Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/62

Այս էջը հաստատված է

քանի որ այդ զարգացման ապացույցներ, եթե կան, երկրի ծոցին մեջ հողի թանձր շերտի տակ ծածկված են:

Արտաշատ, Արմավիր, Դվին նույնպես և Վասպուրականի և այլ հայաբնակ գավառներու հետազոտութենե կույս մնացած հողաբլուրներ թերևս տան մեզի դրական փաստեր այն ատենվան զարգացման մասին, սակայն քանի որ այժմ ոչինչ չունինք ի ձեռին, մեզ կմնա դատել աչքի առջև եղած իրական ապացույցներու վրա։

Թեև հայերը, բարձրագույն կրթության հասած ազգերով շրջապատված՝ իրենց աշխարհագրական դիրքով չէին կարող չազդվիլ անոնց քաղաքակրթութենեն, սակայն գեղարվեստի պատմության համար, տրամաբանական հետևություններ, այնքան ալ զորեղ ապացույցներ չեն կարող համարվիլ, երկրի մը ընդհանուր զարգացման մասին։ Միայն կա մի դրական ապացույց, որով կարող ենք հայ գեղարվեստի ծագումը, անոր գոյության գործնականապես ապացուցված թվականներեն քանի մը դար ևս՝ ավելի հեռու, դեպի հեթանոսական շրջանը տանիլ:

Հայկական ոճի ամենահին նմուշ, մեզի հասած 4-րդ և 5-րդ դարու հիշատակարանները՝ դատելով իրենց բարձրագույն կատարելության հասած երևույթեն և զանոնք կառուցողներու կիրթ ու հմտագույն ճաշակեն, բնականորեն պետք է հետևցնել, որ անոնք երկար դարեր առաջ սկսված և անընդհատ աստիճանական զարգացման ենթարկված գեղարվեստի մը արդյունք են։

Ինչ որ ալ ըլլա հեռավոր անցյալը, մեզ հասած տարրերու վրա չափելով, կմնա հետաքրքրվել թե ո՞ւր էր հայոց գեղարվեստի աղբյուրը, ի՞նչ ճանապարհով մտավ Հայաստան, և ի՞նչ պարբերական ազդեցություններե անցնելով, հասավ յուր վերջին անկման շրջանին:

Այս հարցը դժբախտաբար դեռ անլուծելի կմնա։ Մինչև ցարդ գիտնական ուղևորներու եզրակացությունները, միշտ զիրար հակասեր են, հայոց ընդհանուր հիշատակարաններու վրա հավաքական ուսումնասիրություն կատարած չըլլալուն համար։ Մի փոքր շրջանի մեջ թռուցիկ արշավանքներ բավական չեն ընդհանուր արվեստին վրա գաղափար կազմելու, վասնզի, հայկական զանազան նահանգներու մեջ ճարտարապետական արվեստը՝ իրարմե զգալի չափով տարբեր ազդեցություններու ենթարկված այլազանություն մը կներկայացնե: Հետևաբար յուրաքանչյուր գիտնական հետազոտող, տեսած նմուշներուն վրա պիտի ձևեր յուր կարծիքներն ու ենթադրությունները, ընդհանուրի վերաբերմամբ:

Հետազոտությանցս համառոտ ամփոփումը գրի առնելով, նոր կարծիք մը, կամ նոր ճշմարտություն մը հայտնած ըլլալու հավանականությունը երբեք չունիմ, գուցե ես պարզ արձագանքն եմ քան զիս կանխող բազմահմուտ ուսումնասիրողներու, սակայն իբրև գեղարվեստի խոնարհ մշակ, ես ալ պարտական զգացի ինքզինքս, հաղորդել թղթին, գուցե և ապագային, այն ամենը, որոնք ինձի նորություն և հետազոտութենե զուրկ թվեցան։

Հայ ճարտարապետության ոճը և կազմությունը բնորոշող թեև շատ բան գրված չէ, սակայն եղածներն ալ ընդհանրապես, անոր՝ բյուզանդականի ազդեցության տակ կազմված ըլլալուն համամիտ են։ Ոմանք ալ հակված են այս կամ այն մասերուն մեջ տեսնել արևելյան ոճերու ազդեցությունը, բացի իր ինքնուրույն ստեղծագործական ճոխ մասերեն։

Այս հակասությունը բառնալու համար էր, որ վերջերս գիտնական ճարտարապետ մը Փարիզի Սորբոնին մեջ, հատկապես հայոց ճարտարապետության մասին կարդացած դասախոսության մը ժամանակ, ուշադրությունը կհրավիրեր մասնագետներու, նորագույն հետազոտություններու և հայտնություններու համեմատ՝ քննել թե, այսուհետև որչա՞փ հավանական կարելի է համարել հայոց ճարտարապետության ուղղակի բյուզանդականեն ազդված ըլլալու կարծիքը:[1] Միևնույն ատեն հարկ կհամարեր քննել թե ինչ չափով Բյուզանդիա օգտված էր հայ ոճեն։

Ես հակվելով բոլորովին այս վերջիններու կողմը, առավելագույն համոզումս եղած է, թե հայ ոճը բնավ չէ ենթարկված արևմտյան ոճերու, մինչև 11-րդ դարու սկիզբը։ Այս դարեն սկսյալ, հազիվ կես դար, արևմտյան ոճերը հայ արվեստին մեջ թեթև հետքեր թողելեն հետո, իսպառ անհայտացած են, միանգամայն տեղի տալով հանկարծական անկման մը՝ որը տևած է ավելի քան մի դար, մինչև նորագույն վերածնություն։

