Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/60

Այս էջը հաստատված է

փոքր, սակայն ընդմիշտ հիանար նորանով ապագան։

Տրդատի ուրախությունը երկար չտևեց։ Սմբատի անակնկալ մահվամբ, բոլոր հույսերը ցնդեցան։ Իր երևակայությունները մնացին լոկ երևակայություն։ Ո՞վ պիտի կանչեր զինքը անկեց ետքը մեծագործություններ առաջարկելու: Թագավորներ սովորություն չունեին իրենց նախորդներուն պաշտոնյաներով և արվեստագետներով ղեկավարվել: Անոնք իրենց համար նոր պաշտոնեություն և նոր արվեստագիտաց խումբ կկազմեին։

Այս հուսահատ տխրությունը Տրդատի վրա հազիվ մեկ երկու ամիս տևեր էր, երբ Բյուզանդական կայսրության մեջ պատահած սոսկալի երկրաշարժի մը լուրը հասավ, որը շատ մեծ ու փոքր շենքեր, բերդեր ու ապարանքներ կործանելեն զատ փլցուցեր էր ս. Սոփիայի գմբեթն ալ և շենքը ճեղքել էր վերեն մինչև վար:

Տրդատի հուսահատ աչքերը վերստին փայլեցան, ուրախության և հույսի արևը լուսավորեց համակ էությունը: Ոչ ոքի հետ բան չխոսեցավ, լռիկ ու մնջիկ ճանապարհ ընկավ դեպի Բյուզանդիոնի մայրաքաղաքը։

Տրդատ չէր սխալած, որ Բյուզանդիոնի մեջ ինքը պիտի փայլեր ու պիտի փայլեցներ հայ արվեստագետներու անունն ու պատիվը։ Բազմաթիվ արվեստագետներ ժողոված էին Վասիլ կայսեր հրամանով, որ ամեն հնարք ի գործ դնեն ս. Սոփիայի գմբեթը վերստին շուտով շինելու համար, սակայն ոչ ոք չէր համարձակեր նախաձեռնարկ լինել այդ սարսափելի կերպով պատասխանատու գործին։

Տրդատ առանց կողմնակի մարդոց դիմելու, դիմեց ուղղակի կայսեր, և ցանկություն հայտնեց, որ իրեն հանձնվի այս անգամ ս. Սոփիայի գմբեթի վերաշինությունը, ներկայացնելով ամեն հավաստիք իր կարողության և արժանավորության վրա։

Կայսեր անծանոթ չէր հայն ու Հայաստանը, ինքն ալ հայ մը էր Բյուզանդիոնի գահուն վրա, շատ մոտեն գիտեր Շիրակի թագավորության մեջ կանգնվող գեղարվեստական շինություններու համբավը։ Ուրախությամբ հավանություն տվավ Տրդատի առաջարկին, միանգամայն ձանձրացած տեղական ճարտարապետներու երկար խորհրդակցություններեն և ապարդյուն ժողովներեն։ Ուստի ըսավ Տրդատին.

− Ես արդեն լսած եմ քո անունն ու համբավը, վստահ եմ, թե ըստ ամենայնի զիս կգոհացնես, ուստի այս րոպեին քեզ բացարձակ լիազոր կկարգեմ այդ գործին։ Քու հրամանեդ կախված պետք է լինին տեղական բոլոր ճարտարապետները, արքունի գանձարանս ալ բաց, որչափ որ ծախսես. ով որ քու կամքիդ ու ուղղությանդ հակառակ կգործե, մահվամբ կփոխարինեմ այդպիսիներուն վարմունքը, գնա՛, ուրեմն, հաջողություն քեզ։

Այդ հանճարեղ ճարտարապետը համարձակ մոտեցավ գործին առանց որևէ պատասխանատվութենե վախենալու։ Առանց ժամանակ կորցնելու Տրդատ ոգևորված ձեռնարկեց կաղապարներու պատրաստության և սկզբնավորեց շինության գլխուն ժողոված վարժ ու փորձված արհեստավորներու խումբ մը։ Ամենայն հաջողությամբ առաջ գնաց, և ահա վերջապես եկավ օր մը, որ գմբեթը ամբողջովին կանգնած էր, ավելի հաստատուն և ավելի սիրուն ձևով մը:

