Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/65

Այս էջը հաստատված է

կգտնենք ասորվոց ու պարսից մեջ, ոչ միայն գծագրական ձևերով, այլ և շինարարական օրենքներով։

Բայց և այնպես, հայեր, եթե փոխ առան այս մասեր, անոնց հետ իրենց սեփական ստեղծագործությունները խառնեցին զանոնց անճանաչելի դարձնելու չափ օտարացնելով։ Հովվի եկեղեցիին ներքին կողմի վեց գրեթե ամբողջ կիսաբոլոր քարաշեն աղեղներու առանց սյունի դեպի կեդրոն հավաքումը, միշտ պիտի մնա հայ ստեղծագործության պսակը, թեև Կորդովայի հռչակավոր մզկիթին մեճրապը կհիշեցնե այս ձևը, սակայն նախ որ նա կազմված էր փայտով, երկրորդ անոր մեջ աղեղները խաչաձևված են ամենեն բարձր կետը կեդրոնի վերածելով, մինչդեռ Հովիվի եկեղեցիին մեջ կեդրոնը գրեթե մոտ է հավասարվելու, աղեղներու որմասյանց գլխուն վրա հանգչող մասի բարձրության, ինչ որ բոլորովին հակառակ կերպ մը կներկայացնե։ Կորդովայի մեճրապի աղեղներուն ուղիղ նմանություններ կտեսնվին Հախպատի և Ղոշավանքի խաչաձևված կամարներու վրա, որոնք շինված են 13-րդ դարուն մեջ։

Առ այժմ փոխանակ մի առ մի թվելու այն ամենը, զորս հայոց սեփական ոճերու արդյունք համարած եմ, ամփոփ կերպով պիտի բնորոշեմ զայն։

Հայոց ճարտարապետության առանձնահատկությունը կկայանա արտաքուստ մասերի ներդաշնակ դասավորության և գեղեցիկ ու վայելուչ բաղադրության (composition) անվերջանալի կերպերուն մեջ։ Շենքի կմախքներու մեջ պահելով ընդհանուր ձևը, ըստ ժամանակի պահանջման, զարդարանքներ ու բաղադրության և դասավորության մեջ հազվադեպ է տեսնել մեկը մյուսին նմանող օրինակ մը։ Առանց հպատակելու համաչափության օրենքներու, անվերջ մրցեր են մեկզմեկե տարբեր բաներ արտադրելու և մեկզմեկու գերազանցելու համար, և հիրավի, մասնավորապես, վերջին շրջաններու մեջ, անթիվ քանակությամբ իրագործեր են միշտ սիրուն ու վայելչազարդ հիշատակարաններ։

Կմասնավորեմ խոսքս Անիի վրա, ուր եղեր է իմ աշխատությանս գլխավոր կենտրոնը, Անիի մեջ, Կամսարականներու ժամանակեն հազիվ կմնան մի եկեղեցի, պալատին կից և քանի մը հիմեր, պատերու մնացորդներ անոր շուրջը։ Այս մնացորդներն ալ բավական են պարպելու անոնց գեղարվեստական և շինարարական ճաշակը։

Այս առաջին նմուշները բաղդատելով ամենավերջին նմուշներու հետ, Անիի մեջ կտեսնվին երեք զանազան զարգացման և ձեվափոխության շրջաններ, որոնց աոաջինին կպատկանի պալատի եկեղեցին։ Թեև արտաքուստ մասամբ նորոգված, գուցե և վրայի կամարն ալ, սակայն ներքին պատերը, 5-րդեն 7-րդ դարու արվեստագիտական դրոշմը կկրե իր սյուներով, խոյակներով և այլ զանազան զուտ արեվելյան քանդակներով։ Այս շրջանին կպատկանին, եթե չեմ սխալիր, Ղոշավանքի ձորի մեջ ս. Մինաս անվանված եկեղեցին և բլրին վրա ս. Հովհաննես տաճարի հարավային կողմը անանուն մի փոքր մատուռ։ Ապուղամրենց ս. Գրիգորը շատ հեռու չի մնար այս ոճերեն իր միջին տարազով. սա կկրե իր վրա հին արվեստի վերջին շառավիղները և նոր շրջանի արշալույսի ցոլքերը։ Արձանագրության մեջ հիշատակված պատմական անվանմբ մը կհաստատվի, որ այս եկեղեցին շինված է 10-րդ դարու կեսեն հետո, հետևաբար սկիզբը Անիի ճարտարապետական երկրորդ շրջանին։

