Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/47

Այս էջը հաստատված է

կտնկեին, այնչափ, որչափ որ միջին թևը ծածկելու համար գերաններու երկարությունները կբավականացնեին, միջին լայն թևին գերանների երկարության չափով սյուները շարելե հետո, կողմնակի թևերը ծածկելու գործողությունը արդեն ինքնին հեշտանում էր։ Ներկա կյանքի մեջ իսկ, մեծ քաղաքներում պակաս չեն բազիլիք ձևի հասարակական շինություններ, որոնք իբրև հանդիսատեղի, ժողովատեղի, կամ իբրև խաղասրահներ և պարասրահներ ծառայում են և նրանց ծայրին հաճախ գտնվում են հատկապես շինված բեմեր դասախոսությունների կամ ներկայացումների համար, և որ ավելին է, մեր բանասերներից մեկը հայ գյուղացու սյունաշար երկար գոմերը համարում էր բազիլիքների նախատիպ Հայաստանի համար։ Թեև բավական միամիտ է այս բաղդատությունը, սակայն ճշմարտություն է, որ չափազանց նման են բազիլիքի հայկական գյուղերի մեծ գոմերը, որոնց կողմնակի թևերին մեջ կապվում են անասունները, իսկ միջին թևերը ազատ են անցուդարձի համար, եթե աբսիդի փոխարեն ընդունենք մեկ ծայրին վրա գյուղական ձմերային գոմի օդան, այն ժամանակ նմանությանը կատարյալ կլինի։

Նկ․ 7․ Գոմի օդա գյուղական տան մեջ

Մասնավորապես հայոց եկեղեցիները, որ ի սկզբան հունական մեհյանների կամ բազիլիքների ձևով սկսեցին, այնուամենայնիվ միևնույն ձևերի մեջ չհարատևեցին, կարծեք հետզհետե հաճելի չերևցավ հայերին նույն արևմտյան ձևերը, ուստի դեռ 5-րդ դարուց սկսեցին փոխել, և հանելով բազիլիքների հատկանիշներեն՝ տվին բոլորակ, քառակուսի ու այլ ձևեր և շքեղության համար նաև գմբեթավորեցին հայկական ոճի հատուկ գմբեթներով։

Գմբեթը զուտ արևելյան ոճ է, ծագումը կհասնի մինչև քաղդեական շրջանը, թեև դեռ անկատար վիճակի մեջ, այնուամենայիվ գոյություն ունեցան հին Քաղդեայում շինված փոքր ծավալով դամբարանների վրա և ասորաբաբելական շրջանում մի քիչ ավելի կատարելագործությամբ՝ Խորսապատի պալատի նախասրահի վրա։ Հին պարսկական պետության մեջ գմբեթաշինությունը այնքան կատարելագործության հասած էր, որ հսկայական մեծությամբ և բարձրությամբ գմբեթներ շինվեցան պարսկական պալատների վրա, այդ շրջանում ոչ միայն արքայական պալատների վրա, այլ և անհատական մեծ շենքերի մեջ իսկ սովորական էր դարձած ցածր կամ միջակ գմբեթ շինել փոքր ի շատե ընդարձակ սրահների վրա։ Պարսկաստանի հսկայական գմբեթների ուղղակի ազդեցությունն էր, որ անցավ դեպի արևմտաք և Հռոմի մեջ ն․ ք. մ. թ. Ա դարուն շինվեց Պանթեոնը՝ հսկա գմբեթով՝ հանուն բոլոր աստվածների։ Այժմ նույն շենքի նմանությամբ շինված գոյություն ունի մի այլ Պանթեոն՝ Փարիզի մեջ, որ ծառայում է իբրև տապանատուն հասարակական մեծամեծ ծառայություններ կատարող հանգուցյալների գերեզմանների համար։

Պարսկաստանին անմիջապես հարևան Հայաստանը ետ չմնաց ճարտարապետական այդ շքեղ մեծագործութենեն։ Հայկական ոճի հատուկ գմբեթի ձևը ինչպես հայտնի է բոլորակ թմբուկի վրա կոնաձև ծածկն է, ըստ ժողովրդական ավանդության, այս ձևը իբր խորհրդանշան վերցրին հայերն Արարատ լեռան կոնաձևից, որ հեթանոսության ժամանակ խորհրդավոր պաշտելի սարն էր Հայաստանի, ինչպես աստվածաբնակ