Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/67

Այս էջը հաստատված է

հասուցին, այնչափ մեծագործություններ կանգնեցին և կանգնված շենքերին հրաշատեսիլ կերպարանք տվին, որ այդ մեծ արվեստն անվանվեցավ ճարտարապետություն և զանոնք հղացող և իրագործող հազվագյուտ տաղանդները վարձատրվեցան ճարտարապետ պատվանունով։

Եվ հիրավի, շատ ծանր և պատասխանատու էր ճարտարապետի կոչումը, ճարտարապետը ոչ միայն գիտակ պետք է լիներ բազմաթիվ կողմնակի գիտությունների և արհեստների, այլ և պետք է որ շնորհք ունենար բազմաթիվ արհեստավորներու վայելչության և գեղեցկության ճաշակը ներշնչելու, որպեսզի անոնք մղվին դեպի բարձրագույն կատարելություն և ստեղծագործություն իրենց ասպարիզում։

Ոչ մի արվեստի մեջ այնքան բազմատեսակ արհեստավորներու հավաքական գործակցության պետքը զգալի չէ, որչափ ճարտարապետության մեջ. հետևաբար ճարտարապետի տաղանդեն ու գեղագիտական նուրբ ճաշակեն կախված է այդ բազմաթիվ արհեստավորները նպատակահարմար կերպով աշխատցնել և անոնց արտադրությունները գեղեցիկ պատշաճությամբ դասավորել՝ տալով անոնց նաև անսասան հաստատություն։

Մի ուրիշ տեսակետով, ճարտարապետն իր կանգնած շենքի հաստատութենեն և գեղարվեստականութենեն զատ, պարտավոր էր մտածել նաև անոր առողջապահական պայմաններու համապատասխանումը, և կառուցման նպատակի համաձայն գործածության բոլոր հարմարությունները։

Եվ ահա, այս բազմաթիվ պահանջներու պատասխանատու ճարտարապետները, դարուց ի դարս, միշտ հները սրբագրելով, նորերը ավելացնելով կամ ավելորդները պակասեցնելով, ժամանակի ոգույն համեմատ, իրենց ձեռքին ունեցած նյութերը դասավորելով, այսօր մեզ թողեր են իրենց հանճարի չնաշխարհիկ կոթողներր։

Ճարտարապետության ծագումեն մինչև այսօր կրած փոփոխությունները և ստացած կատարելությունները ուսումնասիրելու գործը նույնպես մի մեծ գիտություն է, որուն համար ամեն տարի պետական գանձարաններ մեծամեծ գումարներ կտրամադրեն, հազվագյուտ գիտնականների ուղեղներ կչարչարվեն այս կատարելապես ստեղծագործությանց մեջ, յուրաքանչյուր ազգի ու ցեղի կատարած դերը և պարբերական զարգացման ժամանակաշրջանները և միջավայրերը որոշելու համար։ Եվ պետք է ըսել, որ այս գիտությունն ալ շնորհիվ պետական օժանդակություններու զուգահեռ մասնագետ մեծ գիանականներու հոգնաջան աշխատությանց այնքան առաջ գնաց, որ այժմ բազմաթիվ սխալներ սրբագրված, շատ անստուգություններ պարզված են, և կարելի է ըսել, թե անոր շատ ճյուղերու նկատմամբ, գիտությունը կարողացավ իր վճռական վերջին խոսքն ըսել։

Բայց նյութն այնքան ընդարձակ է, անհետացող դարերու խավարը այնքան թանձր, ավերումներն այնքան բազմաթիվ, ապրող, գործող և անհիշատակ անհետացող ազգեր ու ցեղեր այնքան շատ են, որ դեռ դարերու աշխատանք պետք է հին դարերու ճարտարապետությունը լիովին ուսումնասիրած լինելու համար։ Ազգեր ու ցեղեր կան, որոնք ոչ նվազ դեր ունեցել են երկրագնդի զանազան մասերի վրա այս վսեմ ու չքնաղ արվեստի կազմակերպության մեջ, որոնց ծառայությունները քննելու և ստուգելու համար կամ բնավ ձեռնարկված չեն ճարտարապետության պատմաբանների կողմից և կամ անոնց գոյությունը հազիվ հազ հաստատելու չափ փորձեր եղած են։