Պատմական տեսակետով ալ դատելով, փոքր ինչ անբնական կթվի ինձ բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը հայոց վրա, քանի որ գիտությունը պարզաբանած է բյուզանդականին կատարելապես Փոքր Ասիո բազմազան ոճերու խառնուրդե մը կազմված ըլլալը, որոնց մեկ երկուքին փոխանցման ուղիղ ճանապարհը Հայաստանն էր յուր անընդհատ և խուռներամ գաղթականություններու միջոցով։

Բյուզանդիայի գահի վրա տասնյակ կայսրներ բարձրացնելու չափ դիրք և ազդեցություն գրավող գաղթականության մը համար, տարօրինակ բան չէ հավատալ, որ անոնք իրենց հետ փոխադրած քաղաքակրթության արժանավորություններու շնորհիվ կարողացած էին շահել իրենց ձայնը քաղաքական գործերու մեջ իսկ։

Բյուզանդական կայսրության անմիջական դրացի երկիրներու մեջ, որոնք հաճախ մնացած են անոր երկարատև թևարկության տակ, գուցե գտնվին անոր ուղիղ ազդեցությունը կրող արվեստագործություններ. այս կողմերը որ Անորիքի և Պարսկաստանի մշտնջենական բաժինը եղած է գրեթե, անոնց արվեստներուն ալ խոր հետքերը հստակ կերպով նշմարելի են մինչև վերջը։

Արևելյան ոճերու ենթարկման այս ընդհանուր հոսանքին մեջ կա սակայն մի ուշագրավ, բայց անհետևանք բացառություն՝ Գառնիի մեջ. ժողովրդական ավանդությամբ Տրդատա թախտ անունով։

Տրդատա թախտը զուտ հունա-հռովմեակտն ոճ ունի և միայն արդյունք է այն կառուցողին ի մանկութենե Հռովմի մեջ ստացած դաստիարակության։[2]

  1. «Բանասեր» հանդես, հրատ. Կ. Յ. Բասմաճեան. Փարիզ, 1906, հատոր 8, № 4։
  2. Թորամանյանի դիվանում գտնվող մի առանձին թղթի վրա այս հարցի մասին գրածը տեղին համարելով դնում ենք այստեղ իբր ծանոթություն։ Կազմող
    • Ճարտարապետության պատմությունով զբաղվող գիտնականներու մեջ, գրեթե ընդհանուր համոզում է որ, արևելյան արվեստների դեպի արևմուտք փոխանցելու ճանապարհը կամ կամուրջը եղել է Հայաստանը: Ժամանակագրապես փաստացի ապացուցված 4-րդ և 5-րդ դարուն կանգնված՝ հուշարձաններ կան Հայաստանի մեջ, որոնց քննությունը ցույց կուտա թե, հայ-ճարտարապետության վրա ներգործության հոսանքների աղբյուրները արևելքում և հարավում կգտնվեին, ոչ թե արևմուտքում, ինչպես կարծում էին ոմանք, հայոց ճարտարապետությունը դեռ հիմնովին չուսումնասիրված: Թեև անվիճելի է մինչև 7-րդ դարու վերջը, ինչպես նաև 10-11-րդ դարերուն. հայ-ճարտարապետության վերածնության շրջանին կանգնված շենքերի մեջ հունա-հռովմեական թեթև գծերի գոյությունը (բացառությամբ Գառնիի Տրդատա հովանոցի, որը խիստ զորեղ կերպով հռովմեական ոճի ազդեցության տակ է), այնուամենայնիվ այդ արևմտյան ոճի ազդեցության շողքերը, ուղիղ գծով Հայաստան մտած լինելը չափազանց տարակուսելի է: Միանգամայն պարզ է որ, արևմտյան ոճերը Հայաստան մտել են Սիրիայի ճանապարհով, իրենց հետ բերելով նաև սիրիական ոճի մի շարք մոտիվներ, որոնք ձուլված ու հայացած են տեղական արվեստագետների քմահաճույքին համեմատ, այնպես որ, մինչև 14-15-րդ դարերը Հայաստանի ճարտարապետության մեջ քաղաքացիություն ստացած արևմտյան ոճի գծերը հազիվ նկատելի են հայ ճարտարապետության ընդհանուր ներդաշնակության մեջ: Ի նկատի ունենալով, հայոց ճարտարապետության վրա, սկիզբեն մինչև վերջ արևելյան ճարտարապետությունների ազդեցությունը, բնականորեն հարց կծագի թե, եթե արևելյան կրոնները խորապես ազդել են հին հայոց կրոնի վրա, և եթե ազդել են, ինչ հետքեր մնացել են այդ խոր ազդեցությունը ապացուցանող, այս մասին պատմական վկայություններ խիստ հատուկտոր են և մի վճռական եզրակացություն հանելու անբավարար: Ուստի, ըստ իս, մատենագրական տվյալների մասին գիտնական ուսումնասիրրություններին զուգահեռաբար պետք է ուշադիր քննել նաև նախնյաց հուշարձանների մնացորդները և անոնց մեջ փնտրել թե, արդյոք Հայաստանում ևս կգտնվին Հայաստանը շրջապատող հին ազգերի մեհյաններին կամ կրակապաշտական տաճարներին համանման շենքերի մնացորդներ, որոնց մեջ պաշտվեցան հին աստվածներ՝ սկսած նախապատմական ժամանակներից գեթ մինչև նոր կրոնների ծագումով հիներին ասպարեզից քաշելը կամ վտարելը»: