Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/48

Այս էջը հաստատված է

Ոլիմպիոսը Հունաստանի համար, թեև քրիստոնեությունը ջնջեց ըստ երևույթին Արարատի պաշտամունքը, այնուամենայնիվ Հայաստանի կենդրոնին վրա գտնվող և հին ավանդություններով հարուստ այդ սարն իր հմայքը չկորցրեց ժողովրդի աչքին, եղան ժամանակներ որ Հայաստանի թագավորներ իրենց դրոշակների վրա իբր հայկական սիմբոլ Արարատի պատկերը դրին Նոյան տապանով։

Այստեղ հարկ է գիտենալ մի կարևոր հանգամանք. հին հուշարձանների քանակությամբ պարզված է, որ Հայաստանում գմբեթաշինությունը երկու ուղղությամբ զարգարով, մեկը այն է, որ մինչև մեր օրերը գոյություն ունի եկեղեցիների վրա՝ թմբուկավոր և կոնաձև ծածկով, իսկ մյուսը թեև արտաքուստ միանգամայն անփառունակ, սակայն ի ներքուստ խիստ շքեղ կազմվածք ունին շենքի իրագործման ժամանակի ճաշակին համաձայն քանդակագործություններով։ Այս երկրորդ ուղղությունը իրագործված է դարձյալ քարով, եկեղեցիների նախագավիթների, տոհմային, դամբարանների և այլ հարակից շենքերի վրա, որոնք անկախ են եկեղեցիներից: Սակայն երևում է, որ քարյա այս ոճով շինված գմբեթներն առաջ են եկել առհասարակ փայտաշեն տների մեջ գերաններով իրագործված գմբեթներից, որոնց դրական լեզվով սողոմաքաշ են անվանում, իսկ հասարակ ռամկական բարբառով ղառնավուճ: Գմբեթների այս գեղեցիկ ձևը հայոց մեջ պահված է եղել մեր Ժամանակի քաղաքների և գյուղերի մեջ շինված փայտաշեն տների մեջ և կամաց կամաց անհայտանալու վրա է, տեղի տալով նորաձևությունների, այսինքն հարթ հորիզոնական առաստաղների:

Նկ․ 8. Գլխատան ծածկը գյուղական տան մեջ

Այս սողոմաքաշ գմբեթների մեջ երբեմն այնքան գեղեցիկ և խնամքով շինվածներ կան, որոնք անհնար է որ քննող հետաքրքիր ճարտարապետի ուշադրությունը չգրավեն (տնտեսական և դիմացկունության տեսակետով)։ 1913 թվականին հայտնի գիտնական Ստրչիգովսկի առանձին խնամքով լուսանկարել տվավ այս սողոմաքաշ գմբեթներից մեկը Մարմաշենի մոտ Ղանլիճա գյուղի մեջ։ Դեռ 19-րդ դարում, արևմտյան և հարավային Հայաստանում, որ ես առիթ եմ ունեցել շրջելու, այնքան սովորական եղած էր մեծ տներու մեջ գմբեթարդներով մի ընդարձակ սրահ կամ սենյակ շինել, որ գրեթե պահանջ էր դարձել թե տանտիրոջ կողմից և թե տունը շինող ճարտարապետի կամ վարպետի կողմից, սրանով թե տանտիրոջ ճաշակն էր գնահատվում և թե շինող վարպետին արվեստին մեջ ունեցած հմտությունը գովաբանվում։ Մեծ տների մեջ այսօրինակ գմբեթարդ ունեցող սրահներին սովորական լեզվով ղուպպաի կամ կուպպա անունն էր տրվում։ Արտաքուստ գմբեթավոր մասնավոր շենք, այն մտքով ինչպես որ էր ի հնումն, գրեթե ինձ չէ հաջողվել տեսնել մասնավոր շինությունների վրա, սակայն հաճախ երևում էին գմբեթանման թմբուկավոր մասեր մեծ տների կատարին անկյունավոր կամ քառակուսի, որոնց առհասարակ լապտեր (ֆանար) անունն են տալիս։ Բայց սրա հակառակ գրեթե բոլոր Եվրոպայում մասնավոր մեծ շենքերի, թատրոնների և այլ պետական հասարակական շինությունների վրա բազմաթիվ են գմբեթները, որոնք առանձին շուք և վեհություն են տալիս շենքի ընդհանուր տեսքին:

Մինչև ցարդ համառոտակի բացատրություններիցս, կարծում եմ, որ բավական է հասկանալու համար, թե Արևելքում կրոնական հարկածածուկ շինություններ չեն եղել, իսկ Արևմուտքում որ հունական գեղեցիկ ճարտարապետությամբ, բացի մեհյաններից, նույնիսկ աշխարհիկ շինությունները ևս մեհենական ձև ունի՚ն, այդ իհարկե ժամանակի ոգու պահանջն էր (ճարտարապետության, գեղարվեստականության պահանջն էր և ընդհանուր տիպ շենքերի) այնուամենայնիվ այդ մեհյաններն ոչ աշխարհիկ ծագում ունեին, թագավորական ունկնդրության սրահների ձևերն էին, որ մեհյաններու համար ընդունելի եղան, նաև բազիլիքները, որ քրիստոնեական եկեղեցիների անունով սրբագործվեցին, դարձյալ զուտ աշխարհիկ ծագում ունեին և պետական կարիքների համար ստեղծված։ 4-րդ դարուն, նորադարձ քրիստոնեության ժամանակ հավատացողների թիվը այնքան մեծ էր և եկեղեցվո պահանջը շատ, որուն պատճառով ճարտարապետներ չէին կարողանում նոր հավատի համար տաճարների շինություն հասցնել, բազիլիքները դրվեցին քրիստոնեից տրամադրության տակ, որ նույնությամբ ընդունվեց և հետագա նորոգ շինությունների ևս անփոփոխ օրինակ դարձավ, խիստ աննշան հավելումներով։ Այլ սակայն, մարդկային ճաշակը մի քանի դարեր անցնելուց հետո երևում է որ նույնը չմնաց, մասնավորապես Արևելքում, շատ վաղ ժամանակ սկսեցին բազիլիքներից անկախ տարբեր ձևեր տալ եկեղեցիներին, որոնք եթե խորը ուսումնասիրվին, պիտի տեսնենք որ այդ նորաձևությունների նախատիպերը գոյություն ունեցան Աքեմենյան շրջաններում Պարսկաստանի մեջ, ուր մեհյաններ կանգնելու սովորություն բնավ գոյություն չունեցավ բացի փոքրիկ ատրուշաններից և զոհի սեղաններից: Հայաստան, որ մի փոքր ժամանակ ընդունեց բազիլիք ձևերն ընդհատումներով,