Ահա այս ծանոթ մնացածների կարգին մեջ էր նաև հայոց պատմական անցյալի ճարտարապետությունը, որուն գոյությունը մասնավորապես մի դար առաջ, գրեթե առասպելական էր, սակայն շնորհիվ 19-րդ դարու մի քանի եվրոպացի գիտնական ճարտարապետներու քննության և ուսումնասիրության, ոչ միայն անոր գոյությունը ապացուցվեց, այլև հետզհետե կատարված լուրջ հետազոտություններով այսօր, գիտնականների սեղանին վրա իր պատկառելի տեղը բռնեց, անոնք թեև երբեմն հակասական, այնուամենայնիվ որոշ չափով գծեցին ծագման ու զարգացման ուղին և ըստ կարելվույն զանազանեցին օտարն ու սեփական ստեղծագործությունները։

Թեև հայ գեղարվեստի հոյակապ հուշարձաններ համատարած են բովանդակ Հայաստանի մեջ և անոնցմե շատ քիչ բան մատակարարված է գիտնականներին՝ գիտականորեն մշակելու համար, սակայն միևնույն Ժամանակ մխիթարական է տեսնել, որ վերջերս այդ գործը լավ ապագա կխոստանա, շնորհիվ մի քանի արվեստագետների և գիտնականների անխոնջ ջանքերին, որոնք տարիներե ի վեր սկսել են հայ գեղարվեստի զանազան ճյուղերի վերաբերյալ մեծ քանակությամբ նյութեր հավաքել՝ լուրջ ուսումնասիրության համար։

Եթե իշխողին կամ տիրապետող նյութապես ապահովված դասի վայելչությունն ու փառասիրությունը կմղեր դեպի հոյակապ ճարտարապետություն, դեպի չքնաղ գեղարվեստ, այս բարձր դասի ձգտումներին վայելչասիրության օժանդակ կլիներ համայնական մի ուրիշ ավելի մեծ զգացում, մի ավելի սրբազան պահանջ և հսկայական քայլերով կմոտեցներ դեպի գերագույն կատարելություն։ Այդ զգացումր հավատի զգացումն էր, այդ պահանջը, աստ և հանդերձյալի մեջ մարդուն երջանկության աղբյուր և ճակատագրին տեր ամենազոր աստվածների անվան կառուցվելիք տաճարներն էին, որոնք իբրև աստվածությանց բնակարան ավելի գերազանց պետք էր լինեին, քան մարդկանց բնակարանները։ Այն տաճարների մեջ, մարդ արարածը, թագավորեն սկսած մինչև հետին ստրուկը հարաբերության պիտի մտներ կղերների միջնորդությամբ, զիրենք ստեղծող աներևույթ էությանց հետ, ուր առատորեն պիտի բաշխվեր հատուցում և շնորհ, այնտեղ պիտի փառավորվեր թագավորը քաջություն և իմաստություն ստանալով աստվածներեն, որոնց մարմնավոր ներկայացուցիչն էր աշխարհի վրա։ Այնտեղ պիտի բողբոջեր ու աճեր կարոտյալներու և տառապյալներու սրտին մեջ ներկա կյանքի հաջողությանց և հանդերձյալ հավիտենական կյանքի անսպառ երջանկության գեղածիծաղ հույսը։ Այնտեղ պիտի մխիթարվեր ճակատագրապես դժբախտության մատնված վշտաբեկ հուսահատը։ Վերջապես աստվածային տաճարները համայնական երջանկության ամենամեծ օջախներն էին, որոնց