Երկրորդ շրջանին մեջ, նախկին լուրջ ու ծանր երևույթները սկսած են անհետանալ շինությանց վրայեն, գողտրիկ վայելչություն մը սկսած է զգալի դառնալ անոնց ընդհանուր երևույթին վրա. սկսած են բարակ որմնասյուներ զարդարուն կամարներով միասին պճնել դատարկ պատերը, երկրաչափական գծերով բազմահյուս մանվածոներ իրենց վայելուչ տեղերը գրաված են այդ ընդհանուր ներդաշնակության մեջ և տեղ տեղ մանվածոների մեջ հյուրընկալված են արաբական և պարսկական տերևներու փոքրիկ խառնուրդներ։ Հազիվ մի դար ապրած է այս շրջանը և դեռ չի տված յուր վերջին կատարելագործության պտուղները, ենթարկվեր է վաղահաս ճակատագրական անկման մը 11-րդ դարու կեսին մոտ։

Ալփասլանի տիրապետութենեն անմիջապես հետո, ավելի քան մի դար, գեղարվեստական կյանքը բոլորովին մեռեր է այս քաղաքին մեջ։ Մինչև 13-րդ դարու սկիզբը, ոչ միայն Անիի մեջ, այլ և շրջականերու մեջ իսկ քար քարի վրա դրված չերևիր, ո՛չ պատմական հիշատակություն կա, և ո՛չ ալ շինության մի արձանագրություն, որ այդ շրջանին պատահի, բացի Բագնայրի մեջ մի փոքրիկ մատուռե։ Բացի նորեր շինվելը, եղածներն ալ մեծ մասամբ քանդվեր ու ոչնչացվեր են։

Կուլտուրայի բացարձակ թշնամի տարր մը տիրապետելով միջնաբերդի Բագրատունյաց պալատին, ոչ միայն զայն հոշոտված ու այլանդակված դիակ մը դարձուցեր է, այլև հավաքելով պալատի անմիջական մոտիկ միջավայրի վրա համացեղներու մի ոհմակ, սկսյալ պալատեն մինչև Աշոտի պարիսպը, ամեն բան փճացուցեր են անխնա։ Պատմական ավանդությամբ ծանոթ բազմաթիվ եկեղեցիներեն հազիվ չորս հատի հետքերը մնացեր են, որոնց մին իր վիթխարի փլատակով և բոլորշի հատակագծով, պատմության ծանոթ երկրաշարժե կործանված Ամենափրկիչր ըլլալ կկարծեմ, հին ոճով քանդակներ թափած են մեջը, մասնավոր ուշադրության արժանի են գմբեթին կոնաձև մասին քանդակազարդ ծածկի բեկորները, որուն միակ օրինակը եղած էր Առաքելոց եկեղեցին։ Մնացյալ երեք ավերակներեն մեկը միայն ծանոթ է հիշատակարանով և մյուսները անհայտ են։

Ամբողջ այս ընդարձակ միջավայրին մեջ, հակառակ ամեն տեղե ավելի իր դիրքի գեղեցկության և պալատի մոտավորության, այլևս ոչ մի կարևոր շինության հետքը չկա, ամեն տեղ ցեխով շաղախված խեղճ ու ողորմելի պատերու փլատակներ միայն կտեսնվին։ Հայտնի բան է, որ տիրապետող ստորին տարրի այնտեղ բազմանալեն, հարստահարված հայերը հետզհետե քշվեր են ներքին պարիսպեն դուրս, եղեր է ժամանակ մը, որ այդ մասը զուտ մահմեդական քաղաքամասը կազմեր է, մեկ կողմեն իրեն սահման ունենալով խաներու ապարանքը և մյուս կողմեն մզկիթը կամ Աշոտի պարիսպը։ Հետզհետե այնքան հաստատուն դիրք գրաված կերևին այնտեղ մահմեդականները, որ 13-րդ դարուն Զաքարեի տիրապետության օրով իսկ, որուն հետ կսկսի նաև Անիի ճարտարապետության