնք հայ գերիներու հետ թափառելով երկրե երկիր արաբական տիրապետության սահմաններուն մեջ և հետզհետե զարգանալով հետադարձ ներգործություն միայն ունեցեր են։

Գոնիայի մեջ ախլաթցի մի դավանափոխ հայ ԺԱ դարուն կշիներ Ալայեդդինի մզկիթին ամպիոնը, որուն վրա Հայաստանեն տարված գեղեցիկ մանվածոներով[3] զարդարելեն հետո վրան ալ կդներ հայկական ութանկյունի թմբուկավոր կաթողիկե․ նույնպիսի կաթողիկեի ձևով շինված է նաև մզկիթին գմբեթը։

Երբ հայ արվեստագետին ճակատագիրը տնօրինողը և անոր հայրենիքը որոշողը՝ բռնակալ տիրապետողին քմահաճույքն էր, այլևս ինչո՞ւ զարմանալ, որ Ե դարու Տեկորի պայտաձև կամարները Ժ դարուն Սպանիայի մեջ կերևնան։

Հայկական պատմական շրջանի յուրաքանչյուր դար գեղարվեստական պատկառելի մեծագործություններ արտադրեր է, որոնցմե շատերը կանգուն կամ կիսականգուն մեզ հասած պերճախոս վկաներ են հայ ժողովուրդի գեղարվեստական բեղմնավոր տաղանդին, որոնց մեկ քանի նմուշը ներկայացնել հաճույք է ինձ համար։

Բագրատունիներու օրով Շիրակի մեջ, հազիվ մեկ ու կես միլիոնի հասնող մի փոքրիկ ժողովուրդ, բավական չէր որ արևելյան արտակարգ ճոխությամբ արքայական պալատներ պիտի կանգներ, թագավորներու թագերը թանկագին գոհարներով ու մարգարիտներով պիտի զարդարեր, թագուհիներու համար ոսկեթել բեհեզներ ռւ ծիրանիներ պիտի պատրաստեր, բազմաթիվ թագավորազուններու և իշխանազուններու վայելքի ու զվարճության համար առատ հարկեր ու նվերներ պիտի վճարեր, այս ամենեն զատ, այդ փոքրիկ ժողովրդի քրտինքի կաթիլներեն գոյացել են այն բազմամիլիոն գումարները, որոնցմով կանգնվել են բացի Անիի ահավոր պարիսպներեն, ուրիշ բազմաթիվ բերդեր, հազարավոր հոյակապ մեծ ու փոքր տաճարներ, կամուրջներ, քարափոր հասարակաց ճանապարհներ, գեղարվեստական վերին աստիճան նուրբ ու շնորհալի տեսքով և, ո՞րչափ ժամանակի մեջ, առասպելական է, եթե ըսեմ՝ հարյուր քսան տարվան փոքր ժամանակամիջոցի մը մեջ։ Հիրավի Անիի շինությունը թեև տևեց Ժ դարեն մինչև ԺԴ դարը, բայց երբ դուրս հանենք պարսկական բռնակալության շրջանը, երբ գեղարվեստական զարգացման ոչ մի շարժում չլինելեն զատ նույնիսկ անեցու ամենեն սիրելի թագուհիի կաթողիկեին գագաթը մահմետական մահիկին փայլիլը անմխիթար սուգի էր մատնած ժողովուրդը, այլևս հազիվ մեկ ու կես դար կմնա իբրև շինարարական շրջան։

Ով որ տեսած է Բյուզանդիոնի պարիսպները և բաղդատած Անիի պարիսպներուն հետ, նա կտեսնե թե դժբախտ Անիի գեղապարույր բուրգերը ո՞րչափ թանձր ստվեր կձգեն Բյուզանդիոնի պարիսպներու կոշտ ահավորության վրա։

Գագիկ Ա, երբ Է դարուն մեջ կանգնված հռչակավոր Զվարթնոց եկեղեցիի տխուր հիշատակը կվերականգներ Անիի մեջ յուր մեծագործ ս․ Գրիգորով, անոր բարեպաշտ թագուհին Սմբատի հիմնարկած կաթողիկեն շքեղապես կամբողջացներ։ Եթե կաթողիկեի ներքին ծիրանեծաղիկ և ոսկեթել զարդարանքներու մասին Ասողիկի վկայությունը հաստատող փաստերեն մերկացած է տաճարը, անոր արտաքին պատերուն վրա գտնված քանդակազարդերեն մեկը, արևելյան խորշերու մեկ հատի կամարը թող պատմե թագուհիին ճաշակը։

* * *

Բազիլիքներն[4] իբրև աշխարհիկ շենք, նախնի հունաց մեջ ևս իրագործված էին, բացի այն որ մեհենական ձևերեն շատերը միանգամայն նման են բազիլիքների՝ բացառությամբ աբսիդի, այլև հնագիտական ուսումնասիրությունները հայտնագործել են, որ ընտանեկան բնակարանների մեջ մեծամեծ սրահներ շինված էին նույն ձևով, երբ փայտով ծածկելու հնարավորություն կար, որովհետև երբ հին հունաց մեջ դեռ անծանոթ էին կամար կապելու գործնական միջոցները, սրահներուն որոշ լայնություն տալու համար, հանդիպակաց պատերեն պահանջված չափով հեռու սյուներ

  1. A. Choisy.— Histoire de l’architecture. second, p.90(Paris).
  2. Daniel Ramée—Histoire genfirale de l’architecture, tome deusieme. Paris, MDCCC LXII, p. 1143.
  3. Manuel d’art musulman. Qaston Migeon III, Paris, p. 120, fig. 101.
  4. Այս հատվածը տպագրում ենք հեղինակի սևագիր ձեռագրից, որի սկիզբը և վերջավորությունը հանել ենք՝ կրկնություններից խույս տալու համար։ Կազմող