Տրդատի մեծագործության համբավը արդեն հասեր էր Անի, ամեն կողմ կխոսեին անոր վրա։

Բարեպաշտուհի Կատրանիդե թագուհին առ ժամաբար հանձներ էր Սմբատի պակաս թողած կաթողիկեին շինության շարունակությունը մի այլ ճարտարապետի հսկողությանը։ Բայց սրտանց կցանկանար, որ Տրդատ ինքը վերջացնե իր սկսած գործը, ուստի շուտով պատգամ հանեց Պոլիս և հրավիրեց Տրդատին վերստին Անի մայրաքաղաքը, իր ձեռքով սկսած գործը իրմով ալ վերջացնելու համար։

Տրդատը հազիվ վերջացուցեր էր ս. Սոփիայի գմբեթի գործը, երբ այս հրավերը ստացավ։ Հայրենասեր արվեստագետին սիրտն ու հոգին դղրդաց, առանց վարանելու և սպասելու կայսեր իրեն խոստացած վարձատրություններուն, գնաց ներկայացավ անոր հրաժեշտի ողջույնը տալու։

Կայսրը զարմացած հարցուց.− Տրդատ, մի՞թե քեզի իմ հզոր պետության մեջ փառք, պատիվ ու մեծություն կպակասեր, որ որոշել ես գնալ այնպիսի փոքրիկ երկրի մը մեջ, որ հազիվ իմ հետին նահանգներես մեկուն հավասար է և շատ անբավական քու ստեղծագործական տաղանդը բեղմնավորելու համար. քեզ նման արվեստագետ մը իմ երկրիս պատիվ կբերե։ Մնա այստեղ։

− Ոչ, արքա, հայրենիքս ինձի կկանչե… պատասխանեց Տրդատը հպարտությամբ,− Հայաստանն է իմ հայրենիքս, Հայաստան պիտի երթամ (Ձեոագիրն այստեղ ընդհատվում է)։

Է. ԳՐԻԳՈՐ ԼՈԻՍԱՎՈՐՉԻ ԵՐԱԶԸ[1]

«Եւ տեսանէի ի մեջ քաղաքիս, մոտ յապարանսն արքունի, խարիսխաձև, ճախարակաձև խարիսխ ոսկի, մեծութեամբ իբրև զմեծ մի բլուր, և ի վերայ նորա սիւն մի հրեղէն, բարձր մինչև յոյժ, և ի վերայ նորա թակաղաղ մի ամպեայ և խաչն լուսաւոր ի վերայ նորա:

Հիմնվելով սյունի նկարագրության խարսխաձև, ճախարակաձև բառերուն վրա, կարծողներ կան, որ Զվարթնոց եկեղեցու բոլորակ ձևը լուսավորչավանդ ծրագիր էր, երազի միջոցավ և երազի մեջ մատնանշված տեղը, նույնիսկ Զվարթնոցի շինված տեղն էր։ Հետևաբար Ներսես Շինող իր ժամանակին նախնյաց սխալը սրբագրող և երազի միջոցավ լուսավորչավանդ ձևի եկեղեցու ճշտությամբ իրագործողն եղավ։

Երազի մեջ մատնանշված տեղը՝ Վաղարշապատն էր թե՞ թաղաքադաշտի առապարը, այդ մասին վճիռ տալ կթողում հմուտ պատմաբաններուն, իսկ ինչ կվերաբերի զուտ ճարտարապետական նկարագրության իմաստին, ավելորդ է միանգամայն այլ ընդ այլո մեկնություններ տալ, այլ պետք է բացատրել Ագաթանգեղոսի ժամանակները ընդհանրացած մի քանի ավանդական սովորություններով, որոնք ճարտարապետության միջոցավ կարտահայտվին։[2]

  1. Այս հոդվածը տպագրվում է հեղինակի անավարտ սևագիր ձեռագրից, որն, ինչպես հեղինակն է վերջում նշում, քննելի և քննադատորեն մշակել նյութ է:
  2. Ինչպես կերևի դեռ 7-րդ դարուն Ներսես Շինողի գերեզմանին վրա միևնույն ձևով կանգնված էր կոթող մը, սյուն խարիսխներով և խոյակով: